Ուզում եմ հանդիպել կյանքս փրկած բժշկին

Ուզում եմ հանդիպել կյանքս փրկած բժշկին

Երիտասարդ կինն անսպասելի վատ էր զգացել։ Բարեբախտաբար այդ պահին մոտը մարդ էր եղել, որը շտապօգնություն էր հրավիրել։ Բարեբախտաբար բժիշկները ժամանակին էին հասել եւ բարեբախտաբար շտապօգնության բժիշկը եզակի մասնագետ էր եղել, ով ամեն ինչ արել էր կնոջ կյանքը փրկելու համար։ Ավելի ուշ հարազատները պատմել էին, որ եթե շտապօգնության բժիշկը չլիներ՝ հաստատ չէր փրկվի, որովհետեւ մի քանի անգամ սրտի կանգ էր գրանցվել եւ բժիշկը ծայրահեղ օպերատիվ, ճշգրիտ ու սրտացավ էր գործել։ Հիվանդանոցում էլ կլինիկական մահ տեսած կնոջն ասել էին, որ նման դեպքերում 10 հազարից մեկն է փրկվում։ Այնպես որ իր երկրորդ ծննդի համար պարտական է շտապօգնության բժշկին, որի դեմքն անգամ չէր տեսել հիվանդը։ Հիվանդանոցից ասել էին՝ քո փրկիչը Վահե Ռոբերտի Դանիելյանն է։



Վերջին շրջանում բժիշկներին միայն քննադատում են, նրանց սխալները ներկայացնում, ուստի լսելով այս պատմությունը Hraparak.am-ը որոշեց գտնել երիտասարդ բժշկին։ Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բժիշկ Վահե Դանիելյանը չհիշեց տիկին Անահիտին, քանի որ այդպիսի դեպքեր աշխատանքում հաճախ են պատահում: «Այժմ ինքս եմ ուզում իր հետ հանդիպել, հետաքրքիր է, որ իմ հիվանդը ցանկանում է ինձ հետ հանդիպել և շնորհակալություն հայտնել»։ Վահեի հետ մի քանի օր է` փորձում ենք խոսել, սակայն դժվար է հաջողվում, նրա գիշեր-ցերեկը խառնված է իրար՝ հերթապահություների պատճառով, հարցազրույց տալու համար էլ ժամանակ չունի, հիվանդները շատ են: Ամեն դեպքում կարողացանք զրուցել բժշկի հետ:



Վահեի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9։00-ին և ավարտվում հաջորդ օրը նույն ժամին, հերթապահում է երեք օրը մեկ: «Շտապօգնությունից» բացի` աշխատում է հիվանդանոցներից մեկում: Բժիշկ դառնալով էլ` իրականացրել է եղբոր երազանքը: «Եղբայրս, երբ մահացավ երկրաշարժի ժամանակ, ես որոշեցի, որ պետք է իրականություն դարձնեմ իր ցանկությունը, և մարդկանց օգնեմ»։ Վահեն սիրում է իր աշխատանքը, չնայած դժվարություններին: Իսկ դժվարություններից մեկն էլ այն է, որ շփվում ես տարբեր բնավորություններ ունեցող մարդկանց հետ: Բայց նա լավ գիտի իր նպատակը` ամեն գնով փրկել մարդկանց կյանքը: «Յուրաքանչյուր բժիշկ պետք է բարեխղճորեն կատարի իր աշխատանքը, մեր շարքերում, իհարկե, կան մասնագետներ, որոնք այդքան էլ նվիրված չեն իրենց գործին, բայց կարծում եմ՝ շատ քիչ տոկոս են կազմում նրանք»,-ասում է բժիշկը։



Շատ է սիրում մասնագիտությունը, երբեք չի թողնի այն, սակայն կարծում է, որ կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը ցածր է. «Բայց քանի որ ուրիշ աշխատանք գտնելը դժվար է, և թեկուզ ծանր է, բայց աշխատում ենք, որ կարողանանք մեր ընտանիքները պահենք»։



Աննա Պապիկյան