Կեսգիշերին կրակոցներ են սկսվել, այժմ վիճակը հանգիստ է

Կեսգիշերին կրակոցներ են սկսվել, այժմ վիճակը հանգիստ է

Անցած գիշեր և այսօր առավոտյան աննախադեպ լարվածություն է արձանագրվել նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ իրավիճակը խաղաղ է, կրակոցներն էլ սովորական են դարձել. «Լարված վիճակ սահմանին չկա»: 



«Կեսգիշերին կրակոցներ են սկսվել, տեւել է մոտ 2 ժամ, այժմ վիճակը հանգիստ է», -ասաց Կոթի Համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը: Վիրավոր զինծառայող Զորի Աշրաֆյանի առողջական վիճակի մասին էլ գյուղապետը նշեց՝ լուրջ վնասվածք չի եղել. «Կարծեմ՝ հիվանդանոց պառկելու անհրաժեշտություն էլ չի եղել։ Վերքը մշակել են, մակերեսային վնասվածք է եղել»



Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը եւս տեղեկացրեց, որ լարվածություն չկա. «Մեկ-մեկ կրակոցներ են լինում, այն էլ մեզ անհանգստացնելու համար, իսկ այս պահին ոչ մի կրակոց»: 



Հավելենք, որ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.): ՀՀ զինված ուժերը, դրսևորելով զսպվածություն, շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:



Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ադրբեջանական զինուժի կրակից Բերդի սահմանագոտում վիրավորվել է Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Ադամյանը: Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը Hraparak.am-ին տեղեկացրեց, որ վնասվել է Արթուրի թոքը, նրան վիրահատվել են: Բերդի բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է. «Վիրահատությունը նորմալ է անցել, բայց կտեղափոխենք Երեւան»:



Նելլի Կարապետյան