Լավ կլիներ մեր ղեկավարներն այս ամենից դաս քաղեին. Արմեն Դուլյան

Լավ կլիներ մեր ղեկավարներն այս ամենից դաս քաղեին. Արմեն Դուլյան

«Իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձել է հարձակվել և միգուցե նրանք կանցնեին, ավելի շատ բաներ կգրավեին, եթե չլիներ ղարաբաղցիների հակահարվածը: Սա է, թե մնացածն ինչ է, դա արդեն ենթադրությունների ոլորտից է, ու դրա համար որևէ մեկին չեմ կարող մեղադրել».- Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիային հանդիպեցինք հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին:



Նշենք, որ ակցիան իրականացվում էր որպես բողոքի ցույց ընդդեմ այն կառույցների թերացած աշխատանքի, որոնք ներգրավված են Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը լուծելու համար:



«Ռուսաստանի դիրքորոշումն իրոք շատ տարօրինակ է, անհասկանալի է: Մենք էլ այդ միջազգային կազմակերպությունների անդամ ենք կոնկրետ և ԱՊՀ-ի, և ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության: Ինձ համար անհասկանալի է, հենց դրա համար էլ ես եկել եմ բողոքի, եթե մենք այդ կազմակերպությունների անդամ ենք, ու մենք ոչ մի բան իրենցից չենք ստանում, օգուտ չկա, ինձ վրա կրակում են, իրենք ասում են սուս մնացեք, զուսպ մնացեք և այլն… ես չեմ հասկանում ինչի՞ համար են ընդհարապես այդ միջազգային կազմակերպությունները, որոնցից ես ընդհանրապես երբեք որևէ օգուտ չեմ տեսել».- նշեց Արմեն Դուլյանը, զարմանք հայտնելով, որ այդ միջազգային կառույցներում աշխատող բազմաթիվ մարդիկ կան, որոնք հսկայական գումար են աշխատում, բայց նման գործընթացների ժամանակ որպես այդպիսին օգուտ չկա:



«Երբ մենք ընտրություններ ենք անում, ընտրությունները կեղծվում են ակնհայտորեն, իրենք ասում են՝ շատ լավ էր, մի քայլ առաջ էր, որն ինձ համար տարօրինակ է: Այսինքն՝ նաև այդ դեպքում իրենցից ոչ մի օգուտ չկա: Երբ իմ, կամ հայրնակիցներիս վրա կրակում են, էլի իրենցից օգուտ չկա: Այդ միջազգային կազմակերպությունները, որոնց աշխատակիցները, ես գիտեմ, այնտեղ ընկերներ ունեմ, հսկայական գումար են ստանում, բացի դրանից տան վարձը տալիս է այդ ԵԱՀԿ-ն, կամ Եվրամիությունը, կամ Եվրախորհուրդը, երեխաների ուսանելու վարձը տալիս են, և ես չեմ հասկանում այդ փողը, որ նրանք ստանում են, իսկ ես ոչ մի օգուտ դրանցից չունեմ, ո՞րն է այդ միջազգային կազմակերպությունների իմաստն ընդհանրապես»:



Այս օրերի ընթացքում մարդկանց մոտ արդարացիորեն հարց առաջացավ, թե ո՞ւր են այն գումարները, որ պետք է բանակ գնային, կամ ինչո՞ւ այդքան տարիների ընթացում նորմալ բանակ չենք կազմավորել, որ պետք է կամավորական ջոկատները գնան Արցախ. «Եթե ավարտվել է ամեն ինչ, կարելի է բանակի հասցեին ինչ ուզում եք ասել, երբ որ բանակը գործում է, այդ պահին երբեք չի կարելի ոչ մի բան ասել, որովհետև դա պարզապես մեր անվտանգության հետ է կապված: Ես էլ մի ժամանակ պաշտպանության նախարարությունում եմ աշխատել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Եվ այն ժամանակ էլ, երբ քննադատում էին, ես ասում էի՝ սպասեք, թող պատերազմն ավարտվի, հետո, սա նոր ստեղծվող բանակ է, չի կարելի միանգամից նորածին երեխային քննադատել: Այնպես որ, այստեղ պետք է տարբերակել այդ բանը: Մենք գիտենք, որ ամեն ինչ այդքան լավ չի բանակում, ինչքան որ ներկայացնում են, դրա համար գտնում եմ, որ եթե մարդիկ բողոքում են դրա դեմ, ուրեմն շատ էլ ճիշտ են բողոքում, և լավ կլիներ այդ բանակի ղեկավարները և ընդհանրապես մեր ղեկավարները այս ամենից լավ դաս քաղեին, և մենք սկսեինք ուրիշ ձևով ապրել, ավելի արդար և ազնիվ ապրել»:



Կարծում եք այս իրադարձություններն ինչ-որ կերպ կազդե՞ն մեր հետագա պետականաշինության վրա. «Ես հույս չունեմ, ես ելնում եմ փորձից, ինչ ուզում է եղավ, միևնույնն է, որևէ բան չի փոխվում այստեղ, մանավանդ այն դեպքում, երբ մի ուժը 15 տարի է մնում է և մենք որևէ փոփոխություն չենք տեսնում, դրա համար ես որևէ հույս չունեմ, որ առաջիկա տարիներին որևէ բան կփոխվի»:



Սիրան Հունանյան