22 տարի անկախությունն ու խաղաղությունը մսխեցինք. Միքայել Աջապահյան

22 տարի անկախությունն ու խաղաղությունը մսխեցինք. Միքայել Աջապահյան

Րոպեներ առաջ Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության եթերում իր հեղինակային «Եղիցի լույս» հաղորդաշարի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին տեղի ունեցած կտրուկ սրացմանն ու մարտական գործողություններին: Սրբազանը նախ նշեց, որ հակառակորդը չարաչար պարտություն է կրել ու սխալվել իր հաշվարկների մեջ, քանի որ հույս ուներ, որ ավազակի նման գիշերով նախահարձակ լինելով, կարող էր անակնկալի բերել եւ խուճապի մատնել սահման պահող հայ զինվորին, սակայն երբեք չէր կարող պատկերացնել, որ գործ ունի հայ զինվորի հետ, հայ երիտասարդի հետ, որն ընդունակ է սխրանքներ գործելու նույնիսկ պակաս զինամթերքի պայմաններում եւ սեփական կյանքը զոհելու, սակայն եւ ոչ մեկ թիզ չնահանջելու: Սակայն նաեւ Միքայել Սրբազանը շեշտեց, որ պետք է բացառվեն բոլոր թերությունները ,որ մարտական գործողությունների ընթացքում նկատվեցին հայկական զինված ուժերում եւ եթե այս անգամ եղավ այնպես, որ փամփուշտը պակասեց, ապա պետք է բացառել նման իրավիճակի հետագա կրկնումը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:



«Մեր սերունդն այո սկսեց Արցախի ազատագրման պայքարը, սակայն մենք չկարողացանք պահել հաղթանակը, որովհետեւ մենք ոտքերով դեռ սովետական ժամանակներում էին, եւ հիմա ժամանակն է, որպեսզի մեր կիսատ թողած գործը այսօրվա երիտասարդությունը հասցնի ավարտին, եւ պետք է ասեմ, որ ունենք փայլուն երիտասարդություն եւ բանակ, որի համար հպարտ եմ: Թեեւ նաեւ պետք է ասեմ, որ այս խախուտ խաղաղությունը մենք շատ մսխել ենք, քսաներկու տարի մսխել ենք անխնա կերպով եւ կարող էին քսաներկու անգամ ավելի հզոր լինել, քան ենք այսօր»,- նշեց Միքայել սրբազանը:



Անդրադառնալով քրիստոնյա աշխարհի արձագանքի կամ դրա բացակայությանը վերաբերող հարցին, Միքայել Սրբազանը նշեց, որ քրիստոնյա աշխարհ որպես այդպիսին գոյություն չունի, կան միայն քրիստոնյա համարվող կամ իրենց քրիստոնյա համարող պետություններ, որոնց չարձագանքելու պատճառը դեռ ասել է Չերչիլը, թե «Մոսուլի նավթը ավելի թանկ կշռեց, քան հայի արյունը». «Հիմա արդեն Մոսուլի նավթը չէ, Բաքվինն է, սակայն իրավիճակը նույնն է, սակայն նավթը հավիտենական չէ, իսկ հայը հավիտենական է»: Խոսելով այն մասին, թե այն պահին, երբ մարդիկ առաջնագիծ են պահում, կան նաեւ մարդիկ, որ գալիս են գազի կամ լույսի անջատումներ են անում փող չունենալու պատճառով չվճարելու համար, Սրբազանն նախ ասաց, որ նման մարդկանց ազգային ծագմանը ինքը խիստ կասկածում է, եւ չի բացառում, որ նման մադկանց նախնիները ինչ-որ ժամանակ դարեր առաջ խառնվել են մեր ոչ ու բարով հարեւաններին, ապա նաեւ հորդորեց «խելոք մնալ» ինչպես նաեւ նշեց, որ նման հային ոչ հարիր որակներով մարդիկ իրենց պահում են այդպես, որովհետեւ անպատիժ մնալու հարցում ապահով են: Սրբազանը նկատեց, որ օրենքի պատժից բացի կա նաեւ հասարակական պարսավանքի պատիժը, որը շատ ավելի խիստ է, քան օրենքի պատիժը:



Խոսելով ադրբեջանական բանակի մասին` Աջապահյանը նշեց, որ ադրբեջանական բանակ չկա, կա ադրբեջանական հրոսակ, քանի որ բանակը խաղաղ բնակչին չի սպանում, 90-ամյա պառավին չի սպանում, ականջները չի կտրում եւ որպես ավար չի տանում, այլ կռվում է միայն զինվորի եւ տեխնիկայի դեմ: «Իսկ ադրբեջանցիների պահվածքը ցույց է տալիս, որ կա հրոսակ, որը կույր ատելությամբ է լցված Հայաստանի եւ հայերի հանդեպ»,-ասաց Սրբազանը, ով ծառայել է Արցախում եւ Արցախն իր համար հարազատ տարածք է:



Ամփոփելով իր խոսքը, իր հպարտությունը հայտնեց կրկին նաեւ գյումրեցիների եւ շիրակցիների այն ինքնաբուխ աջակցությամբ որոնք եկեղեցու հովանու ներքո Հայորդաց տան եւ Սոց կրթական կենտրոնի միջոցով կազմակերպվեց եւ քառասուն տոննա օգնություն գնաց սահման առսջնագիծ: