«Արժանապատվության» երթեր. մեկը Ռուսաստանի դեսպանատուն, մյուսը՝ նախագահական

«Արժանապատվության» երթեր. մեկը Ռուսաստանի դեսպանատուն, մյուսը՝ նախագահական

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ակտիվացած ռազմական գործողություններից ի վեր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը դարձել է բողոքի ակցիաների թեժ կենտրոններից: Արդեն 2 բողոքի ակցիաներ են տեղի ունեցել այնտեղ, որոնցից մեկը՝ ադրբեջանցիներին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով, մեկն էլ՝ ազատ արձակել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի պահանջով: Վաղը տեղի կունենա երրորդը, որը համընկնում է Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովի այցի հետ:



Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ. «Ապրիլի 21-22 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանում է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանը: Գիտակցելով պահի լրջությունը և ԶԼՄ-ներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար, ապրիլի 21-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից երթով շարժվելու ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարություն և ՌԴ դեսպանատուն՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընդառաջ հնչեցնելու մեր պահանջները».- գրված է հայտարարության մեջ:



Ցույցի մասնակիցները հայտարարելու և պահանջելու են՝ Հայաստանը և Արցախը Ադրբեջանին որևէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն: Արցախի խաղաղության և անվտանգության միակ ապահովող եղել է և պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին և այլոց պաշտպանելու համար:  Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ: Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը:  Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ:



Ապրիլի 22-ին տեղի է ունենալու ևս մեկ բողոքի ակցիա, սակայն հասցեատերն այս անգամ Բաղրամյան 26-ում է: Մենք զինվորի կողքին ենք- Երթ դեպի Բաղրամյան 26. «Մենք պահանջում ենք Բաղրամյան 26-ից պետբյուջեից անհապաղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին և ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Խաչատուրովին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը: Պաշտոնապես հայտարարել, որ Բ26 դեմ է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը և տարածքային որևէ զիջումների չի գնալու: Նշված ցանկում ընդգրկված օլիգարխներից յուրաքանչյուրին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, այդ թվում՝ Սաշիկ Սարգսյան, Միքայել Մինասյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Կճոյան, Գագին Բ կաթողիկոս, Դավիթ Հարությունյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Մայրապետյան, Արմեն Գևորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան, Ֆլեշի Բարսեղ, Նարեկ Սարգսյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան, Սուրիկ Խաչատրյան, Հրանուշ Հակոբյան, Արթուր Ջավադյան, Խաչատուր Սուքիասյան, Վարդան Օսկանյան, Գորիկ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Գագիկ Հարությունյան, Ռոբերտ Նազարյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, Աշոտ Աղաբաբյան, Էդուրադ Շահմազանով, Արմեն Աշոտյան, Բաբլոյան, Արթուր Բաղդասարյան, Լյովա Խաչատրյան, Կարեն Կարապետյան, Սամվել Նիկոյան, Գագիկ Ջհանգիրյան, Հովհաննես Սահակյան, Սերգո Կարապետյան, Դավիթ Լոքյան, Միհրան Պողոսյան և ուրիշներ (ընդհանուր 50 հոգի՝ ընդհանուր 250 մլն ԱՄՆ դոլար)»: