Ժողովրդի որակներից պետք է սկսել

Ժողովրդի որակներից պետք է սկսել

Երբևէ որևէ մեկը մտածե՞լ է՝ քանի կոպեկ արժե 10 հազար դրամը։ Այն 10 հազարը, որը մենք վերցնում ենք, որ ձայն տանք ինչ-որ մեկին, որ 14 տարի հետո էլի շարունակի մեզ կառավարել։ Օրինակ՝ երեկ Հրազդանի ընտրություններում նորից հաղթած ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին։ Նրա անունը երբեք հանրությանը հայտնի չէր լինի, եթե մենք՝ հասարակ քաղաքացիներս, այդքան մեծ տենչանքով լցված չլինեինք այդ 10 հազար դրամանոցների հանդեպ։ Որկրամոլությունից, էժան հաճույքներից, մի տեղ գառաժի ու խանութի տեղ անելուց, այդ երկու կոպեկի հանդեպ անհարգուրդ մոլուցքից բացի՝ մեկ էլ զուտ հարազատական կապը կարող է ստիպել ձայն տալ մեկին, ում չես ուզում։ ՀՀ քաղաքացին ունակ է ընդամենը 10 հազար դրամով կտրուկ փոխել իր ցանկությունը։ Մենք ՀՀԿ-ին չենք ուզում, բայց մի օրվա ընդմիջման փողով հանկարծ սկսում ենք և՛ ուզել, և՛ սիրել ՀՀԿ-ին էլ, նրա թեկնածուներին էլ։ Այս տասը հազարով մենք անգամ մեկ օր կուշտ փորով հաց չենք ուտի։ Բայց վերցնում ենք, որ ուրիշները տարիներով քեֆ անեն մեր հաշվին։



Երբ որևէ մեկը մեզ հայհոյում է, հայի թասիբը դրդում է մեզ գնալ ու սպանել նրան՝ հայհոյողին։ Այո, հայհոյելու համար մենք ունակ ենք մարդ սպանել։ Իսկ երբ մեզ գնում են 10 հազար դրամով՝ տառացիորեն մեզ հայհոյանքի տակ դնելով, մեզ ամենավերջին ու ամենաէժան անբարոյականը դարձնելով, մենք դա ներում ենք։ Եթե մեզ ասեն՝ քեզ տալիս եմ 10 հազար դրամ, գնա հայհոյիր քո հարազատին, քո ծնողին, կտանք էդ ասողին կսպանենք։ Իհարկե կսպանենք։ Բայց երբ մեզ տալիս են 10 հազար դրամ ու հասկացնում, որ ևս հինգ տարի այդ 10 հազարով քեզ և քո ընտանիքի անդամների հետ ինչպես ուզենք՝ վարվելու ենք, մենք դա սիրով ընդունում ենք։ Հետաքրքիր է, որ մի օր թուրքը գա ու թեկնածություն առաջադրի՝ ղեկավարելու մեզ, մենք նորից այդ 10 հազարը կվերցնենք ու կընտրե՞նք նրան... ո՞վ իմանա։ Ասում են՝ 5 կամ 10 հազարով ձայնդ վաճառելն ամենաէժան մարմնավաճառությունն է։ Գուցե։ Բայց 10 հազարով իր ձայնը վաճառողը 10 հազարով իր մարմինը վաճառողից էլ անշահեկան ծառայություն է մատուցում։ Թեպետ մարմնավաճառների ավելի թանկ տեսակներ էլ կան։ Բացի այդ, մարմնավաճառը գոնե իր մատուցած ծառայության դիմաց անկողնում հաճույք է ստանում։ Հա՛մ փող է աշխատում, հա՛մ հաճույք է ստանում։ Իսկ մենք 10 հազարը վերցնում ենք ու այդ 10 րոպեի հաճույքն էլ չենք ստանում, փոխարենը՝ ուղիղ 5 տարի ուրիշներն են մեր հաշվին հաճույք ստանում։



Ի դեպ, մարմնավաճառները շատ թասիբով գործարարներ են։ Նրանք իրենց արժեքը լավ գիտեն։ Երբեք 10 հազարով մի անգամից ավել չեն «տա» քեզ։ Էլի՞ ես ուզում, վճարիր ևս 10 հազար։ Իսկ մենք այդ մի 10 հազարով հինգ տարի ամեն օր «տալիս» ենք այս իշխանություններին։ Դրա համար մենք դեռ պետք է կարողանանք ինքներս մեզ փոխել: Մենք պետք է բարձրացնենք մեր պլանկան այնքան, որ գոնե ճիշտ մարմնավաճառի «արժանապատվությունն» ունենանք, հետո այս իշխանություններից որևէ բան պահանջենք։



Խնդիրը ՀՀԿ-ն կամ Արամ Դանիելյանը չէ։ Խնդիրը մեր որակների մեջ է։ Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք ու գտնենք դրա պատասխանը՝ ի՞նչն է ստիպում մեզ 10 հազար դրամով վաճառվել։ Նման էժան ու անշահավետ առևտուր որևէ բիզնեսում չկա։ Մենք պետք է գտնենք այդ հարցի պատասխանը, հետո ստիպենք մեզ՝ ջնջել այդ հարցը մեր գիտակցությունից։ Այլապես մեր ձեռքով կկործանենք մեզ՝ իրականացնելով մեր թշամիների երազանքը։ Գիտե՞ք քանի հոգի է մոտս հայհոյել այս իշխանություններին։ Հետո գիտե՞ք քանի հոգի է այդ նույն հայհոյողներից հաջորդ օրը ձայն տվել այդ նույն իշխանություններին, հետո քսմսվել այդ նույն իշխանավորներին, սողացել նրանց առաջ։ Հետո նորից, երբ վարկի մարման օրն է եկել կամ մի հարցով դիմել է, չեն օգնել, հիշել է էլի հին հայհոյանքներն ու յոթը պոռտը նախշել այդ նույն իշխանություններին։ Հետևաբար, ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ի թեկնածուներն ի՞նչ մեղք ունեն, որ մենք այսպիսին ենք։ Հրազդանում կիրակի օրը ում տեսնում էինք՝ բողոքում էին և՛ երկրի, և՛ իրենց քաղաքի իշխանություններից, երազում էին՝ Դանիելյանը հեռանա։ Օրվա վերջում նրանք Դանիելյանին նորից փաթաթեցին իրենց վզին, որ ևս հինգ տարի բողոքեն ու հայհոյեն։



Նրանց կողքին, իհարկե, նաև պայքարող, ազնիվ, իրենց 10 հազար դրամները արդար ճանապարհով կերտելու պատրաստ աննկուն հատված կար։ Նրանք այդ օրը մինչև գիշեր պայքարեցին հանուն արդարության, հանուն ազնիվ քվեների, հանուն ապագայի, որը փչացրեցին «10 հազար դրամանոցները»։ Փչացրեցին ևս հինգ տարով, բայց չմարեցին, չոչնչացրին այդ ապագան իսպառ։ Այդ երիտասարդները, տարեց մարդիկ այդ օրը ազգի մի ուրիշ որակի մասին էլ զգացնել տվին, նրանք իրենց գնով բարձրացրին նաև մյուսների՝ այդ «10 հազարանոցների» արժեքը։



Ասում են՝ հավասարապես մեղավոր են և՛ կաշառք տվողը, և՛ վերցնողը։ Կներեք, բայց 15 տարի անընդհատ կաշառք բաժանող իշխանությունները որևէ մեղք չունեն։ Նրանք այդպիսին են։ Չասեմ՝ սրիկա են, տականք են, ստոր են, անգամ վատն են։ Ուղղակի այդպիսին են։ Մենք արդեն հասցրել ենք այս իշխանություններին ուղն ու ծուծով լավ ճանաչել։ Հետևաբար՝ նրանցից բողոքելու և նրանց փոխելու խնդիր չունենք, որովհետև մենք չենք ուզում, որ նրանք փոխվեն։ Մենք մեզ ճանաչելու, մեզ փոխելու խնդիր ունենք։ Եթե մենք տարիներ ի վեր կարող ենք մեզ թույլ տալ ու այս իշխանություններից, ում մենք ամեն օր հայհոյում ենք, կաշառք վերցնել ու նորից ձայն տալ, ուրեմն մենք մեզ վերաիմաստավորելու, նորովի գնահատելու լուրջ կարիք ունենք։ Հազարամյա մշակույթ, պատմություն, արժեքներ, դրանք բոլորը սուտ բաներ են։ Մեր մշակույթն ու արժեքը 10 հազար դրամն է։ Սա՛ է մեր ազգային որակը՝ Կոմիտաս, Նարեկացի, Արամ Խաչատրյան... ու 10 հազար դրամ։ Այս տասը հազար դրամով մենք ևս հինգ տարով կտրում ենք մեր լեզուն և լեզու դնում ՀՀԿ-ի և Արմեն Աշոտյանի բերանը։ Աշոտյանի, որ մեզ ասի՝ ո՞ւր է փաստը, որ մենք կաշառք ենք բաժանել, ՀՀԿ-ի, որ հետո մեզ լռեցնի՝ ես քո հինգ տարվա գինն արդեն վճարել եմ, այլևս ինձանից պահանջելու բան չունես։ Իսկ գուցե իսկապե՞ս որևէ 10 հազար էլ չեն բաժանել, ու հրազդանցին իսկապես, ազնիվ մղումներով ցանկացել է, որ Դանիելյանը վերընտրվի։ Դա էլ է ազգի, այս դեպքում՝ հրազդանցու որակների մասին խոսում։ Ուրեմն՝ թող բարով վայելեն իրենց «նոր» քաղաքապետին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ