Օսկանյանի անհամախումբ «Համախմբում»-ը

Օսկանյանի անհամախումբ «Համախմբում»-ը

Ընտրական օրենսգրքի քվեարկությունը դարձավ «Համախմբում» կուսակցության առաջին փորձությունը։ Երեկվանից քաղաքական կուլիսներում խոսում են իշխանության եւ «Համախմբման» համախմբված գործողությունների մասին եւ այն մասին, որ խորհրդարանում այս կուսակցության չորս պատգամավորներից միայն Վարդան Օսկանյանը դեմ քվեարկեց։ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը չքվեարկեցին, թեպետ քննարկումների ժամանակ խիստ քննադատական ելույթներ ունեցան։ Էլինար Վարդանյանին մեր լրագրողը հարցրել է, չքվեարկեցիք, որպեսզի իշխանությունը միջազգային կառույցներին հնարավորինս պակաս «դեմ»-երով ԸՕ ցույց տա՞, Վարդանյանը պատասխանեց, որ ավելացնելու ոչինչ չունի, քան երեկ պատգամավորների քառյակի անունից տարածված հայտարարության մեջ է ասված։ «Մենք դեմ ենք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից վիճահարույց համարվող դրույթների առկայությամբ օրենքի ընդունմանը», ասվում է հայտարարության մեջ ու հիշեցվում, որ քվեարկությունն իրականացել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ, քանի որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն չտրվեց պատգամավորներին քվեարկությունից առաջ հանդես գալ վարման կարգով: Մեր ճշտող հարցին, որ Վարդան Օսկանյանն այդուհանդերձ դեմ է քվեարկել, Վարդանյանը կրկին հղում արեց հայտարարությանը։