Մարդ, որն ինձ մեղադրում է հիվանդ լինելու մեջ, ինքը պետք է առողջ լինի

Մարդ, որն ինձ մեղադրում է հիվանդ լինելու մեջ, ինքը պետք է առողջ լինի

Հայաստանյան մամուլին առնչվող ամենածեծված ու չարչրկված հարցերից մեկն է՝ մեզանում մամուլն ազա՞տ է, թե՞ ոչ։ Այս հարցն ամեն տարի տալիս ենք, ամեն տարի նույն պատասխանն ստանում, ու էլի ոչինչ չի փոխվում։ Երեկ փորձեցինք այս հարցի շուրջ լսել ՀՀ վերջին երկու նախագահների մամուլի խոսնակների կարծիքը։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, ինչպես միշտ, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Նրա ղեկավարը՝ Սերժ Սարգսյանն էլ լրագրողների հետ շփվելու սեր չունի, իսկ եթե շփվում է, ապա միայն՝ «ընտրյալների» հետ։ Հրապարակային միջոցառումների ժամանակ էլ թիկնապահները թույլ չեն տալիս մոտենալ ու հարց տալ։ Առհասարակ, նախագահական ապարատում մամուլի հետ «բարեկամություն» չեն անում։



Թեպետ գործող նախագահի օրոք հեռուստաընկերություններ չեն փակվել եւ խմբագրություններ ջարդուփշուր չեն արվել, եւ լրագրողներին ծեծելու դեպքերն էլ նվազել են, բայց ԶԼՄ-ների ազատությունը շատ չի ավելացել։ Կապ հաստատեցինք նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, որը համաձայնեց մեզ հարցազրույց տալ Ռ. Քոչարյանի գրասենյակում։ Նա մեզ դիմավորեց ոչ պաշտոնական հագուկապով, հարմար տեղավորվեց դիմացի աթոռին ու պատասխանեց գրեթե բոլոր հարցերին։



- Ո՞րն է ազատ մամուլի չափանիշը, ի՞նչ դրսեւորումներ պետք է ունենա մամուլը, որ ազատ համարենք։



- Գիտե՞ք, փիլիսոփայականին մոտ հարց է, որովհետեւ հարցին լիարժեք պատասխանելու համար ես ինքս մի քանի հարց պետք է տամ։ Արդյոք այն մամուլը, որը, օրինակ, ներկայանում է ազատ, իրո՞ք ազատ է։ Երկրորդը. ի՞նչ է նշանակում՝ ազատ։ Ամեն ինչից ազատ չի լինում։ Երրորդը. արդյոք այն ֆինանսական միջոցները, որ գոյություն ունեն, եւ մամուլի միջոցների այն քանակը, որ գոյություն ունի, իրար համապատասխանո՞ւմ են։ Ես վախենամ, որ էդպես չէ։ Երբ որ մենք էդ բոլոր չափորոշիչները կունենանք, ես կկարողանամ ասել։ Կամ, ընդհանրապես, ազատ մամուլը ո՞րն է։ Մարդ, որն ինձ մեղադրում է հիվանդ լինելու մեջ, ինքը պետք է առողջ լինի։ Հիմա մեզ մոտ հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից, չգիտենք։ Կա էսպիսի պնդում, որ ավտորիտար իշխանությունը կոռումպացված է, ստեղծում է ոչ ազատ մամուլ։ Բայց հետո էդ ոչ ազատ մամուլը նպաստում է էդ իշխանության վերարտադրությանը կամ վատթարացմանը։



- Ընդունենք, որ նույնիսկ տեսականորեն դժվար է հասնել մամուլի լիարժեք ազատության կամ անկախության։ Բայց եթե համեմատենք՝ Քոչարյանի ժամանակ մամուլի ազատության աստիճանն ավելին չէր, քան հիմա։



- Չենք կարող համեմատել, որովհետեւ բազաները բոլորովին տարբեր են։ Ես մամուլի քարտուղար եմ եղել եւ աշխատել եմ չորս ինտերնետային կայքի հետ։ Չկար ավելին, Ֆեյսբուք չկար։ Բազային տարբերություններն այնքան մեծ են, որ Դուք հիմա մտնեք համեմատությունների մեջ, սխալ եզրակացությունների եք հանգելու։ Ես Ձեզ որպես գիտնական եմ ասում։



- Յուրայիններ եւ օտարներ չե՞ն եղել։ Ընդդիմադիր թերթեր կային, որոնք մուտք չունեին նախագահական, անհասանելի էիք Դուք նրանց համար, «սեւ ցուցակում» էին։



- Բացառվում է նման բան, չի եղել «սեւ ցուցակ»։ Ցույց տվեք մի լրագրող, որը Ձեզ կասի, որ ինձ զանգել է, չեմ պատասխանել։



- Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին սպանվեց Տիգրան Նաղդալյանը, փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, մտան ու ջարդուփշուր արեցին «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը, փորձում էին դատել լրագրողների։ Սրանք մեղադրանքներ չեն, փաստեր են, որոնք տեղի են ունեցել երկրորդ նախագահի կառավարման տարիներին եւ այլն։ Սրանք խոսո՞ւմ են տվյալ իշխանության օրոք մամուլի ազատ լինելու մասին։



- Նախ Ձեզ համար պարզեք, խնդրում եմ, Տիգրան Նաղդալյանն ինչպիսի լրագրող էր եւ ինչպիսի պայմաններում է սպանվել, ում է մեղադրանք առաջադրվել։ Այսինքն՝ դա համարել, որ իշխանությունը ճնշում էր մամուլին, մի քիչ տեղին չէ։ Երկրորդը. ես Ձեզ հորդորում եմ նայել «Ա1+»-ի մրցութային առաջարկը եւ նրա մրցակցի առաջարկը։ Իսկ մյուս մասով՝ ես վախենամ, որ Ձեզ մոտ ուղղակի թյուր տպավորություն է։ Ես ամենեւին չեմ խոսում էն մասին՝ հիմա՞ է վատ կամ քոչարյանական ժամանակաշրջանից առա՞ջ է վատ եղել։ Ես չեմ, որ հիմա պետք է հայտարարեմ՝ էս շրջանում լավ էր, էն շրջանում վատ էր։ Ինչ վերաբերում է բռնաճնշումներին, ապա շատ գործեր ուղղակի հանրությանը հասել են մասամբ, որովհետեւ քաղաքական կոնյունկտուրան էր էդպես պահանջում։



Օրինակ, ես չեմ ուզում անուններ տալ, Դուք ինքներդ երեւի գիտեք, թե ում մասին է խոսքը։ Մի խմբագրի գործ կար, որը, կեղծելով ընկերոջ փաստաթղթերը, որդեգրել էր ընկերոջ երեխաներին՝ առանց նրան տեղյակ պահելու եւ այդպիսով խուսափել էր բանակից։ Հետո դատարանում ոչ միայն ճանաչել էր իր մեղքը, այլեւ ասել էր, որ իրեն մայրն է ստիպել այդպես անել։ Բայց ինքը, երբ որ կալանավորվեց, ասացին, որ ինքը քաղբանտարկյալ է։ Մինչեւ հիմա էդ խմբագիրը կա, աշխատում է։ Հիմա էդ խմբագիրը, որը որ ինձ քաղաքականություն է սովորեցնում կամ բարոյականություն, պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը։ Ընդ որում՝ սա հանրությանը պետք է որ հայտնի լիներ, որովհետեւ դա հրապարակային դատավարություն է եղել։ Այսինքն՝ ես գտնում եմ, որ մեր անցյալի որոշակի շրջաններ պարզաբանման կարիք ունեն։ Նույնիսկ ոչ թե ինչ-որ մեկը մեկնաբանի այդ ամենը, այլ ընդամենը փաստերը վեր հանի, շարի իրար կողք եւ ընդամենը եզրակացություններ անի։ Հավատացեք՝ դրանով շատ հարցեր կպարզվեն։ Բայց, իմիջիայլոց, մեխանիկորեն, երբ որ Տիգրան Նաղդալյանի սպանությունը եղել է Քոչարյանի ժամանակ, էդպես էլ էդ խմբագիրը կալանավորվել եւ պատիժ է կրել Քոչարյանի նախագահության օրոք։



- Այդուհանդերձ, այդ ժամանակաշրջանում մենք ունեցե՞լ ենք թեկուզ ինչ-որ չափով ազատ մամուլ։



- Իհարկե, ունեցել ենք։ Ես ընդհանրապես չգիտեմ մի ժամանակաշրջան, երբ որ ազատ մամուլ, որպես այդպիսին, չի եղել։ Ուզո՞ւմ եք ավելի ճիշտ ձեւակերպեմ՝ երբ որ ազատ մամուլի բազմաթիվ դրսեւորումներ չեն եղել։ Չգիտեմ այդպիսի ժամանակաշրջան։ Միշտ էլ եղել են լրատվամիջոցներ, որոնք եւ ազատ արտահայտվել են, եւ իրենց կարծիքն ազատ տեղ են հասցրել, եւ կախված չեն եղել որոշակի ֆինանսներից, եւ լրագրողների ձայնն են լսելի դարձրել։ Սա աներկբա է։ Դա եղել է 1991 թվականից սկսած, եթե վերցնենք փաստաթղթային անկախության շրջանից, թեպետ ես միշտ 88-ից եմ համարում, որ մենք անկախ ենք եղել։ Բայց օֆիցիալ՝ 91 թվականի սեպտեմբերի 21-ից մինչ օրս ես համարում եմ, որ մենք միշտ էլ ազատ մամուլի ինստիտուտ՝ որպես այդպիսին, ունեցել ենք՝ տարբեր դրսեւորումներով։



- Սովորաբար իշխանությունները, այդ թվում՝ երկրի գլխավոր դեմքերը, քննադատությունները ծանր են տարել, հատկապես երբ դրանք մի քիչ սուր ու հասցեական են եղել։ Եվ տարբեր մեթոդներով փորձել են լռեցնել։



- Քննադատությունը եւս սահմաններ ունի։ Ես էն եզակի մարդկանցից մեկն եմ, որը ներգրավված է եղել մամուլի միջոցների դեմ դատական գործերի մեջ՝ որպես երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար։ Մերկապարանոց մեղադրանքները՝ վիրավորանք պարունակող, պետք է պատժվեն։ Դա նվաստացնում է ներքաղաքական դիսկուրսը եւ դա պատժելի է, դա քննադատություն չէ։



- Երբ որ նախագահը փակ է աշխատում մամուլի հետ կամ մշտապես խնդիրների մեջ է լինում լրատվամիջոցների հետ, ճիշտ չի աշխատում, դա մամուլի խոսնակի՞ խնդիրն է, թե՞ ղեկավարի։ Խոսնակը ենթարկվո՞ւմ է իր ղեկավարին բոլոր հարցերում, թե՞ խոսնակն ինքը կարող է որոշել՝ ինչպես հարաբերվել մամուլի հետ։



- Ես ներողություն եմ խնդրում, որ հղում եմ անում ինքս իմ վրա, պարզապես էնքան մանրամասն եմ գրել։ Ես իմ գրքում («ՀՀ նախագահի մամուլի խոսնակը») մանրամասն դրան անդրադարձել եմ՝ մամուլի քարտուղարն էն եզակի պաշտոնյաներից մեկն է, որի ֆունկցիոնալ համալիրը ռեոստատի պես շարժվում է։ Եվ այդ շարժը, ի վերջո, պետական ապարատի, տվյալ քաղաքական իրավիճակի եւ, իհարկե, տվյալ ղեկավարի ձեռքում է։ Ամեն դեպքում՝ նախագահն ինքը հենց իմ օրոք տարբեր ասուլիսներ տվել է, եւ ցանկացած խնդիր, թերություն, բնականաբար, ներկայացրել եմ իրեն, քննարկել նրա հետ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ