Կորեան խոստացել է, որ միջուկային զենք չի կիրառի, եթե իր անվտանգությանը չսպառնան

Կորեան խոստացել է, որ միջուկային զենք չի կիրառի, եթե իր անվտանգությանը չսպառնան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ կշարունակի պահպանել միջուկային զենք չկիրառելու վերաբերյալ իր երկրի ստանձնած պարտավորությունը, իսկ թշնամաբար տրամադրված երկրների հետ կփորձի կարգավորել հարաբերությունները: BBC-ի տեղեկացմամբ, սակայն, երկրում շարունակում են իրականացնել միջուկային փորձարկումներ: Վերջին անգամ ջրածնային ռումբի փորձարկումներն իրականացվել են հունվարին:



Թեպետ փորձագետներից շատերը չեն հավատում, թե Հյուսիսային Կորեան ունի այդօրինակ տեխնոլոգիաների ռեսուրս, այդուհանդերձ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտ ամսին հայտարարագիր է ընդունել այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին: Մասնավորապես` Հյուսիսային Կորեային արգելվում է իր տարածք ներկրել այնպիսի նյութեր, որոնք կարող են օգտագործվել միջուկային սպառազինության բնագավառում:



Հետաքրքրական է, որ վերջերս Հյուսիսային Կորեա այցելած երեք Նոբելյան դափնեկիրները` իսրայելցի քիմիկոս Աարոն Չեխանովերը, բրիտանացի Ռիչարդ Ռոբերթսը և նորվեգացի Ֆինն Քիդլանեդը վերադարձից հետո հանդես են եկել այդ` չափից դուրս խիստ պատժամիջոցները քննադատող հայտարարությամբ` նշելով, թե դրանք խանգարում են Հյուսիսային Կորեայի գիտատեխնիկական զարգացմանը: