«Քոսոտ երկիր» ասել չի կարելի, բայց նա այլ բան է նկատի ունեցել

«Քոսոտ երկիր» ասել չի կարելի, բայց նա այլ բան է նկատի ունեցել

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանը քոսո՞տ երկիր է, արդյոք։ Բնականաբար, ենթատեքստում նկատի ունեինք ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարությունը։



«Բնականաբար՝ ոչ, եւ, ընդհանրապես, երկրները նման դասակարգմամբ հնարավոր չէ բաժանել։ Հայաստանը սահմանափակ ռեուրսներ ունեցող արժանապատիվ պետություն է։ Եվ եթե Դուք նկատի ունեք ակադեմիայի նախագահի ասածը, ապա, իհարկե, նրա ասածի մեջ ենթատեքստում սխալ կա, բայց ես կարծում եմ, որ Ռադիկ Մարտիրոսյանը նկատի է ունեցել այլ բան»,-ասաց նա ու փորձեց բացատրել, թե ինչ է նկատի ունեցել Մարտիրոսյանը։ Ըստ Ֆարմանյանի՝ Մարտիրոսյանը նկատի է ունեցել, որ միջազգային զենքի շուկայում այնպես չէ, որ հավասար մրցակցության պայմաններ են, կամ դաժան մրցակցություն չկա․ «Եվ, հավանաբար, նկատի է ունեցել այն, որ ՀՀ-ի նման որեւէ պետություն, որը սահմանափակ ազդեցություն ունի միջազգային հարաբերություններում, այդքան էլ հեշտ չէ տեղ գրավել միջազգային շուկայում»։



Պատգամավորը, այդուհանդերձ, հատուկ շեշտադրմամբ ընդգծեց, որ իրենցից յուրաքանչյուրը մեզ՝ լրագրողներիս հետ շփումներում, «նկատի ունենալով նաեւ մեր մտքի խորությունը, պետք է հնարավորինս զերծ մնա այնպիսի արտահայտություններից, որոնք կարող են ոչ միանշանակ ընկալվել կամ տեղ թողնել ոչ ցանկալի ձեւակերպումների համար»։ Հետեւաբար, նա ընդունում է, որ պետք է մեզ հետ շփումներում լինել շատ ավելի զգույշ։



- Այն ենթատեքստով, ինչ որ Ձեր պատկերացմամբ ինքը նկատի է ունեցել Հայաստանը քոսոտ երկիր անվանելով, Մարտիրոսյանն իր մեղքի բաժինն ունի՞ որպես ԳԱԱ նախագահ, որ մենք չունենք այն գիտական ներուժն ու զարգացումը, որ կարողանանք դասվել «ոչ քոսոտ» երկրների շարքը։



- Սա լրիվ ուրիշ հարթության խնդիր է։ Հայաստանի նման գիտական մեծ պոտենցիալ եւ ժառանգություն ունեցած երկիրը, անցնելով արցախյան պատերազմի բովով նաեւ, իմ պատկերացմամբ, կարող էր իր լավագույն գիտական ռեսուրսները ծառայեցնել մեր սպառազինության՝ որակական առումով որոշ ձեռքբերումների համար, եթե ոչ բոլոր զինատեսակների գծով։ Այդ ուղղությամբ ինչ-որ բաներ, բնականաբար, արվել են, բայց բաց, իհարկե, կա։



- Կարո՞ղ ենք ասել, որ այս տրամաբանությամբ հետադարձ ռեակցիայով այս պիտակավորումը նաեւ իրեն է հասցեագրված՝ որպես գիտության ոլորտում պատասխանատու անձի։



- Խնդիրն այլ է։ Եթե մեր գիտությունը, լինելով պատերազմող երկրի կարեւոր օղակ, չի սպասարկել ցանկալի աստիճանի մեր սպառազինությունը կամ մեր բանակաշինությունը, ապա կարելի է ասել, որ այդտեղ ամբողջ ակադեմիայի բացթողումը կա եւ ոչ միայն ակադեմիայի, այլ նաեւ ամբողջ գիտակրթական համակարգի։ Ճիշտ այնպես, ինչպես պառլամենտի բացթողումը կա, կառավարության եւ այլն, եւ այլն։



- Մեր գիտական պոտենցիալն ամբողջությամբ չեն իրացրել, փոխարենը որոշ գիտնականներ օֆշորային երկրներում բիզնեսներ են հիմնել, ինչի մասին արդեն հրապարակվեց։ Այսինքն՝ երկրում գիտությունը զարգացնելու փոխարեն սեփական բիզնեսն են զարգացրել օֆշորում։ Սրան ինչպե՞ս եք վերաբերվում։



- Ինքս տնտեսագետ չեմ, հետեւաբար, մասնագիտական խորը գիտելիքներ չունեմ օֆշորային այդ գոտիների առանձնահատկությունների վերաբերյալ։ Մեր հանրային ընկալման մեջ պոպուլյար ընկալումն այն է, որ այն, ինչ կապված է օֆշորային գոտիների հետ, ուրեմն դա ստվերային, զարտուղի ճանապարհ է, հարկերը թաքցնելու միջավայր է։ Խնդիրը պարզից պարզ է, եթե որեւէ քաղաքացի, լինի դա տնտեսվարող սուբյեկտ, պատգամավոր, կառավարության անդամ կամ գիտնական, իր տնտեսական այս կամ այն գործունեությունը չի իրականացնում օրենքի սահմաններում, ավելին՝ նպատակային քայլեր է ձեռնարկում հարկերը թաքցնելու ուղղությամբ, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առաջ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ