Գնդակը Մինսկի խմբի դաշտում է

Գնդակը Մինսկի խմբի դաշտում է

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները դեռ չէին հասցրել Հայաստանում վերլուծել, երբ Ադրբեջանը սառը ցնցուղ պահեց այդ հանդիպման արդյունքներով ոգեւորվածների վրա։ Ի հեճուկս Վիեննայում պայմանավորվածությունների արդյունքում ընդունած հայտարարության, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարեց. «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի լիազորություններում էական փոփոխություններ չեն կարող լինել, հայտարարությունում նշված է Մինսկի խմբի դիրքորոշումը, Ադրբեջանն այդ առիթով պարտավորություններ չի ստանձնել», ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցը երեկ փոխանցեց «Թրենդ» գործակալությունը: Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնություն է տվել հետագա բանակցությունների շարունակման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդմանը։ «Ամենակարեւորը, որ այսուհետ պահպանվի հրադադարի ռեժիմը, չլինեն սադրանքներ, եւ որ մենք հունիսին սկսենք բանակցային գործընթացը»,- ասել է նա:



Նովրուզ Մամեդովի հայտարարությունը հակասում է Վիեննայի հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրի հայտարարությանը, որում ասվում էր հետեւյալը. «Նախագահները վերահաստատել են հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաեւ համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը»։ Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, Սարգսյանն ու Ալիեւը նաեւ համաձայնել են 2 ամիս հետո պայմանավորվել խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին: Ադրբեջանի այս հայտարարությունից հետո կարելի՞ է լուրջ ակնկալիքներ ունենալ գործընթացից եւ առավել եւս սպասել, որ հունիսին կողմերը վերջնական համաձայնության կգան։



ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հորդորում է սպասել իրադարձությունների զարգացմանը. «Չեմ ուզում ենթադրություններ անել, որովհետեւ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որտեղ ամեն ինչ հնարավոր է։ Ադրբեջանը միշտ էլ պայմանավորվածությունները խախտելու ճանապարհներ է փնտրել»։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյայի հայտարարությանն էլ անդրադառնալով՝ նա նկատեց. «Եթե Ալիեւը Մինսկի խմբի հետ արդար է, պետք է այդ մասին հենց այնտեղ ասեր»։ Զաքարյանի խոսքով՝ հայկական կողմի համար երկու ճանապարհ գոյություն ունի. առաջինը՝ միշտ պատրաստ լինել բոլոր տեսակի զարգացումներին եւ փորձել խնդրի խաղաղ կարգավորման լուծումներ գտնել՝ ունենալով միջազգային հանրության եւ Մինսկի խմբի հետ համահունչ դիրքորոշում։ Հետաքննության մեխանիզմների, դրանց ներդրման ժամկետների եւ այլ մանրամասների Զաքարյանը չի տիրապետում, կարծում է, որ շուտով Մինսկի խումբն այդ մասին կմանրամասնի։



ԱՂՈԹԱԾ ԷՇՆ ՈՒ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ



Հանձնաժողովի մեկ այլ ՀՀԿ-ական անդամ՝ Համլետ Հարությունյանը, դրական է գնահատում ցանկացած բանակցային քայլ, եթե նույնիսկ դա անհաջող է։ Վիեննայի հանդիպումը նա դրական է համարում հենց միայն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների պահվածքի առումով, որը նկատել են նաեւ համանախագահները։ «Ալիեւն աղոթած էշի պես գնացել էր եւ ակնհայտ սուտ հայտարարություններ էր անում, չգիտեր ինչ խոսեր»,- կարծում է Հարությունյանը, մինչդեռ ՀՀ նախագահն ինքնավստահ էր։ ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, որ մենք գործ ունենք «անվստահելի պարտնյորի» հետ, նրան «վստահելի» դարձնելու համար պետք է համբերությամբ զինվենք ու երկար ճանապարհ անցնենք, «որովհետեւ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով»։ Նկատեցինք, որ, հակառակ Վիեննայի հանդիպման մասին տարածված հայտարարությանը, ոչ խաղաղությունն է պահպանվում, ոչ էլ Ադրբեջանն է ընդունում ինչ-ինչ հարցերի վերաբերյալ համաձայնությունը։



ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց, որ դա մեր խնդիրը չէ, թող Մինսկի խումբը մտածի. «Եթե մի խնդիր դրել են իրենց առջեւ՝ գրասենյակն ընդլայնելու, հետաքննության մեխանիզմներ կիրառելու, ապա կհասնեն իրենց նպատակին»։ Հարությունյանը հստակ չի պատկերացնում հետաքննության մեխանիզմները. «Այդ սարքերի տեղադրման ժամկետների եւ այլ մանրամասներ ես չեմ տիրապետում, բայց, որպեսզի դրանք տեղադրեն, պետք է մասնագետները սահմանին ներկա լինեն։ Այստեղ առաջ են գալիս նաեւ ռուս-ամերիկյան հակասություններ, որովհետեւ ռուսները չեն ուզում, որ ամերիկացիներն էդ տարածքում ռեգիոնալ ներկայություն ապահովեն, այդուհանդերձ, կարծում եմ, որ կտեղադրվեն»։



ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանն էլ նկատում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը, որովհետեւ դրանից հետո քաղաքական պատասխանատվության հարց է առաջ գալու։ Նա հիշեցնում է, որ տարիներ առաջ էլ Ադրբեջանը դիպուկահարներին սահմանագծից հեռացնելու վերաբերյալ առաջարկն էր մերժել, ինչպես հիմա է դրժում պայմանավորվածությունը։ Պատգամավորը նկատում է, որ հիմա գնդակը ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտում է. «Ցանկացած կողմի մերժում համանախագահների հրապարակած տեքստին արդեն իսկ հարված է այդ ինստիտուտին եւ, այսպես ասած՝ հանդիպման քավորին»։ Պողոսյանը կարծում է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է բացատրություններ պահանջի Մինսկի խմբից. «Պետք է՝ թող նոտա ուղարկեն, որպեսզի հստակ լինի, թե ով է այն կողմը, որ, Վիեննայից տեղ չհասած, մերժեց համաձայնությունները»։ Ինչպես նաեւ հայկական կողմը հետեւողական պետք է պահանջի հետաքննության մեխանիզմների ներդրմանն ուղղված քայլեր, հատկապես որ վստահության կորուստ կա նաեւ համանախագահողների նկատմամբ։ «Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասաց, որ երբ հանդիպել էին, Ալիեւն ասել է, որ հայկական կողմն է նախահարձակ եղել, եւ պատկերացրեք, թե ես ոնց եմ արձագանքել։ Սա ինձ համար այդ ամբողջ հարցազրույցից ամենակարեւոր հատվածն է, որ այսքան ժամանակ է անցել ապրիլի 2-ից, միջազգային այսքան տեղեկությունները տրամադրելուց հետո էլ Ադրբեջանը երկկողմ փակ հանդիպման ընթացքում նման հայտարարություն է արել։ Ինձ համար զարմանալի է, որ համանախագահները միանգամից չեն ասել՝ «այ տղա, սուս մնա, ստեղ ուրիշ մարդ չկա, որ դու խաբես»։



Այստեղ համանախագահներն իրենց նկատմամբ վստահություն կորցնելու քայլեր են արել»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Հետեւաբար, չնայած խնդիրը տեղափոխվել է դիվանագիտական հարթություն, սակայն Պողոսյանը որեւէ ակնկալիք չունի հունիսին սպասվող հանդիպումից, առավել եւս՝ որ այդ ժամանակ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի, ուստի հայկական բանակը պետք է շարունակի ամուր պահել մեր սահմանները։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ