ՀՀԿ-ն յուրայիններով կուսակցական ֆորում է անում

ՀՀԿ-ն յուրայիններով կուսակցական ֆորում է անում

Մայիսի 21-22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»: Հրավիրված են ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցելու է 10 քաղաքական կուսակցություն Հայաստանից եւ 5-ը՝ Լեռնային Ղարաբաղից:



Քաղաքական կուսակցությունների առաջին ֆորումը 2012-ին է եղել՝ օգոստոսի 24-26-ը, կրկին Ստեփանակերտում, որի ժամանակ հրավերը եղել է միայն խորհրդարանական կուսակցություններին։ Ֆորմատն այս անգամ ընդլայնվել է, ՀՀԿ-ն մեծահոգաբար հրավիրել է բոլոր կուսակցություններին, որոնք գոնե մեկ պատգամավոր ունեն խորհրդարանում, սակայն ոչ բոլորն են նույն մեծահոգությամբ ընդունել հրավերը։ Ֆորումին մասնակցող 10 կուսակցությունների թվում են իշխանական ՀՀԿ-ն, կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ՀՀԿ-ի դուստր «ձեռնարկությունները»՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», ՄԻԱԿ-ը, Խոսրով Հարությունյանի ՀՔԴԿ-ն, Շիրակ Թորոսյանը՝ «Հզոր հայրենիքի» կողմից, Հայկ Բաբուխանյանն այդ օրերին Հայաստանում չէ՝ մասնակցություն չի ունենալու, իսկ ընդդիմության շարքերից՝ այդ անվան տակ հանդես եկող ԲՀԿ-ն, ինչպես նաեւ Հրանտ Բագրատյանի «Ազատությունը», Լյուդմիլա Սարգսյանի ՎՍԴՀԿ-ն, Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները»։



«Հայաստանի խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից 5-ից ներկայացվածություն կա»,- երեկ մեր զրույցում նկատեց ԿԳ պաշտոնաթող նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը ֆորումի կազմկոմիտեի ղեկավարն է։ Նրա վրա է դրված ողջ պատասխանատվությունը։ Արցախից կմասնակցեն խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետներ երկու երկրներից։ ՀՀԿ-ի հրավիրյալների ցանկում ուշագրավ էր ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի մասնակցությունը, որը հանդես կգա «Հայկական կուսակցությունների զարգացման հեռանկարները» բաժնում։ Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին պաշտոնից հրաժարվելուց հետո Թորոսյանը նաեւ դուրս էր եկել ՀՀԿ-ից։ Նա Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ եվրոպագիտության ամբիոնի վարիչն է։
Փորձագիտական կարծիք կհայտնի նաեւ նախկին «առանգական», Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։



«Հրավիրել եմ այն սկզբունքով, որ բանախոսները մաքսիմալ փորձառու եւ գիտակ լինեն այն թեմաներից, որոնք լինելու են քննարկման առարկան»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արմեն Աշոտյանը։ Աշոտյանին է վերապահված միջոցառման բացման խոսքի իրավունքը, որից հետո ֆորումի մասնակիցների համար կհրապարակվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձները։ Նախատեսվում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ելույթը։ Տիգրան Թորոսյանը ելույթ կունենա քաղաքական համակարգերի զարգացման, Հայաստանում բազմակուսակցական համակարգի ընթացքի եւ խնդիրների թեմայով։ Նա երեկ մեզ վստահեցրեց, որ բացառապես մասնագիտական ելույթ է լինելու, որին պատրաստվելու պատճառով չցանկացավ երկար խոսել, շատ համառոտ կարծիք հայտնեց՝ ասելով, որ բազմակուսակցական համակարգը Հայաստանում կայացած չէ։



Նկատեցինք, որ գուցե քայլեր է անում կրկին քաղաքական ասպարեզ վերադառնալու համար, սակայն նախկին խոսնակը կտրականապես հերքեց, ասաց, որ գոհ է այն աշխատանքից, որով հիմա զբաղվում է. «Ինչո՞ւ վերադառնամ քաղաքականություն, պիտի նպատակ լինի, չէ՞»։



Քաղաքական համակարգի զարգացման հարցերի քննարկումն Արմեն Աշոտյանը կարեւորեց հատկապես Հայաստանում արդեն գործող խորհրդարանական մոդելի պարագայում. «Քաղաքական համակարգի զարգացումը նաեւ ապագայում Արցախի անկախության երաշխիքներից մեկն է»։ Ստյոպա Սաֆարյանն էլ կխոսի «Կուսակցությունների դերն արտաքին քաղաքականության մեջ, արցախյան հիմնախնդիր» թեմայով։ «Այստեղ նույնպես վերջին տարիներին հետաքրքիր զարգացումներ են եղել, բայց դեռ կա մեծ պոտենցիալ, որ քաղաքական կուսակցությունները կարող են հնարավորությունները, աշխատանքի շրջանակները՝ հատկապես եվրոպական, օգտագործել արցախյան հիմնախնդրի արծարծման համար եւ այլ ազգային ու պետական շահեր միջազգային հանրությանը ներկայացնելու եւ առաջ տանելու»,- կարծում է ֆորումի կազմկոմիտեի ղեկավարը՝ ՀՀԿ փոխնախագահը։ Ի դեպ, այս հատվածը կվարի Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ներկա կլինի ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, միջոցառման առաջին օրը նախատեսվում է նաեւ մասնակիցների այց զորամասեր։



Հաջորդ օրը կընդունվի հռչակագիր, «որում անդրադարձ կլինի բոլոր այն կարեւոր խնդիրներին, որոնք միավորում են Հայաստանի եւ Արցախի կուսակցություններին՝ եւ ժողովրդավարության, եւ քաղաքական համակարգի հետագա կայացման, եւ կուսակցությունների դերի բարձրացման, եւ ԼՂՀ հիմնախնդրի հայանպաստ լուծման ու այլ մարտահրավերներին»,- նշում է ՀՀԿ-ականը։



Փորձեցինք պարզել, թե ինչու մյուս կուսակցությունները չեն ընդունել ՀՀԿ-ի հրավերը։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ առաջին ֆորումին մասնակցել են, սակայն դրանից հետո ՀՀԿ-ն հավատարիմ չի եղել տված խոստումներին, դրա համար էլ այս անգամ մերժել են հրավերը։ «Եթե պիտի իրենց խոստումները չկատարեն, գնանք, ի՞նչ անենք»,- տարակուսում է Մարտիրոսյանը։ Որքան էլ պնդեցինք, նա չցանկացավ խոսել, թե կոնկրետ որ խոստումն է ՀՀԿ-ն դրժել։



«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ պարզաբանեց, որ նորաստեղծ կուսակցության Արցախի մասին տեսլականը բոլորովին տարբերվում է մյուս կուսակցությունների մոտեցումներից, հետեւաբար, նպատակահարմար չէ մասնակցել ֆորումին։ «Լուսավորյալների» ծրագրում Արցախի մասին հետեւյալ մոտեցումն է ամրագրված. «Արցախյան հարցի լուծման եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: ...Ուստի, բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են Հայաստանի տնտեսական զարգացմանը, էականորեն վնասում են արցախյան հարցի կարգավորմանը, թուլացնում են Հայաստանի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական հնարավորությունները»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ, վարչության անդամ Ալեն Սիմոնյանը չգիտեր, թե ինչու են մերժել հրավերը, ՔՊ վարչությունն արդեն երկու շաբաթ է՝ Ղարաբաղում է, այնտեղ նիստ են հրավիրել ու մերժել։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ