ԱԺ-ն ընդունեց ապրիլյան պատերազմից բխող օրենք

ԱԺ-ն ընդունեց ապրիլյան պատերազմից բխող օրենք

Ազգային ժողովի արտահերթ նիստում երեկ առաջին ընթերցմամբ, 106 «կողմ» եւ առանց «դեմ»-երի ու «ձեռնպահների» ընդունվեց Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանել այն անձանց համար, ովքեր ապրիլի 2-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում կամավոր հիմունքներով մեկնել են դիրքեր: Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող եւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով նաեւ նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:



Ընդ որում՝ օրենքը տարածվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հիմնարկներում աշխատողների վրա։ Ապրիլյան պատերազմից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ որոշ կամավորներ ազատվել են աշխատանքից բացակայելու պատճառով։



Մինչ քվեարկությունը ծավալված քննարկման ընթացքում պատգամավորները բարձրաձայնեցին օրենքի հետ կապված իրենց մտահոգությունները, առաջարկներ արեցին։ Հրանտ Բագրատյանը ճշտեց՝ ի՞նչ է լինելու, եթե գործատուի եւ առաջնագիծ մեկնելու պատրաստ աշխատակցի միջեւ համաձայնությունը չկայանա աշխատավարձի մասով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ հնարավոր չէ պարտադրել, օրինակ, որ 1 աշխատող ունեցող գործատուն վճարի իր այդ աշխատողին: Դա, ըստ նրա, կարող է անհամաչափ բեռ ավելացնել տվյալ գործատուի համար:



Բագրատյանը նկատեց, որ նախագիծն այս տեսքով ընդունվելու դեպքում իրավական կազուս է առաջանալու, այն դեպքերում, երբ գործատուն չունի միջոցներ առաջնագիծ մեկնած իր աշխատակցին վճարելու համար։ Պատգամավորն առաջարկեց, որ այդ պարտավորությունն իր վրա վերցնի պետությունը: Նաիրա Զոհրաբյանն էլ հարցրեց. «Որտե՞ղ է հստակ երաշխիքը, որ մարդը մեկնել է Արցախ, այլ ոչ թե իր տան դիվանին նստած է կամ իր գործերով մեկնել է արտերկիր, սակայն հայտարարում է, թե գտնվում է առաջնագծում եւ պաշտպանում է մեր դիրքերը: Զինկոմիսարիատից թուղթ կամ Արցախից որեւէ տեղեկանք չի՞ լինելու»։ Նախարարը մատնանշեց օրենքի նախագծի 1-ի հոդվածի 3-րդ կետը. «Այդով հստակ սահմանվում է, այս դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է ՀՀ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված կամավորական համարվելու մասին տեղեկագրով»:



Էդմոն Մարուքյանն էլ առաջարկում էր այս փոփոխությունների հետ մեկտեղ միանգամից լուծել նաեւ զինված ուժերում ներգրավված անձանց կյանքի ապահովագրության խնդիրը: Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ այսօր էլ ամրագրված է զոհվածների ընտանիքներին 2 միլիոն դրամ միանվագ ապահովագրական գումարների տրամադրում: Հեղինե Բիշարյանն էլ առաջարկեց մի քիչ ավելի առարկայական դարձնել ապահովագրական չափորոշիչները: Եթե կամավորականը զոհվում է, նրա աշխատավարձը, ըստ Բիշարյանի, պետք է պահպանվի մինչեւ նրա երեխայի չափահաս դառնալը: Արտեմ Ասատրյանն ասաց, որ կառավարությունն այլ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում քննարկում է այդ խնդիրներին լուծում տալու հարցը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ