Մասիսում «թույն» ընտրություններ կլինեն

Մասիսում «թույն» ընտրություններ կլինեն

Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը դեռ չի ստացել հարազատ ՀՀԿ-ի «դաբրոն», բայց քաղաքում արդեն նախընտրական խլրտոց է ընկել։ «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր) պատրաստվում է որդու թեկնածությունն առաջադրել։ Անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Համբարձումյանը համալրում էր ՕԵԿ շարքերը, Արթուր Բաղդասարյանի մտերիմներից էր, տեղ էր գտել ՕԵԿ ցուցակի 18-րդ հորիզոնականում։



Ընտրություններից առաջ նա նեղացավ ՕԵԿ-ից, մեկ գիշերում քաղաքից ու հարակից համայնքներից հավաքեց իր գովազդային պաստառներն ու, ինքնաբացարկ ներկայացնելով, հեռացավ կուսակցությունից, քանի որ ձայների մեծ թիվ էին պահանջել։



ՕԵԿ-ի «ինադու» անկուսակցական գործարարը հարթեց սրված հարաբերությունները մարզի ՀՀԿ-ականների հետ։ Ապա իր շրջապատի հետ «աշխատում էր» ՀՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանի համար, որը պայքարում էր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի եւ այլոց դեմ։ Մասիսում խոսում են նաեւ Սեւակ Ավոյանի առաջադրման մասին։ Նա Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենն է, ՀՀԿ-ական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ունի։ ԲՀԿ-ական թեկնածու էլ կա՝ Կարո Օհանյան, նա 2008-2012թթ., ԲՀԿ-ական քաղաքապետ Դմիտրի Նազարյանի պաշտոնավարման ժամանակ, փոխքաղաքապետ է եղել։ Թե ում վրա կկանգնի իշխանության «դաբրոն», քաղաքապետ Հակոբյանը չի կարող ասել, ինքն անձամբ ցանկություն ունի կրկին առաջադրվելու, բայց ասում է՝ կուսակցությունը պիտի որոշի. «Ես կուսակցական եմ ու ենթարկվում եմ կուսակցության որոշումներին։ Ես արդեն 10 տարուց ավել ծառայում եմ կուսակցությանը ու կշարունակեմ ծառայել, ես ուրիշ կուսակցության մեջ չեմ եղել, միակ կուսակցությունը ՀՀԿ-ն է, եւ պատրաստվում եմ մինչեւ վերջ մնալ ՀՀԿ-ի հետ՝ անկախ նրանից, թե ՀՀԿ-ն որ դաշտում կլինի։ Մնացած մարդկանց պես չեմ, որ ստեղից ընդեղ թռնեմ»։ Սաշա Հակոբյանը չգիտի, թե ովքեր աչք ունեն քաղաքապետի պաշտոնի վրա, բայց վստահեցնում է, որ խնդիր չի տեսնում. «Սա իմ սեփական աթոռը չէ, ժողովրդի աթոռն է, ու ժողովուրդն էլ պիտի ընտրի»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ