Սերժ Սարգսյանն ընդամենը մաֆիայի ղեկավար է. Արամ Մայիլյան

Սերժ Սարգսյանն ընդամենը մաֆիայի ղեկավար է. Արամ Մայիլյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է 1990-1995թ.թ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը։



-Պարոն Մայիլյան, ժամանակին Գերագույն խորհուրդը պատմական դերակատարում ուներ, ԳԽ պատգամավորներն աչքի էին ընկնում իրենց քաղաքական հստակ դիրքորոշմամբ։ Ինչու՞ նրանք նույն ակտիվությունը չեն ցուցաբերում այսօր հանրային կյանքում։



-Գերագույն խորհրդի դերի մասին կարող եմ ասել, որ նա առանձնահատուկ երեւույթ էր հայ իրականության համար։ Առաջին անգամ հայ քաղաքական միտքը գումարվել էր մի տեղ։ Ես համարում եմ, որ 1965 թվականից սկսած մինչեւ 1988 թվականը Հայաստանում ձեւավորվել էր լուրջ քաղաքական մտածողություն, որի արդյունքը եղավ 88-ը, իսկ հետո իր մարմնավորումը գտավ Գերագույն խորհրդում։ Իսկ ինչ վերաբերում է հետագա փոխակերպումներին, ինձ շատ բաներ, ինչպես Ձեզ, զարմանք են պատճառում։ Օրինակ՝ Արամ Մանուկյանը, որը կարդացել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, ԱԺ-ում քվեարկեց ԵԱՏՄ-ին անդամակցելու օգտին։ Կամ՝ Հրանտ Բագրատյանը, որը Հայաստանի առաջին իշխանության առանցքային պաշտոնյաներից էր, չքվեարկեց ընդհանրապես։ Ինչու՞ նա դեմ չքվեարկեց երկրի անկախությանը վնաս հասցնող պայմանագրին։
Գերագույն խորհրդում, ցավալի էր, որ իշխում էր հուզականությունը։ Եվ այսօր էլ կան մարդիկ, որոնք այն ժամանակվա քաղաքական դպրոցի հետեւորդներն են։



-Իսկ ինչու՞ ժամանակի ընթացքում պետության կյանքում իր դերն ու կշիռն ունեցող օրենսդիր մարմինը վերածվեց ոչ քաղաքական մարմնի, որտեղ տեղ են գտել մականունավոր անձինք։ Զարգացած երկրներում նախկին պաշտոնյաները, պատգամավորները, դիվանագետներն ունենում են ակտիվ դերակատարում, կարողանում են ազդել քաղաքական գործընթացների վրա։



-Երբ Գերագույն խորհուրդն անվանափոխվեց Ազգային ժողովի, ես, իհարկե, այդ անվանափոխությանը դեմ եմ եղել, հիմա էլ դեմ եմ։ Համաձայն եմ, որ այլ երկրներում նախկին պատգամավորներն շատ ավելի լուրջ դերակատարում ունեն, քան՝ առանձին կուսակցություններ։
Կարծում եմ, հիմա Հայաստանում գործողությունների շրջան է, որովհետեւ գաղափարներով ոչ մեկի չես զարմացնի։ Թե ինչու օրենսդիր մարմինը վերածվեց ոչ քաղաքական մարմնի, կարծում եմ, պատճառն այն է, որ մարդիկ, որոնք չունեին քաղաքական մտածելակերպ, քաղաքական նպատակներ, մուտք գործեցին այնտեղ։ Իսկ լուրջ քաղաքական գործիչներն էլ միամիտ գտնվեցին։ Եկավ մի ալիք, որն իր հետ տարավ այդ ազնիվ մղումները, եւ քաղաքական դաշտ մտան անձնական շահերին հետամուտ մարդիկ։ Ըստ էության՝ հեղափոխությունը պահանջում է, որ իշխանության գալուց հետո խիստ գտնվես։ Մենք չկարողացանք այդպիսին լինել, ինչն էլ շատ վատ հետեւանքներ ունեցավ։ Եվ հիմա երկիրը հայտնվել է տգետների, դատարկությունների իշխանության ձեռքում։ Մենք ժամանակին չտեսանք այդ սողացող վտանգը, այն մարդկանց, որոնք Շարժումից հետո մտան իշխանության մեջ։ Ի դեպ, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մեր չպարտվելը ես կապում եմ 88-ի Շարժման ժամանակ ձեւավորված, կուտակված ներուժի, էներգետիկայի հետ։



-Անդրադարձանք քառօրյա պատերազմին։ Շատերը չէին հավատում, որ մեր ժողովուրդը դեռ կարող է նման անձնազոհություն ցուցաբերել եւ պայքարել հակառակորդի դեմ, որ պետք է գնալ զիջումների։ Փաստորեն այդ միֆն էլ քանդվեց։



-Անկեղծ ասած, ես էլ չէի հավատում։ Պատերազմը սթափեցնող հարված էր հայ ժողովրդին։ Պատերազմը բացահայտեց մի քանի բան։ Առաջինը՝ Ադրբեջանի քաղաքականությունը ճիշտ էր. ահա թե ինչու նրանք կարողացան հող գրավել։ Իսկ հայ ժողովուրդը վերջին 22 տարվա ընթացքում հող կորցրեց։ Եվ ես մտավախություն ունեմ, որ կարող ենք ընկնել պատմական ցիկլի մեջ։ Հողը չեն չափում կիլոմետրով, հողը հող է։ Ադրբեջանը հասկացավ, որ դա նշանակում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ, իսկ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունենալ եւ ռազմաքաղաքական առումով տեխնոլոգիապես բարձր մակարդակի զինված ուժերի ստեղծում։ Երկրորդ՝ պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովրդի մեջ կա վառոդ, որն ամեն րոպե կարող է պայթել։ Երրորդն այն էր, որ քանդվեց նաեւ ՌԴ-ի հետ Հայաստանի հավերժ դաշնակից լինելու միֆը։ Մյուս դասը, որ քաղեցինք, այն էր, որ հայկական պետականությունը թույլ է։ Ներկա իշխանությունն անընդունակ է կառավարել երկիրը եւ դիմակայել ժամանակի մարտահրավերներին։ Իսկ ժամանակի մարտահրավերը Ադրբեջանի ագրեսիվ քայլերը կանխելն է։ Այս պատերազմում հայ ժողովուրդը կանխեց այդ քայլերը, իսկ Հայաստանի ղեկավարությունը՝ ոչ։ Ուղիղ երկու ամիս է անցել, սակայն Հայաստանի իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել, շոշափելի ոչ մի քայլ չի նկատվում։ Մի քանի հոգու պաշտոնանկ անելը լուրջ բան չէ։ Խոսքը պետք է լինի քաղաքական քայլերի մասին, քանի որ պատերազմը ցույց տվեց՝ Հայաստանը կա՛մ պետք է վերանա, կա՛մ դառնա տնտեսապես զարգացած, ազատ հասարակություն ունեցող երկիր։ Հիմա ընտրության պահն է, քանի որ մեր երկիրն անընդհատ կորուստներ է ունենում։ Մենք 20-22 տարի իզուր ենք անցկացրել, չենք կարողացել ստեղծել արդյունավետ կառավարվող պետություն։ Ժամանակին ԳԽ պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանը հաշվարկել էր, որ հայերի հսկողության տակ գտնվող տարածքներում պետք է մոտ 4,5 միլիոն մարդ եւ տնտեսություն, որպեսզի կարողանանք ապահով երկիր ստեղծել։ Ի՞նչ ունենք այսօր։ Ունենք 2,5 միլիոն մարդ, չունենք զարգացած տնտեսություն եւ կայացած պետական ինստիտուտներ։ Ոչ ոք չէր խանգարում, որ ազատագրված տարածքները վերաբնակեցվեն։
Սերժ Սարգսյանը սկզբում ուզում էր համազգային առաջնորդի դափնին կրել, հետո տեսավ, որ դա իր բանը չէ։ Հետո նա ուզեց կրել Հայաստանի առաջնորդի դափնին, տեսավ` դա էլ իր բանը չէ։ Հիմա նա մաֆիայի ղեկավար է՝ գավառական մտածելակերպով, որը կարողանում է թալանել, մասերի բաժանել հայ ժողովրդի հարստությունը։



-90-ականներին, օրինակ, ստեղծվել էր ազատ մտածողության դաշտ, մտավորականությունն ակտիվ էր, արձագանքում էր հասարակական-քաղաքական իրադարձություններին։ Տիգրան Հայրապետյանը, այլ քաղաքագետներ շարունակ փորձում էին լուծումներ գտնել ու առաջարկել նորանկախ Հայաստանի իշխանություններին։ Հիմա Ձեզ բավարարու՞մ է այն քաղաքական բանավեճը, որ ծավալվել է հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում։



-Այսօր էլ կա այդ բանավեճը։ Բայց ովքե՞ր, ի՞նչ մակարդակի, ի՞նչ աշխարհայացքի մարդիկ են ներգրավված այդ բանավեճում։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի շրջապատում կան մարդիկ, որոնք քննարկումներ են անցկացնում. օրինակ՝ Մհեր Սեդրակյանը, Սեյրան Սարոյանը։ Ինձ եթե ասեն, որ պետք է 200 կգ-անոց ծանրաձող բարձրացնել, չեմ կարող։ Այդ մարդիկ էլ մասնակցում են նման քննարկումների։ Կարող եմ ասել՝ եղբա՛յր, գնացեք ձեր գործին, թողեք, որ համապատասխան կարողություններ ունեցող մարդիկ գան։ Սերժ Սարգսյանն այսօր չի կարող իրականացնել փոփոխություններ։ Սերժ Սարգսյանն այսօր վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, նա երկիրը մատնում է աղետի։ Ովքե՞ր են նրա թիմակիցները։ Արդեն ասել եմ։ Նույն Վարդան Այվազյանը, որը սկզբում խոսում էր, թե ԵԱՏՄ-ում 70 միլիոնանոց շուկա ենք ունենալու, իսկ որոշ ժամանակ անց ասում էր, թե ԵԱՏՄ-ն անիմաստ է։