Կոնստանտին Օրբելյանի նշանակումը Օպերայի ներսում մթնոլորտ է փոխել

Կոնստանտին Օրբելյանի նշանակումը Օպերայի ներսում մթնոլորտ է փոխել

Հունիսի 3-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով եւ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հրամանով դիրիժոր Կոնստանտին (կրտսեր) Օրբելյանը նշանակվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նա Կոնստանտին Օրբելյանի զարմիկն է՝ եղբորորդին։ Ի դեպ, հունիսի 5-ին Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց Կոնստանտին Օրբելյանին նվիրված հուշարձանը։ Արարողությանը, ի թիվս շատ հյուրերի, ներկա էր նաեւ նորանշանակ գեղարվեստական ղեկավարը։



Ինչպես տեղեկացանք, մինչեւ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, շատ անուններ են շրջանառվել՝ օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանից մինչեւ օպերային երգչուհի Հասմիկ Պապյան։ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն անակնկալ է եղել մինչեւ անգամ թատրոնի համար, ինչը, սակայն, ստեղծագործական կազմի կողմից ընդունվել է շատ ջերմ։ Ավելին՝ մեզ հետ զրույցում թատրոնի երաժիշտներից շատերը նշեցին, որ շատ ուրախ են այս նշանակման համար. նախ այն պատճառով, որ Օրբելյանը «դրսից եկած» մարդ է, որը չի հարում որեւէ մեկի թիմին, բացի այդ, մեծ հեղինակություն ունեցող, բարձրակարգ երաժիշտ է, որը մեծ կապեր ունի եւ եթե հենց միայն իր կապերն օգտագործի, ապա մեծ բան արած կլինի թատրոնի համար։ Օպերային թատրոնի ստեղծագործական կազմի համար այս պահի դրությամբ սա լավագույն ընտրությունն էր, քանի որ, ի դեմս Օրբելյանի, համատեղվում են միանգամից եւ գեղարվեստական ղեկավարը, եւ, ինչ-որ չափով՝ գլխավոր դիրիժորը, որի հաստիքը կրճատվեց ամիսներ առաջ։



Նշենք, որ Կոնստանտին Օրբելյանը դաշնակահարի փայլուն կարիերային զուգահեռ մեծ գործունեություն է ծավալել նաեւ օպերային արվեստում, հանդես գալով որպես դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար: 1991-2009 թթ. եղել է Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2010 թ. ղեկավարել է Պ. Սլոբոդկինի թատերա-համերգային կենտրոնի կամերային նվագախումբը: 2013-ից համարվում է Վոլգոգրադի «Ցարիցինսկայա օպերա» պետական թատրոնի գլխավոր պրոդյուսերը, հրավիրյալ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2014-ից ղեկավարում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը:



Նշանակման հենց նույն օրը նորանշանակ գեղարվեստական ղեկավարը հերթով հանդիպումներ է ունեցել օպերային թատրոնի ստեղծագործական կազմի հետ՝ բալետային խմբից մինչեւ նվագախմբի երաժիշտներ, որոնց հատկապես ուրախացրել է այն հանգամանքը, որ Օրբելյանը նվագախմբի հետ աշխատող դիրիժոր է, իսկ այն բանից հետո, երբ Օրբելյանն ասել է, որ աշխատելու է, որ իր գալն օգուտ տա թատրոնին եւ իրենց, ավելի է թեւավորել ներկաներին։



Արդեն երեկ՝ առաջին աշխատանքային օրը, Օրբելյանը ներկա է եղել «Նորմայի» փորձերին, բայց հիմնականում եղել է քչախոս, բավարարվել է փորձին հետեւելով։ Ամեն դեպքում, ինչպես նշեցին երգիչներից շատերը, Օպերայի ներսում արդեն մթնոլորտ է փոխվել։ Ինչ վերաբերում է Օրբելյանի զբաղված գրաֆիկին, ապա, ուզած-չուզած, նա շատ չի կարող բացակայել Հայաստանից, որովհետեւ պայմանագրով սահմանված նվազագույն ժամեր կան, որոնք նա պետք է անցկացնի օպերային թատրոնում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ