Այն, ինչ նկարում եմ, դա իմ մանկության վերհուշն է

Այն, ինչ նկարում եմ, դա իմ մանկության վերհուշն է

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Էդիկ Վարդանյանի եւ նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Էդիկ Վարդանյանի 70-ամյա հոբելյանին։
Վարդանյանն առանձնահատուկ ուրախ է այս ցուցահանդեսի համար, որովհետեւ աղջկա հետ է ցուցադրվում, բացի այդ, եղած արձագանքներն էլ շատ դրական են։ Ամալյա Վարդանյանը, գեղանկարչությունից բացի, նաեւ գրաֆիկայով է զբաղվում, գրքերի ձեւավորումներ անում։ Էդիկ Վարդանյանն ասում է, որ աղջկա աշխատանքներին որպես գեղանկարիչ է նայում, որոնք, ըստ նրա, լակոնիկ, շատ ինքնուրույն, հումորով արված աշխատանքներ են եւ բացարձակապես Վարդանյան Էդիկ նկարչի հետ կապ չունեն։ Թեկուզ հայր եւ դուստր գեղանկարիչները նույն արվեստանոցում են աշխատում, բայց, Էդիկ Վարդանյանի կարծիքով, ամենակարեւորն այն է, որ իրար հետ աշխատելով, իրար հետ ապրելով, իրենց աշխարհընկալումները լրիվ տարբեր են. «Ինքն աշխարհին նայող իր պատուհանն ունի եւ կարողանում է յուրովի ընկալել ու յուրովի մեկնաբանել, ինչը շատ կարեւոր է»։



Խոսելով ներկայացված իր աշխատանքների մասին՝ գեղանկարիչ Էդիկ Վարդանյանն ասում է, որ ցուցադրված են թե 90-ականներին արված գործերից, թե վերջին տարիների իր աշխատանքներից, քանի որ իրեն էլ հետաքրքիր է հետահայաց նայել, թե ինչպես են դրանք կողք կողքի դիտվում, արդյոք կորցրե՞լ է իրեն, թե՞ գտել, ինչքա՞ն է փոխվել այս տարիների ընթացքում։



Բայցեւայնպես, նկատում է՝ փոփոխությունները գիտակցական չեն լինում, այլ ինքնըստինքյան, դրանք ենթագիտակցորեն եկող բաներ են. «Դու ամեն օր ինչ-որ կերպ ես նայում աշխարհին ու վերցնում ես այդօրվանը, քոնը. դժվար է բաժանել հինը նորից։ Ես ման չեմ գալիս թեմաներ, այդ թեմաներն իմ մեջ կան, եւ ինչ նկարում եմ, դա վերհուշն է՝ իմ մանկության, ծննդավայրի, այն միջավայրի, որի հետ շփվել եմ, որը չի դառնում թեմատիկա, բայց դառնում է հեքիաթ, կարոտ։ Միշտ ձգտել եմ, որ իմ ամեն մի նկարը լինի մի փոքրիկ հեքիաթ։ Իմ հիշողությունները, երազները, որով ես ապրել եմ, ուզեցել եմ դառնան ստեղծագործություն։ Իմ աշխարհն իմ կարոտների մեջ է գտնվում՝ կորցրած կարոտներս են, որ հիմա ուզում եմ հետ բերեմ, բայց հետ չի գալիս, ես ուղղակի վերարտադրում եմ դրանք եւ դրանով եմ ուրախանում, որ այն տարիները, որ չեմ զգացել, դրանք նյութականացրել եմ նկարի միջոցով»։



Կարելի՞ է ասել, որ դա իր կողմից մանկության կապը վերականգնելու փորձ է։ Վարդանյանի կարծիքով, դա իր ձգտումն ու ցանկությունն է, որպեսզի գնա դեպի իր ոտաբոբիկ մանկությունը. «Նորից դեպի իմ կարոտները գնամ, վառվող հողի վրա իմ ոտաբոբիկ ման գալը նորից զգամ, հնձած դաշտի մաքուր խոտի հոտը, այդ ամռան տապի լուսնյակ գիշերների ջերմությունը, այդ տատիկների փիլիսոփա, անմեղ, զուլալ խոսքերը, որ այն ժամանակ լսել եմ, ու ինձ սովորական են թվացել, հիմա դրանք թանկարժեք բաներ են, որովհետեւ նրանք անմեղ փառասերներ էին, երազողներ, հեքիաթասացներ, որոնք նոր են իմ մեջ կամաց-կամաց արթնանում։ Ես բառարանի նման էջ-էջ փնտրում եմ իրենց բառերը, կարոտները, որոնք դառնում են ինձ համար նյութ՝ ստեղծագործելու համար»։
Վարդանյանին հարցնում եմ՝ իր նկարներում կան միայն կերպարներ, եւ օրինաչափորեն բացակայում են դեմքերը, ինչո՞ւ։ «Կոնկրետացնել, կերպայնացնել, դիմանկարային դարձնելը, դա ինձ չի հուզում՝ այն առումով, որովհետեւ ուզում եմ կտավն ինքն արտահայտի այն, ինչ ես ուզում եմ։ Այդ ժամանակ ամբողջ կտավը դառնում է դիմանկար, օրինակ՝ գիշերվա հիշողությունների, իսկ այդ սիլուետային լուծումներն օգնում են իմ մտքերը բացահայտելու»։ Վարդանյանը դիտողին չի խանգարում, թողնում է, որ մարդն ինքը ամբողջի մեջ տեսնի, մտածի, կարոտի, իր վերհուշին անդրադառնա, ինչ-որ հարազատ բան գտնի, դրա համար կերպարային լուծումներն իր համար էական չեն դառնում։



Գեղանկարիչը պատմում է, որ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել դրսերում, բայց իր համար կարեւոր են այստեղ՝ հայրենիքում ունեցածները։ «Այստեղի ցուցահանդեսները մի քիչ ուրիշ են, սա իմ հողն է, իմ միջավայրն է, ինձ հասկացողներն են։ Հետո այդ ցուցահանդեսներին ես այդքան էական նշանակություն չեմ տալիս, սա արդեն իմ 5-րդ անհատական ցուցահանդեսն է, բայց, կարծում եմ, դա էլ է շատ, որովհետեւ անհատական ցուցահանդեսը շատ բարդ բան է, նկարչի համար 5-ն էլ է շատ, որովհետեւ ասելիք պիտի լինի, որ ցուցադրես, իսկ եթե անընդհատ նույնը պետք է ցուցադրես, դա տխուր է։ Շատ վտանգավոր բան է անհատական ցուցահանդեսը, դա նման է նրան, որ մերկանաս եւ քո բացասական կամ դրական բաները ցույց տաս հանրությանը»,-ասում է նա։



Ըստ Վարդանյանի, բոլոր ժամանակներում էլ արվեստն առաջնահերթությունների մեջ չի եղել, եւ դա ուղղակիորեն կապված է մարդկանց սոցիալական վիճակի հետ։ Եթե մարդը սոցիալապես ապահով լինի, մշակույթի հանդեպ վերաբերմունքն էլ այլ կլինի։ Նկարների իրացման հարցն էլ ամենատխուր հարցերից մեկն է այսօր նկարիչների համար, եւ ինքը դրա մասին չի էլ մտածում, այլապես նոր բան չի նկարի։



Գեղանկարիչը նայում է իր աշխատանքներին ու ասում՝ նկարչությունը խմորի նման բան է, դա պրոցես է՝ պետք թթվի, հասունանա, հետո թոնիրը վառես ու լավաշ սարքես։ Էդիկ Վարդանյանի խմորումների արդյունքում ծնվում են հեքիաթային, պատրանքային, էմոցիոնալ, գունեղ կտավներ, որոնք այնքան մոտ են ու հարազատ ամենքիս աշխարհին։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ