ՀՀԿ-ն չի աջակցում Հովիկ Աբրահամյանին

ՀՀԿ-ն չի աջակցում Հովիկ Աբրահամյանին

2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքը փաստեց, որ կառավարության ու ՀՀԿ-ի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։ Սովորաբար բյուջեի նախագծի կամ կատարողականի քննարկումը բուռն է անցնում։ ԱԺ նախագահությունը «վիզ է դնում» մասսովկան ապահովելու համար, որպեսզի վարչապետի ու նախարարների հյուրընկալությունը տեղի ունենա հավուր պատշաճի։ Այս անգամ կատարողականի քննարկման մեկնարկին ՀՀԿ շարքերում հաշված պատգամավորներ կային, ինչը վերաբերմունք էր կառավարության նկատմամբ։



ՀՀԿ-ից միայն Խոսրով Հարությունյանը գրանցվեց ամփոփիչ ելույթի համար։ Թերեւս, շահարկումները կանխելու նպատակով, Գալուստ Սահակյանը փորձեց վստահեցնել, որ ՀՀԿ-ականները ոչ թե պասիվ են, այլ նախապես էին իրենց հարցերն սպառել, սակայն ելույթում նա ոչ մի հասցեական հայտարարություն չարեց։ Մինչդեռ նախորդ տարիներին ընդդիմադիրների քննադատությունները չեզոքացնելու նպատակով ՀՀԿ-ից ով հասնում, ելույթ էր ունենում, փառաբանում կառավարությանը։ «Հավատացնում եմ, որ իշխանություններն ունեն բավական քաղաքական կամք խնդիրները լուծելու համար»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ ընդհանրական հղումներ անելով իշխանությանը։ ՀՀԿ-ի բոյկոտը խախտվեց, եւ ՀՀԿ-կառավարություն հարաբերություններն ավելի ցցուն դարձան, երբ ԲՀԿ ղեկավարը խրոխտ ելույթ ունեցավ՝ «բոչկա գլորելով» կառավարության որոշ անդամների՝ մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի «չսիրած» նախարարների՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի, ֆիննախարար Գագիկ Խաչատրյանի հասցեին, որոնք կատարողականի քննարկումներին անձամբ չներկայացան, ուղարկել էին ենթականերին։ Նաիրա Զոհրաբյանն անանուն, բայց անխնա քննադատեց քննարկումից խուսափող նախարարներին։



Ապա ձայն խնդրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որի հիմնական ասելիքը Հովիկ Աբրահամյանին ուղղված խայթոց էր։ Բաղդասարյանը հիշեց, որ Սերժ Սարգսյանը վարչապետ աշխատելու ժամանակ անձամբ էր ցանկացած օրինագիծ բերում ԱԺ՝ ակնարկելով, որ Հովիկ Աբրահամյանը դա չի անում։ Ասաց նաեւ, որ, այո, կան բացակայող նախարարներ, եւ ինքը համաձայն է գործընկերների այդ պահանջի հետ, որ ոլորտի պատասխանատուները պարտավոր են ներկա լինել այդ քննարկումներին:
Քաղաքական շրջանակներում այս իրավիճակը բացատրում են վարչապետի ու ՀՀԿ-ի հակասություններով եւ չեն բացառում, որ հող է նախապատրաստվում նրա պաշտոնանկության համար, բայց նաեւ գիտակցում են, որ Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ ռիսկի չի գնա ու ներթիմային գզվռտոց չի առաջացնի։



Կատարողականի քննարկմանը պարզվեց նաեւ, որ միայն ՀՀԿ-ն է կողմ քվեարկելու, թերեւս, ԲՀԿ-ն շատ կցանկանար նույնն անել։ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ կքվեարկի, որովհետեւ բյուջեն դիտարկվել է միայն որպես ֆինանսական, ոչ թե քաղաքական նպատակների իրականացման փաստաթուղթ, իսկ ցուցանիշները 2015-ին միայն վատացել են: ՕԵԿ խմբակցությունը դեմ կքվեարկի:



«Կառավարությունը չի կարողացել լուծել երկրում վխտացող սոցիալ-տնտեսական խնդիրները»,- ասաց Հեղինե Բիշարյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ 2015-ի բյուջեի ընդունման ժամանակ իրենք դեմ էին քվեարկել, եւ այն ժամանակ առկա խնդիրներն այսօր էլ պահպանվում են: Նա մատնանշեց կոռուպցիոն իրավիճակը, դրա դեմ իրական, վստահելի պայքարի անարդյունավետությունն ու մենաշնորհները տնտեսության մեջ: Ռուստամյանը հայտարարեց՝ քանի որ դեմ են քվեարկել բյուջեի ընդունմանը, հաշվետվությանը չեն կարող կողմ քվեարկել, եւ ՀՅԴ-ն ձեռնպահ կմնա: ՀԱԿ խմբակցությունը նույնպես դեմ կքվեարկի։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ