ՀՀԿ-ն որոշել է փոխել Բալասանյանի ճակատի գիրը

ՀՀԿ-ն որոշել է փոխել Բալասանյանի ճակատի գիրը

Այս հինգշաբթի, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի, որ Գյումրիի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուն ճակատի գիրը մի քանի անգամ փոխած, սկզբում ՕԵԿ-ական, հետո ԲՀԿ-ական, հիմա էլ ՀՀԿ-ին մերձեցող Սամվել Բալասանյանն է՝ գործող քաղաքապետը։ Հենց նա էլ կգլխավորի ՀՀԿ-ի ցուցակը։ Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքով Գյումրիում սեպտեմբերի 18-ին ոչ թե ուղիղ ընտրություններ են սպասվում, այլ ընտրողը կուսակցության ցուցակներից կընտրի ավագանի, վերջինն էլ՝ քաղաքապետ։ Նշենք նաեւ, որ 40 տոկոսից ավելի ձայն ստացած կուսակցության ցուցակի առաջնորդը մեխանիկորեն կդառնա քաղաքապետ։



ՀՀԿ-ում Բալասանյանի ընտրությունը բացատրում են սոցհարցումների բարձր տվյալներով։ Մինչդեռ այդ «տիտղոսի» հավակնորդների պակաս չէր զգացվում. ֆավորիտներից էր ԲՀԿ-ն լքած Մարտուն Գրիգորյանը, որին ՀՀԿ-ն որոշել է սիրաշահել՝ նրա մարդկանցից մտցնելով ՀՀԿ ցուցակ, դրա դիմաց ստանալով պատգամավորի աջակցությունն իր հակառակորդ Բալասանյանին։ Հետագայում էլ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ քվոտայով 2017-ին կգնա խորհրդարան։ Սակայն Վարդան Ղուկասյանի հարցում դեռ հստակություն չկա։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն էլ թեկնածու չի առաջադրի եւ կաջակցի Սամվել Բալասանյանին։ Հայտնի է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուն՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը հաստատեց իր առաջադրվելու լուրը եւ ընդգծեց, որ քաղաքապետի ընտրությունը կայանալու է անձերի միջեւ։ Նա չպատասխանեց մեր հարցին՝ Բալասանյանը կարողացե՞լ է գյումրեցիների վստահությանն արժանանալ, թե՞ ոչ։ «Բոլոր քաղաքապետերն էլ ունեցել են իրենց ձեռքբերումները, ցանկացած քաղաքապետի աշխատանք պետք է գնահատեն գյումրեցիները, ես որեւէ մեկի գործունեությունը չեմ ուզում գնահատել»,- ասաց Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպում-զրուցում է ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի միասնական հանդես գան։ Իսկ թե ում հետ է հանդիպել, Մարգարյանը չգաղտնազերծեց, դեռեւս քննարկումներ են ընթանում։ Ասաց միայն, որ ինքը մինչեւ վերջ գնալու է. «Իմ գյումրեցիները բոլորն իմ կողմից հարգված են, ու ես որեւէ թշնամի չունեմ»։



«Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է Լեւոն Բարսեղյանին իր ցուցակի առաջնորդ դարձնել, ԲՀԿ-ն կառաջադրի Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն Արմեն Բադեյանի թեկնածությունը։ Իսկ նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցության հարցը դեռ անորոշ է։ Գյումրիում վստահ են, որ ընդդիմադիր մարդկանց համար նոր կուսակցության գրանցման հարցում լուրջ խոչընդոտներ առաջ կգան, ու եթե չլինի «վերեւների» բարի կամքը, ապա կուսակցությունը չի գրանցվի, իսկ ժամկետները սուղ են, եւ բարդ է 2 ամսում հասցնել համագումար անել, տարածքային գրասենյակներ բացել, կուսակցականներ հավաքագրել։ Բալասանյանը Գյումրու քաղաքապետ է ընտրվել 2012-ին, ԲՀԿ-ականի կարգավիճակում, այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանի «լավ ժամանակներն» էին, կուսակցությունն էլ խրոխտ ընդդիմության կարգավիճակով սրընթաց առաջ էր շարժվում։



ՀՀԿ-ում շաբաթներ առաջ քննարկում էին կուսակցության Գյումրու կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածության հարցը, բայց հասկացան, որ այդ պլանն անիրագործելի է՝ Սահակը կվանի ընտրողին առանց այն էլ ցածր վարկանիշ ունեցող ՀՀԿ-ից։ Այդ ընթացքում ցայտնոտի մեջ ընկած Բալասանյանն իր խորհրդականի նախաձեռնությամբ ստեղծեց «Գյումրեցու ոգի» կուսակցությունը։ Սկզբում անգամ քննարկվում էր ընտրություններից հետո այս կուսակցությունների կոալիցիա ձեւավորելու ծրագիրը։



Երեկ Գյումրիից ընտրված ՀՀԿ մեծամասնական պատգամավոր Արման Սահակյանին հարցրինք՝ ՀՀԿ-ում, փաստորեն, կադրային սով կա, որ որոշել են աջակցել ոչ ՀՀԿ-ականի։ Սակայն նա հրաժարվեց խոսել։ Մեկ այլ գյումրեցի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ վստահեցրեց, թե դեռեւս նման որոշում չկա, բայց եթե լինի էլ, ապա կադրային սովի մասին խոսակցություններն անհիմն են։ «ՀՀԿ-ն բազա ունի, բոլոր դեպքերում եւ միշտ ունեցել է։ Այնպես որ, եթե այս կամ այն անձի շուրջ ՀՀԿ-ն երբեւէ պայմանավորվածության է գալիս, դա երբեք էլ չի նշանակում, որ ՀՀԿ-ն իր կադրային բազան չունի»,- վստահեցրեց Սուքիաս Ավետիսյանը՝ չբացառելով, որ ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Սամվել Բալասանյանը։ Թեեւ չասաց, թե կոնկրետ որ արժանիքների համար Բալասանյանը կարող է դառնալ ՀՀԿ-ի թեկնածուն, իսկ Բալասանյանի՝ ՀՀԿ-ական դառնալու հեռանկարի առիթով էլ ասաց. «Ես ոչ մի բան երբեւիցե չեմ բացառում»։ Հարցրինք՝ ՀՀԿ-ի համար դժվար չի՞ լինելու ճակատին բազում գրեր ունեցող թեկնածուի օգտին ժողովրդի քվեն կորզել։ «Էդ ավելի լավ է հարցրեք իրենից,- ասաց, ապա ավելացրեց։- Բայց մենք որոշում չունենք դեռ ինչ-որ մեկի պաշտպանելու, դրա համար հիմա ճակատներից խոսել, կարծում եմ, ժամանակը չէ»։



Իբրեւ գյումրեցի, խնդրեցինք գնահատել Բալասանյանի գործունեությունը՝ որպես քաղաքապետ։ «Ես այդ մասին բան չեմ ասելու այնքան ժամանակ, մինչեւ մենք հստակ քարոզարշավի փուլ մտնենք, այն ժամանակ ես իմ կարծիքը կասեմ»։ Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործոնը հաշվի առնելով՝ մտավախություն չկա՞, որ Գյումրիում անթաքույց հակամարտություն, պառակտում կառաջանա ՀՀԿ-ականների միջեւ։ «Հակամարտությունների, կոնֆլիկտների մասին խոսելն իմաստ կունենա, եթե լինի կոնկրետ որոշում»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ