Որ կուսակցությունը մտքովդ անցնի, ինձ կսատարի

Որ կուսակցությունը մտքովդ անցնի, ինձ կսատարի

Մարտուն Գրիգորյանը, որը փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն առաջիններից մեկը լքեց, այլեւս քաղաքական նոր տանիք ունի։ Գյումրիի կրիմինալ շրջանակների հետ սերտ շփումներ ունեցող պատգամավորին երաշխիքներ են տվել, նա պետք է հրաժարվի Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկությունից, որ հետագայում՝ 2017-ին, նորից ստանձնի օրենսդիրի աշխատանքը՝ ՀՀԿ քվոտայով։ Գրիգորյանը մինչեւ վերջերս առաջադրվելու մասին լրագրողներին տեղեկացնում էր, թե դեռ թիմով քննարկում են հարցը, սակայն երեկ մեզ ասաց, որ նոր ընտրակարգով ընտրություններին մասնակցելուն այնքան էլ կողմ չեն։ Թե ինչու, Գրիգորյանը չի չմանրամասնեց։ Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով այսուհետ Գյումրիում եւ Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն` Երեւանի մոդելով: Բացի այդ, երեկ մի նորություն էլ հայտնի դարձավ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ հնարավոր է այդ երկու քաղաքներում փորձարկվի էլեկտրոնային քվեարկության ծրագիրը։



- Պարոն Գրիգորյան, գրեթե հաստատվում է, որ ՀՀԿ-ի թեկնածուն Գյումրիի ընտրություններում լինելու է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մինչդեռ, ըստ լուրերի, Դուք նույնպես ջանքեր էիք գործադրում այդ աջակցությունն ստանալու համար։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն Ձեզ չպաշտպանեց։



- Դեռ չի առաջադրվել, թող առաջադրվի, նոր կխոսենք։ Ես այս պահի դրությամբ հստակ բան չգիտեմ։ Ինչ վերաբերում է ինձ, իսկ ո՞վ է ասել, որ էդ ուղղությամբ ես ինչ-որ ջանքեր եմ կատարել կամ ինչ-որ բան մի տեղ ասել եմ։



- Դուք, չէի՞ք ուզում առաջադրվել, ի՞նչ էիք այդ դեպքում քննարկում, ասում էիք, թե դեռ քննարկում եք։



- Բնականաբար, նախկին ընտրակարգի դեպքում կար հետաքրքրություն, բայց Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո, երբ քաղաքապետի ընտրությունը համամասնական ընտրակարգով է, հետաքրքրությունն էդքան էլ մեծ չէ, մեր թիմով էլի շարունակում ենք քննարկել թե քաղաքապետի, թե ԱԺ ընտրությունների հետ կապված։ Մոտ օրերս վերջնականապես կհայտարարենք մեր անելիքի մասին։



- Ինչո՞վ է պայմանավորված, որ նոր ընտրակարգով հետաքրքրությունը մեծ չէ։



- Դեռ քննարկում ենք, առաջիկայում կհայտարարենք։



- Գուցե պակաս հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ Դուք քաղաքական թիմ չե՞ք ներկայացնում, ու որեւէ ուժ չի՞ ցանկանում Ձեզ ընդգրկել իր համամասնական ցուցակի առաջին տեղում։



- Դուք էլ գիտեք, որ այդպես չէ, որ որեւէ քաղաքական ուժ ցանկություն չունի ինձ սատարելու։ Եթե ես կոնկրետ ցանկություն ունենամ առաջադրվելու, որ կուսակցությունը մտքովդ կանցնի, դրա անունը կարող ես տալ՝ ինձ կպաշտպանի։



- Օրինակ։



- Ես արդեն պատասխանեցի։



- Իսկ կաջակցե՞ք Բալասանյանին, եթե նա առաջադրվի ՀՀԿ-ի կողմից, թե՞ այլ թեկնածուի եք սատարելու։



- Կհայտարարվի, նոր ես իմ խոսքը կասեմ։



- Ասում են՝ ՀՀԿ-ի հետ փոխպայմանավորվածություն եք ձեռք բերել, որ կաշխատեք Բալասանյանի օգտին, Ձեր մարդկանց էլ կընդգրկեն ավագանու մեջ, ինքներդ էլ նորից կգործուղվեք խորհրդարան։



- Դե, պիտի նայենք, եթե քաղաքապետի ընտրություններին առաջադրվելու խնդիրը չկա, ապա թիմը նաեւ ավագանու հետ կապված զբաղվելու է, եւ իմ թիմակիցներից ընդգրկվելու են։



- Ո՞ր կուսակցության ցուցակով։



- Մոտ օրերս վերջնականապես կպատասխանեմ։ Այն կուսակցության հետ, որը հնարավորություն ունի Գյումրիում ինչ-որ բան կարգավորելու։



- Հանրապետականի՞։



- Դուք ասացիք...



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ