Պատմական ժամանակներ, պատմական համագումար

Պատմական ժամանակներ, պատմական համագումար

Հայաստանի համար «պատմական, ճակատագրական» օրերին, ավելի կոնկրետ՝ երեկ, տեղի ունեցավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարն ինքն էլ «պատմական» էր, իշխանության նախկին ներկայացուցիչը, որին մեղսագրվում են բազմաթիվ զանցանքներ, գլխավորը՝ Մարտի 1-ի համար իշխանության մեջ գտնվող անձի պատասխանատվությունը, համագումարին հուժկու քննադատեց իշխանություններին՝ գերազանցելով ամենաթունդ ընդդիմադիրներին։ Օսկանյանն ասաց, որ հայաստանյան ներկայիս իրականությունը վատ կառավարման, տեսլականի ու կամքի բացակայության արդյունք է, բայց ինքը հավատում է, որ այդ ամենը կարելի է արագ փոխել, եւ այդ պատճառով է, որ ստեղծել են «Համախմբում» կուսակցությունը։



Կուսակցության ստեղծման պահը Վարդան Օսկանյանն անվանեց ճակատագրական, երբ պատերազմը Հայաստանի գլխին կախված է, արտագաղթը չի դադարում, իսկ ժողովուրդը շատ բան չի ուզում` ընդամենը իր հասանելիքը` ապահովություն, անվտանգություն, արդարություն: Օսկանյանի խոսքով` երկրում չկա հանդուրժողականություն, նաեւ՝ խոսքի ազատություն: Նա նշեց, որ կարող ենք ձեւացնել, թե ունենք ազատություն, ժողովրդավարություն, ազատ տնտեսություն, բայց իրականությունն այդպես չէ, եւ ձեւացնելը շատ ավելի վտանգավոր է: ««Համախմբումը» հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու»,- ասաց պարոն Օսկանյանը: Երբ համագումարի ավարտից հետո լրագրողները նրան հիշեցրին, որ «Ա1+»-ը փակվել է իր իշխանության տարիներին, նա ասաց, որ եթե նախկինում եղել են սխալներ, չի նշանակում, թե հավերժ, հարյուր տարի պետք է այդ սխալները կրկնվեն: «Խոսքս դրա մասին էր, ուզո՞ւմ եք այս երկիրն առաջ գնա, թե՞ տեղում դոփի: Ուրեմն` ինչը նախկինում վատ է եղել, հիմա բացառվում է»,- նկատեց նա:



Օսկանյանն անցյալը սրբագրելու հուզումնալից խոսքեր ասաց. «Ես եկել եմ Հայաստան՝ հույսով, հավատով եւ երազանքով, 25 տարի անց, հակառակ իմ կյանքում տեղի ունեցած վայրիվերումներին, ես հավատում եմ ապագային»։ Նա ասաց, որ, որպես անձ, թերություններ ունի, բայց վստահեցրեց, թե անձնվեր պետական աշխատող է եւ հայրենասեր։



«Ի տարբերություն այլոց` ես գումարներ չեմ աշխատել հայրենիքում, հակառակը, իմ կապերը ներդրել եմ գումարներ բերելու»: Նա նշեց, որ հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից: «Ես լավ հայաստանցի եմ, ես լավ ղարաբաղցի եմ, լավ հալեպցի եմ»,- ոգեւորված հայտարարեց Օսկանյանն ու արժանացավ բուռն ծափահարությունների: Ռոբերտ Քոչարյանի օրոք շուրջ մեկ տասնամյակ արտգործնախարարությունը գլխավորած Վարդան Օսկանյանն իր ելույթից հետո չբացառեց իշխանափոխության շուրջ համագործակցությունը նաեւ ՀՀ երկրորդ նախագահի հետ: Իսկ հիմա, Օսկանյանի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ կուսակցության հետ կապ չունի: Ինչ վերաբերում է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` իրենց կուսակցությանն անդամակցելուն, ասաց, որ եթե Բաբայանը նման ցանկություն հայտնի, իրենք կանդրադառնան հարցին: Հավատո՞ւմ է, որ կարելի է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, Օսկանյանն արձագանքեց․ «Հավատը միշտ վերջում է կորչում»: Նաեւ չբացառեց հետընտրական պայքարը, իսկ արտաքին քաղաքականության տեսլականի մասին ասաց, թե որդեգրելու են կոմպլեմենտարիզմը։ Հավակնո՞ւմ է արդյոք 2017 թվականին զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Օսկանյանը պատասխանեց, թե դեռ վաղ է դրա մասին խոսելը: Գեղեցիկ ելույթների, Հայաստանում կյանքը փոխելու շռայլ խոստումների, գործող ռեժիմին ուղղված քննադատությունների պակաս չզգացվեց Օսկանյանի թիմակիցների ելույթներում, իսկ որոշումներն էլ, բոլոր կուսակցությունների պես, ընդունվեցին միաձայն՝ առանց «դեմ»-երի ու «ձեռնպահ»-ների։



Համագումարի պատմականությունն Օսկանյանի անհավանական ելույթով չսահմանափակվեց։ Առավել «պատմական» էր մարդու իրավունքների նախկին պաշտպանի ներկայությունն ու անդամակցությունը։ Իշխանությունների հալածանքներից հարկադրաբար հրաժարական ներկայացրած եւ իր հրաժարականի պատճառներն այդպես էլ չգաղտնազերծած Կարեն Անդրեասյանը Վարդան Օսկանյանի նորաստեղծ թիմում է։



«Վերաբերմունքները չեն կարող մարդուն քաղաքական, գաղափարական ուղղություն տալ, բայց այն, որ ես այսօր միացել եմ մի թիմի, որը փնտրել եմ երկար տարիներ, որպեսզի կարողանամ իմ պատկերացումները, երազանքները, ցանկությունները, մարդու իրավունքները ժողովրդավարության ոլորտում իրականություն դարձնել, սա է հիմնական պատճառը»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ շարունակելով. «Պարկեշտ ու ազնիվ թիմ եմ տեսնում այս կուսակցությունում, երկար ժամանակ պայքարելով իմ գաղափարների համար՝ հասկացել եմ, որ առանց մեծ ու լավ թիմի հնարավոր չէ որեւէ բան փոխել, իմ խորին համոզմամբ՝ այս թիմն ունի եւ ինտելեկտ, եւ ազնվություն, եւ նպաստելու է մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուծմանը»։ Կարեն Անդրեասյանին «լուսավորեցինք», որ Օսկանյանի հասցեին քննադատությունների պակաս չի զգացվում։ «Ես երբեք քաղաքական դաշտում սրբեր չեմ փնտրել եւ երբեք չեմ հավատացել սրբերի գոյությանը։ Ես գիտեմ, որ կան պարկեշտ մարդիկ, իսկ այս կուսակցության ղեկավար կազմը պարկեշտ մարդիկ են։ Այո, այս թիմով մենք կարողանալու ենք հարցեր լուծել»։



Ի դեպ, նախկինում հայտարարված նախաձեռնող խմբից բացի, նոր հանրահայտ անուններ չեղան, հյուրի կարգավիճակով մասնակցում էին արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւ այլք։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ