Զգացում եւ հավատք. դրանք են իմ մեջ աշխատել, որ Թամանյան եմ ստեղծել

Զգացում եւ հավատք. դրանք են իմ մեջ աշխատել, որ Թամանյան եմ ստեղծել

Առասպելական կերպար է քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, առասպելական են նաեւ նրա գործերը՝ «Վահագնի» հարթաքանդակը Երեւանի կոնյակի գործարանի պատին, Սասունցի Դավթի հարթաքանդակները Երեւանի մետրոպոլիտենի համանուն կայարանում կամ նրա ստեղծագործության բարձրակետ համարվող Ալեքսանդր Թամանյանի արձանը, որն իրավամբ Երեւանի խորհրդանիշն է։ Վարպետն այն մարդկանցից է, որը չի սիրում խոսել, փոխարենը խոսում են նրա՝ Ալեքսանդր Թամանյանի եւ Արմեն Տիգրանյանի արձանները, Օրբելի եղբայրների եռաքանդակը Ծաղկաձորում, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարթաքանդակներն ու Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Նիկողայոս Ադոնցի հուշարձանը Սիսիանում եւ Ջիվանու հուշակոթողը Ջավախքում։



Արտաշես Հովսեփյանը հեղինակ է 50-ից ավելի բոլորաքանդակների, հարթաքանդակների եւ բարձրաքանդակների։ Նա ստեղծել է նաեւ մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, ՀՀ ժողովրդական նկարիչ, բայց պետության ուշադրությունն ու հոգածությունն այդքանով են սահմանափակվել վարպետի նկատմամբ։ Նրա գործերը որքան գնահատված ու ճանաչված են, նույնքան անտեսված ու մոռացված է նրա անձը։ Վարպետը զուրկ է ապրելու եւ ստեղծագործելու տարրական պայմաններից, բայց անգամ հիմա՝ իր 85-ամյա հասակին, ձեռքը մուրճ է վերցնում ու աշխատում։



Վարպետի մոտ ընկեր, արձակագիր Վանուշ Շերմազանյանի հետ գնում ենք նրան այցի, բայց հանդիպում ենք արվեստանոցից դուրս՝ Արտաշես Հովսեփյանն է այդպես ցանկացել։ Վերջին մեր զրույցից հետո վարպետն էլ ավելի քչախոս է դարձել, այնուամենայնիվ, զրույցը փորձում եմ սկսել իր համար կարեւոր թեմայից։ Մեկ ամիս առաջ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց իր հեղինակած «Սասունցի Դավիթ» մեծածավալ որմնաքանդակը, որը 1988-ի Սպիտակի երկրաշարժից, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո անավարտ մնաց ու միայն վերջերս բացվեց։ 88-ից հետո ինքն էլ իր որմնաքանդակն ամբողջական վիճակով առաջին անգամ տեսավ հենց այդ օրը։



Վարպետը լուռ թոթվում է ուսերը, երբ հարցնում եմ, թե ինչ ապրում ունեցավ այդքան տարի փակի տակ պահած որմնաքանդակը տեսնելուց հետո։ «Դա հրաշալի գործ է, բայց կիսատ, ավարտված չէ, պիտի ֆինանսավորեն, որ վերջացնենք, դրան եմ սպասում, 3-4 ամսվա գործ է... Դա մեր էպոսն է, աշխարհում չկա էպոսն այդպես արած գործ, բա դա կիսա՞տ թողնեմ...»,-ասում է մի քիչ դառնացած, մի քիչ էլ ջղայնացած Արտաշես Հովսեփյանն ու հիշում, որ 4 տարի անընդմեջ իր վարպետ-ընկերների հետ աշխատեցին ու ոչ մի կոպեկ չստացան։ Հիմա էլ իր սպասելիքը ոչ թե վարձատրությունն է, այլ կիսատ թողած գործն ավարտին հասցնելը. «Արվեստն առհասարակ շատ անհասանելի բան է, ոչ մի արվեստագետ թող չասի, որ ես ինչ-որ բանի եմ հասել...։ Ոչ մի քանդակագործ չի կարող ասել՝ ես ավարտել եմ...»։



Հետաքրքրվում եմ, թե այսօր վարպետն ինչո՞վ է զբաղված։ «Զբաղվում եմ, էլի... Հիմա Փոքր Մհերին՝ քարայրում, ու Քուռկիկ Ջալալիի վրա եմ աշխատում, մեծ ծավալի գործ է։ Խանդութը (վարպետի աղջիկն է) շատ էր հավանում, տան համար եմ անում։ Աղջիկս շատ խելոք է, ասում է՝ գիտությունն արվեստի առաջ հեչ բան է»։ Հարցնում եմ՝ ի՞նչ է մտածում այսօրվա Երեւանի, օր օրի ավելացող արձանների մասին։ Վարպետն օդում ձեռքը վրդովված թափահարում է ու արտաբերում. «Երեւանում քանդակ չկա... փոխանակ մաքրեն քաղաքն այդ զիբիլներից, դեռ ավելացնում են...»։



Տարիների հեռվից, երբ նայում է իր գործերին, ունենո՞ւմ է ցանկություն ինչ-որ բաներ շտկելու կամ թե ինչ-որ բաներ այլ կերպ անելու։ Վարպետը տալիս է իրեն հատուկ կարճ պատասխան. «Ավարտված են, փոխելու տեղ չկա... Տիգրանյանի, Թամանյանի ի՞նչը փոխեմ, նրանց նման աշխարհում չկա...»։ Իսկ հիշո՞ւմ է՝ ամենաշատն ո՞ւմ քանդակի վրա է աշխատել։ «Անգամ հիմա չեմ կարողանում ասել, թե ոնց են դրանք ծնվել։ Արվեստը զգացում է եւ հավատք, դրանք են իմ մեջ աշխատել, որ ես Թամանյան եմ ստեղծել, Նարեկացի եմ ստեղծել (նկատի ունի Արմեն Տիգրանյանի արձանը)։ Արմեն Տիգրանյան արեցի՝ Նարեկացի դառավ։ Հնարավոր չէ Թամանյանի կամ Տիգրանյանի նման նոր արձան անել։ Ես հիմա չեմ էլ կարող բացատրել, թե ինչու այդպես արեցի… վերացած եմ եղել, ինչ-որ չափով խախտված, մտածելով անգամ, որ չես կարող ստեղծել, բայց զգացումն ու հավատքը պետք է քեզ առաջ տանեն»։



Վարպետն ասում է՝ քանդակ անելը կոշիկ կարել չէ, որ մի զույգ էլ կարի, եւ նրանց, որոնց քանդակել է, դրանցից այն կողմ էլ ոչ ոքի չէր ուզի քանդակել. «Ինչ որ արել եմ, դրանից ավել ուզենայի էլ, չէր ստացվի։ Թամանյանին Մոսկվան տվեց ԽՍՀՄ լաուրեատի կոչում, դա մի կոչում է, որպիսին Սովետական Միությունում ոչ ոք չունի։ Նույնը՝ Արմեն Տիգրանյանի արձանիս»։



Թամանյանի արձանի մասին խոսելիս վարպետը վերհիշում է, թե ինչպես շահեց մրցույթը, երբ դեռ ուսանող էր՝ սովորում էր Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում. «Չուբարյանն ասեց՝ մասնակցի, ես էլ մասնակցեցի ու շահեցի։ Ուզում էի նորություն անել, 10 տարի տանջվեցի Թամանյանի վրա, ինչ անում էի, նորություն չկար, հետո եկավ ու ծնվեց այդ 3 քարը։ Մի լենինգրադցի ջահել ճարտարապետ էր եկել, ասեց՝ դո՞ւք եք հեղինակն այս արձանի, ես էլ այդ ժամանակ արդեն Թամանյանը տաշում եմ, ասեցի՝ հա, ի՞նչ է եղել, չե՞ք հավանում, ասեց՝ ես եմ հայտնաբերել, որ 3 քարը դա հենց ճարտարապետություն է, բայց դեռ չեմ տպագրել, որտեղի՞ց դա գիտեք, ասեցի՝ պատասխանը հենց ձեր հարցի մեջ է, եթե չեք տպագրել, ես էլ չեմ կարդացել։ Ես իրեն ասեցի, որ այդ առաջին քարը մեր հնագույն ճարտարապետությունն է, երկրորդ քարը՝ մեր ուշ ճարտարապետությունը, իսկ 3-րդ քարով հանճարեղ Թամանյանը կամուրջ է գցում այդ երկուսի միջեւ եւ ստեղծում մեր նորագույն ազգային ճարտարապետությունը։ Դրանից հետո ասեց՝ դուք հանճարեղ քանդակագործ եք»,-ասում է մտքերի մեջ խորասուզված վարպետը։



«Կնճիռն է ճակտին, հայացքում՝ խռովք։ Ձեռքին է մուրճը եւ չի ժանգոտվում». այսպես է Արտաշես Հովսեփյանի մասին արտահայտվել մեկ այլ վարպետ՝ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը, որը եղել է նաեւ Հովսեփյանի ուսուցիչը, եւ որի մասին մեծագույն հարգանքով է խոսում վարպետը։ «Ես եկել էի Սիսիանից, ինձ՝ գեղացի, անհեր, անտուն, տեխնիկում ընդունեցին, հաջորդ տարին ինքն ասեց՝ պիտի գնաս Լենինգրադ, ասում էի՝ այ ընկեր Չուբար, ես էշ էի քշում Սիսիանում, նույնիսկ հայերեն խոսել չգիտեմ, ուր մնաց ռուսերեն, ասեց՝ գնա, այնտեղ ուրիշ լեզվով են խոսում»,-պատմում է Արտաշես Հովսեփյանը։



Թե իր սիրելի կանանց հաճա՞խ է անդրադարձել արվեստում, իրեն հատուկ անմիջականաությամբ վարպետը նկատում է՝ «Տենց մանր բաներ չես հիշի... ձեռիս հետ արել եմ, էլի», եւ հիշում է մորը. «Հորս, որ գնդակահարեցին, որպես կուլակ, տուն-տեղն առան, մորս՝ չորս երեխով, գցեցին քուչեն, ու ոնց է մեզ պահել, որ սոված չենք մեռել....։ Իմ մանկությունը սա է եղել, խեղճ մերս մեզ գոմում, հավաբնում է պահել, որ ցրտից, սովից չենք մեռել։ Մի օր եկավ ասեց՝ այ բալա, սաղին քանդակիր, չասիր մորս քանդակեմ..., եթե չասեր, դա էլ չէի անի, բայց իրեն քանդակեցի արդեն մարմարի մեջ՝ գերեզմանին...»։



Քիչ չեն նաեւ Արտաշես Հովսեփյանի անավարտ գործերը, մեկը Խորենացու արձանն է, որը 70-ականներին շահեց մրցույթը, բայց ժամանակի իշխանությունների կողմից որոշվեց 3-րդ մրցանակի արձանը տեղադրել, իսկ Հովսեփյանի 1-ին մրցանակի արժանացած գործը պահել՝ ավելի լավ տեղում դնելու համար։ Անցան տարիներ, այդ լավ տեղն այդպես էլ չգտնվեց, արձանի նմուշն էլ արվեստանոցի բակում ժամանակի ընթացքում փշրվեց։ Խորենացու արձանից այսօր միայն նկարն է մնացել, որն անշուշտ, ցանկության դեպքում հնարավոր է վերականգնել։  



Դեռ 2006-ին քանդակագործն ու նրա եղբայր՝ գեղանկարիչ Զաքար Խաչատրյանը Սիսիանում իրենց տունը նվիրաբերեցին պետությանը։ Կառավարության որոշմամբ այն պետք է գործեր որպես եղբայրների տուն-թանգարան, ինչն արդեն 10 տարի ձգձգվում է։ Զանգահարում եմ մշակույթի նախարարություն եւ տեղեկանում, որ այս տարի վերջապես բյուջեով գումար է հատկացվել տուն-թանգարանի համար, առաջիկայում կհայտարարվի մրցույթ։ Կարեւորություն չտալով իր եւ եղբոր տուն թանգարանի լինել-չլինելուն, վարպետն իր անձի մեծության գիտակցումով, բայց նույնքան էլ համեստորեն ասում է. «Իմ տուն-թանգարանն իմ գործերն են՝ հրապարակներում»։



Վարպետի դեմքին հանդիմանանք եմ տեսնում, երբ ասում եմ, որ ինչպես 20 տարի առաջ, հիմա էլ մարդիկ գնում են Երեւանից, իսկ ինքը մնաց, թեեւ առիթներ շատ է ունեցել։ «Ո՞ւր գնամ, որ ի՞նչ....։ Դրանք ո՞ւմ են պետք...»։ Վարպետը դժվարությամբ է խոսում, շուտ է հոգնում, շատ հարցերի չի պատասխանում, շատ բան էլ չի հիշում, վերջում հարցնում եմ, թե ինչի մասին կուզեր խոսել։ «Ես խոսել եմ իմ գործերով եւ դարեր խոսելու եմ։ Նրանք կան, ուրեմն ես էլ կամ։ Էն ո՞վ էր ասել՝ արվեստագետն ապրում է մեռնելուց հետո՝ իր գործերով։ Ես իմ այդ գործերով կապրեմ»։



Հունիսի 22-ին լրանում է Արտաշես Հովսեփյանի 85-ամյակը, այդ առիթով հունիսի 23-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում լինելու է Արտաշես Հովսեփյանի 85-ամյա հոբելյանին նվիրված հատուկ երեկո. եւս մի առիթ մեծարելու եւ գնահատելու մեր քաղաքի կենդանի լեգենդին, մոնումենտալ քանդակի վարպետին, քաղաքը քաղաք դարձնողին՝ Արտաշես Հովսեփյանին։