«Ստրասբուրգի նախշուն բաջի»-ն եւ երեքի հայտարարությունը

«Ստրասբուրգի նախշուն բաջի»-ն եւ երեքի հայտարարությունը

Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ձեռքսեղմումով վերջնականապես լուծվեց 800 հեկտարի` կանաչ խիարի պատմություն դարձած հարցը: Կողմերը, նախագահ Պուտինն էլ նրանց հետ, կարելի է ասել, համաձայնեցին, որ այդ 800 հեկտարն անցնում է Ադրբեջանին:



Սանկտ Պետերբուրգի հանդիպման մի կարեւոր կողմն էլ այն էր, որ Ալիեւին թողնվեց որոշելու հաջորդ պատերազմի օրն ու ժամը: Եվ դա արվեց շատ նուրբ ձեւով` Ալիեւին ժամանակ տվեցին ավելի լավ զինվելու եւ ավելի լավ պատրաստվելու հաջորդ պատերազմին, եթե շփման գծում ԵԱՀԿ միջազգային դիտորդները, թող որ իրենց ավելացված թվաքանակով, ինչպես նաեւ վերջնականապես պատվազուրկ եղած ՄԽ համանախագահները, «գրավյալ» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու փոխարեն, շարունակեն իրենց տուրիստական առաքելությունները դեպի տարածաշրջան եւ հակառակ ուղղությամբ: Ստացվում է, որ Ալիեւը համաձայնել է ժամանակ շահել, ինչը նրան, այսպես ասենք` իրենց խաղաղասիրական կոչերով ստիպել են Պուտինն ու Սարգսյանը:
Հասկացա՞նք նուրբ պահը:



Համատեղ հայտարարության մեջ, հավանաբար, նկատել եք այս տողը. «Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Պատկերացնո՞ւմ եք, երեք չափահաս մարդ գոհունակություն են հայտնել, որ վերջին շրջանում հարաբերական խաղաղություն է տիրում շփման գծում, եւ այդ երեքից մեկը նա է, որը դեռ երեկ հրաման էր տալիս զորքերին զանգվածային ոչնչացման զենք կիրառել հակառակորդի դեմ: Խոսքն Ալիեւի մասին է: Եվ նա հիմա գոհունակություն է հայտնում այն բանի համար, որ ինքն այլեւս չի հրամայում կրակել:



Իսկ սա դեռ Պուտին-Ալիեւ-Սարգսյան համատեղ հայտարարության ամենազավեշտալի մասը չէ: Շարունակում ենք կարդալ հայտարարությունը. «Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»: Նախագահներին վայել չէ սուտ խոսելը: Հավանաբար, այս նորմը չի վերաբերում Սանկտ Պետերբուրգի հանդիպման գլխավոր դերակատարներին: Բանն այն է, որ հայկական կողմը մեկ անգամ չէ, որ Ադրբեջանին մեղադրել է ձեռք բերված պայմանավորվածությունները (եթե, իհարկե, այդպիսիք կան) ոտնահարելու եւ կարգավորման պրոցեսին այլ հունավորում տալու մեջ: Եվ, ուրեմն, հիմա այդ ի՞նչն են փաստել, այն էլ՝ մի շարք հարցերի գծով:



Մարդու ստեղծած ամենահին արվեստներից մեկն է թատրոնը: Մենք` հայերս, թատրոնի մեջ առաջամարտիկ ենք եղել դեռ անհիշելի ժամանակներից: Մենք մինչեւ վերջ գիտակցել ենք թատրոնի` մարդկանց վրա տպավորություն թողնելու մեծ ուժը: Մենք այսօր թատրոն չունենք, բայց մեր թատերական ջիղը, որ գալիս է գեներով, դույզն-ինչ չի տուժել: Մենք կարողանում ենք թատրոն տալ առանց սցենարի, առանց դերերի բաշխման, առանց պիեսի, առանց հանգույցի, առանց ֆինալի, ի զորու ենք մեկ գործողությամբ լացացնել ու անսահման զվարճացնել մեր հանդիսատեսին:



Հունիսի 20-ին, երբ Սանկտ Պետերբուրգում հանդիպում էին Պուտինը, Սարգսյանը եւ Ալիեւը, ԵԽԽՎ վեհաժողովի ամառային նստաշրջանում մարտի էին ելել տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի, անուն` Հերմինե Նաղդալյան եւ Նաիրա Կարապետյան` ՀՀԿ-ական ազնվազարմ տոհմից:



Թե ինչպես են այս երկու կինն Ալիեւին եւ նրա ռեժիմը կապել նացիզմի սյունին, թույլ տվեք այստեղ չպատմել, որովհետեւ, եթե դրանք եվրոպական բեմում այս կանանց իմպրովիզներն են, ապա` ուշացած սրացումներ են, իսկ եթե, այնուամենայնիվ, հստակ հանձնարարություն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ֆոնին, ապա` խայտառակություն Հայաստանի արտաքին քաղաքական ճակատում: Ընդամենը` մեկ-երկու ֆրազ. «Կոչ եմ անում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովին՝ ասել ո՛չ Ալիեւի ռեժիմին, ո՛չ ռասիզմին, ո՛չ նացիզմին…»: «Ալիեւյան ռեժիմը չարիք է ոչ միայն սեփական ժողովրդի համար. 15 տարվա անդամությունը Եվրոպայի խորհրդում չի բարելավել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակը, ավելին` այն դեգրադացիա է ապրում: Բոլոր հայտարարությունները՝ Ադրբեջանում ժողովրդավարության առաջխաղացման մասին, խաբեություն են: Բռնապետությունը Եվրոպայի խորհրդում տեղ չունի»:



Ի՞նչ էին ուզում ասել նրանք Իլհամ Ալիեւին եւ նրա ռեժիմին այն պահին, երբ իրենց երկրի նախագահը հանդիպում էր այդ նույն նացիստ Ալիեւի հետ, ասես ոչինչ էլ չի եղել: Խեղճ Եվրոպան ցնցված հետեւում էր մերթ հայ կանանց ստրասբուրգյան գթաշարժ ողոքումներին, մերթ Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասնակիցների անհոգ տրամադրությանն ու ընդունած հանճարեղ հայտարարությանը, որով փաստել են, որ պատերազմի հրձիգ Ալիեւը գոհունակություն է հայտնում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Դե, իսկ Ալիեւի հետ Սարգսյանի ձեռքսեղմումն արդեն այս վերջ չունեցող տրագիկոմեդիայի գագաթնակետն է, որով սկսվեց հաջորդ 800 հեկտարը հանձնելու հետհաշվարկը՝ բնականաբար, հետագա բանակցություններում Արցախի բացակայությամբ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ