Պապին սպասելիս

Պապին սպասելիս

«Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսն է կրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որը կտեւի հունիսի 24-26-ը։ Հայաստանյան այցին ընդառաջ Հռոմի պապը նախօրեին ուղերձ էր հղել հայությանը, որտեղ իր այցն ուխտագնացություն էր անվանել, իրեն էլ՝ ուխտագնաց, որը գալիս է թաթախվելու հայ ժողովրդի հնագույն իմաստնության մեջ։ Նրան ուղեկցելու են 30 պաշտոնատար անձինք, որոնց մեջ՝ 4 կարդինալ։ Օդանավակայանում նրան կդիմավորեն ծիրանով ու լավաշով։ Ինչպես տեղեկացանք, Հռոմի պապի աշխատակազմը պահանջել է, որ դիմավորողների մեջ չլինեն բիզնես աշխարհի ներկայացուցիչներ։ Արդեն հայտնի է, որ պապը հանգրվանելու է Մայր Աթոռում։ Ֆրանցիսկոս պապի գրաֆիկն անհավանական խիտ է ու ծանրաբեռնված։ Գյումրիում Վարդանանց հրապարակում իրականացրած սուրբ պատարագից հետո պապն օդանավով վերադառնալու է Երեւան, որտեղ երեկոյան՝ արդեն Հանրապետության հրապարակում, խաղաղության աղոթք է հնչեցնելու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ 



Հատկանշական է լինելու Հռոմի պապի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հատուկ աղոթքի արարողությանը հաջորդելու է ծառատունկի արարողությունը եւ Ցեղասպանության թանգարանի հյուրերի գրքում գրառումը: Հռոմի պապի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր նույնպես հայտնվել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, Reuters-ը գրում է, որ Վատիկանի պաշտոնական օրակարգում «Հայոց ցեղասպանության հուշահամալիրի» փոխարեն գրված է «Հայոց ջարդերի հուշահամալիր»՝ ակնարկելով, որ այդկերպ Վատիկանը փորձում է եւս մեկ անգամ չսրել Անկարայի հետ իր հարաբերությունները։ Բոլորն են հիշում, որ 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչից հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից։



«Nbcnews-ն» էլ, անդրադառնալով Հռոմի պապի հայաստանյան այցին, իր ուշադրությունը բեւեռել է այն փաստին, թե այս անգամ Վատիկանի առաջնորդն ինչ անուն կտա 1915-ի դեպքերին, որի ժամանակ զոհ գնացին մոտ 1.5 մլն. հայեր՝ նշելով, որ այս այցելությունը միաժամանակ լինելու է նաեւ թուրքերի ուշադրության կենտրոնում։ Ապա պարբերականն ընդգծել է, որ ավելի քան 20 երկիր կատարվածն անվանել են ցեղասպանություն, չնայած Թուրքիան շարունակում է հերքել «ցեղասպանություն» տերմինը։ Nbcnews-ի կարծիքով, պապի կողմից «ցեղասպանություն» բառի արտաբերումը Հայաստանում կարող է դիտվել արդեն ուղիղ ճնշում Օբամայի նկատմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում։



Հռոմի պապի այցի օրակարգի հետ կապված որոշ մանրամասներ նախօրեին ներկայացրել էր նաեւ Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար հայր Ֆեդերիկո Լոմբարդին, նշելով, որ հայաստանյան այցի ընթացքում պապը հանդիպելու է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած կոտորածների զոհերի ժառանգների հետ: Ի դեպ, պապն իրեն ուղեկցող խմբում ընդգրկել է ցեղասպանությունը վերապրած ժառանգի, որը մասնագիտությամբ լրագրող է։ Իսկ Հռոմի պապի այցը Հայաստան կլուսաբանեն 600 հավատարմագրված լրագրողներ։
Հետաքրքիր է, որ Հռոմի պապի պաշտոնական այցի նախնական օրակարգում չի եղել Խոր Վիրապ այցելությունը։ Բայց արդեն հայտնի է, որ օդանավակայան մեկնելուց առաջ Պապը Վեհափառի հետ կայցելի նաեւ Խոր Վիրապ, որը, The Wall Street Journal պարբերականի գնահատմամբ, 15 րոպե հեռավորության վրա է գտնվում թուրքական սահմանից, եւ որտեղից տեսանելի է Արարատ լեռը։ Խոր Վիրապում խորհրդանշական ծիսական արարողությունից հետո 2 հոգեւոր առաջնորդները, ի նշան խաղաղության, աղավնիներ են բաց թողնելու երկինք։



Նշենք նաեւ, որ Հռոմի պապի այցը Հայաստան առաջինն է նրա այս տարվա կովկասյան տարածաշրջան ծրագրվող այցելությունների շարքում: Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը Ֆրանցիսկոս պապը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ