Վախենում են եկեղեցի մտնել, կարող է՝ փլվի

Վախենում են եկեղեցի մտնել, կարող է՝ փլվի

Վայոց Ձորի մարզի Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է ծայրահեղ անմխիթար վիճակում, պատերը փլուզվում են, ներսի որմնանկարները՝ ջնջվում, գյուղի բնակիչներն էլ վախենում են եկեղեցի մտնել։ Եկեղեցու անմխիթար վիճակի մասին երեկ «Տեսակետ» ակումբում ահազանգեց Գնդեվազի բնակչուհի՝ ապագա էկոլոգ Մարիաննա Արշակյանը։ «Եկեղեցու երկու պատերը քանդվել են արդեն, եւ նունիսկ վախենում ես եկեղեցի մտնել, կարող է գլխիդ փլվի, ու չկարողանաս դուրս գալ»,-ասում է նա ու նշում, որ եկեղեցու վիճակի մասին բարձրաձայնել է թե մարզպետարանին, թե գյուղապետարանին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել։ Մարիաննա Արշակյանը նաեւ ընդգծում է՝ եկեղեցու տարածքն ամբողջությամբ վերածվել է աղբանոցի, կենցաղային աղբը լցրել են հիմնականում գյուղի բնակիչները, ու քանի որ Սուրբ Աստվածածինը հանձնված չէ Մայր Աթոռին, եկեղեցին հոգեւոր հովիվ էլ չունի։



Ինչո՞ւ է 17-րդ դարի եկեղեցին հայտնվել այս վիճակում, եւ տեղյա՞կ են առկա խնդրի մասին։ Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը նշեց, որ տեղյակ են, քանի որ եկեղեցու մոտակայքում բնակվում է նախարարության մարզային ծառայության հսկիչը, որը նախարարությանը պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում եկեղեցու վիճակի մասին։ Ըստ Շաքարյանի, Գնդեվազի եկեղեցին Վայոց Ձորի մարզի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է որպես տեղական նշանակության հուշարձան, ինչը որոշակի պարտավորություններ է դնում համայնքի ղեկավարի վրա. «Մեր գործող օրենսդրությամբ, հուշարձանի վերականգնման, նորոգման, ամրակայման պարտավորությունները վերապահվում են տվյալ համայնքին»։ Այլ կերպ ասած՝ տեղական իշխանություններն են պատասխանատու թե հուշարձանի ամրակայման, թե շրջակա միջավայրի բարեկարգման համար, այդ թվում՝ աղբահանության։



Թե սրանից այն կողմ ինչ աստիճանի վթարային վիճակում պետք է հայտնվի եկեղեցին, որպեսզի նախարարությունը միջամտի, ապա՝ նախարարության մասնակցությունն այս հարցում միայն խորհրդատվական բնույթի է։ Գումարներն արդեն բաշխված են, եւ մշակույթի նախարարությունն այս տարի մոտ 20 հնագիտական հուշարձանների համար հատկացրել է արդեն մոտ 280 մլն. դրամ, ավելին անել չեն կարող։ Նախարարությունը չունի նաեւ իրավասություն՝ տեղական իշխանություններին պարտադրելու հետեւողական լինել պահպանության հարցում. «Տեղական ինքնակառավարման մարմինը մտահոգվելու դեպքում կարող է անմիջապես նախաձեռնել դրա վերականգնման աշխատանքները, կազմել, պատվիրել նախագիծ, մենք պատրաստակամ ենք մասնագետների հանձնարարել զբաղվել դրանով»։



Պահպանման ենթակա հուշարձաններն ընտրելու համար նախարարությունն ամեն տարի կատարում է հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիտորինգ։ Նախարարության ներկայացուցիչն ասում է, որ այս եկեղեցին նույնպես կարեւոր է, բայց նման վիճակում գտնվող եկեղեցիները շատ են, եւ հաշվառված է ավելի քան 200 հուշարձան, որոնք վթարային վիճակում են։ Իսկ ընտրությունը՝ վերականգնման համար, կատարում են՝ ելնելով հնությունից եւ վթարային վիճակի աստիճանից։ Այս պահին նախարարությունը կարող է միայն խոստանալ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում այն կընդգրկի վերականգնվող հուշարձանների ցուցակում։ Ըստ Շաքարյանի, այն, որ հուշարձանը կա, կողոպտված չեն քարերը, վնասված չէ այն աստիճանի, որ դրա վերականգնումն անհնար լինի, հույս է տալիս, որ նախագիծ լինելու դեպքում հնարավոր կլինի այն վերականգնել։



Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եկեղեցին 10 տարուց ավելի այդ վիճակում է։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ 10 տարի շարունակ եկեղեցին անուշադրության է մատնված։ «Ֆինանսների սուղ լինելու պատճառով չենք կարողացել վերանորոգել, բայց առաջիկա մեկ տարվա մեջ անպայման կվերանորոգվի, եւ մենք ինքներս ենք այդ հարցը բարձրաձայնել, որ կա նման խնդիր, եւ պետք է վերանորոգվի։ Մենք դիմել ենք տարբեր կազմակերպությունների, բարերարների, նաեւ մշակույթի նախարարությանը, բայց այդպես էլ արդյունք չենք ստացել։ Հիմա ունենք միջոցներ եւ 2017-ին կվերականգնենք, ու այնպես չէ, որ ամբողջովին քանդված է կամ 2 պատ է՝ այնտեղ մատաղ էլ են անում»։ Հարցին, որ մինչեւ 2017-ը եկեղեցու վիճակը գուցե ավելի վատթարանա, ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, որ փուլ առ փուլ իրականացվեր, ապա, ըստ նրա, մաս-մասի դեպքում հնարավոր է ավելի շատ տուժի եկեղեցին։ Ինչպես նշեց Մկրտչյանը, եկեղեցու վերականգնման նախագիծը շուտ էին պատվիրել, եւ մոտ 35-40 մլն. դրամ գումարի ներդրում կպահանջվի, որպեսզի եկեղեցին ամբողջությամբ՝ իր շրջակա միջավայրով հանդերձ, վերականգնվի ու բարեկարգվի։ Մկրտչյանը համաձայն չէ, որ եկեղեցու շուրջն աղբավայրի է վերածվել, ասում է՝ աղբահանությունը 3 օրը մեկ կատարվում է իրենց մոտ, իսկ եղածը ոչ թե կենցաղային աղբ է, այլ՝ շինաղբ։ Համայնքապետը հավաստիացրեց, որ իրենք էլ են շահագրգռված եւ անհանգիստ եկեղեցու համար։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ