Գիտնականները գերադասեցին փորձած թանն անփորձ մածունից

Գիտնականները գերադասեցին փորձած թանն անփորձ մածունից

Երեկ ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ակադեմիայի կառավարման մարմինների՝ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի ընտրությունները: Գլխավոր հարցը, անշուշտ, ԳԱԱ նախագահի ընտրությունն էր, որտեղ ոչ մի անակնկալ չգրանցվեց։



Ռադիկ Մարտիրոսյանն արդեն 3-րդ անգամ վերընտրվեց՝ 108 կողմ, 19 դեմ, 2 անվավեր ձայների հարաբերակցությամբ։ Ընտրությունն անցկացվում էր փակ դռների հետեւում, առանց մամուլի ներկայության։ Հիմնավորումը մեկն էր՝ կարգն է այդպիսին։
Ինչպես տեղեկացանք՝ Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունն առաջադրվել է առանց որեւէ դիմադրության, կարելի է ասել՝ միանգամայն հաշտ ու համերաշխ մթնոլորտում, չեն եղել ոչ այլ թեկնածուներ, ոչ էլ այլ ելույթներ, չնայած վերջին շաբաթներին մամուլում քիչ չէին Ռադիկ Մարտիրոսյանի, նրա պաշտոնավարման բացթողումների շուրջ հանդես եկող գիտնականների ու գիտաշխատողների քննադատությունները։ Մինչ քվեարկությունն ընթանում էր, ակադեմիայի անդամներն արդեն հեռանում էին շենքից՝ չսպասելով արդյունքների ամփոփմանը։ Ըստ էության, այլ թեկնածուների բացակայությունն արդեն կանխորոշել էր արդյունքը, ավելին՝ մինչեւ քվեարկության ավարտը ակադեմիկոսներից շատերը զրույցի ընթացքում Ռադիկ Մարտիրոսյանի մասին խոսում էին «ընտրված» ժամանակով։ Ինչ վերաբերում է ԳԱԱ կանոնադրության այն կետին, որ նույն անձը 2 անգամից ավելի անընդմեջ չի կարող ընտրվել նախագահի պաշտոնում, ապա, պարզվում է, առաջին անգամ, երբ Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է ակադեմիայի նախագահի պաշտոնում, ԳԱԱ կանոնադրությամբ դեռ նման սահմանափակում չի եղել։ Նախագահի պաշտոնավարման սահմանափակումն իր կողմից է առաջարկվել մտցնել՝ նախորդ ընտրության ժամանակ։ Այսինքն՝ սահմանափակման օրենքն ընդունվել է նրա վերընտրությունից հետո, իսկ քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, ապա այդ սահմանափակումն իր դեպքում, կանոնադրության համաձայն, կգործի 5 տարի հետո միայն։



Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի կարծիքով այն, որ այլ թեկնածուներ չեն եղել, մի բան է նշանակում. «Ըստ երեւույթին, մնացածը մտածել են, որ ամենահարմարն ինքն է»։ Այն դիտարկմանը, որ առողջ մրցակցությունն ընդհանրապես բացակայել է ընտրություններում, ըստ Հարությունյանի, դեմոկրատիան լավ բան է, բայց միշտ չէ, որ ձայների մեծամասնությամբ ճիշտ որոշման են հանգում. «Գոյություն ունեին մարդիկ, որ կարող էին իրենց թեկնածությունը դնել կամ չդնել, տվյալ դեպքում, եթե բոլորը տեսնում են, որ այս թեկնածուն իր նախորդ աշխատանքային ընթացքում կատարել է բավականին գործ, սկսում են համեմատել, որ ավելի լավ է նա լինի, մենք մեր գիտությամբ զբաղվենք, որովհետեւ դա նաեւ ծանր աշխատանք է, ամեն մարդ չի ցանկանա այդ ծանր աշխատանքը կատարել»։ Հենց այդ ծանր աշխատանքն անելու համար էլ շատերը ցանկանում էին, որ ավելի երիտասարդ կադր գա։ «Դուք չեք կարող շատ երիտասարդի դնել, որովհետեւ փորձ չունի, այստեղ նաեւ փորձն է կարեւոր»։ Հայկ Հարությունյանը կարծում է, որ մարդու մասին չի կարելի դատողություններ անել մեկ բառով (նկատի ունի «քոսոտ երկիր» արտահայտությունը), այլ իր ամբողջ գործունեությամբ։ Այդ դեպքում ինչպե՞ս կգնահատի Ռադիկ Մարտիրոսյանի 10 տարվա գործունեությունը, ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել ակադեմիայի եւ գիտության համար։ «Կարծում եմ՝ եղել են բավականին արդյունավետ, միայն Բյուրականի աստղադիտարանի օրինակով վերցնեմ, որը մինչ նա գտնվում էր բավականին խղճալի վիճակում, հենց իր անմիջական աջակցությամբ դարձել է ժամանակակից գիտական կենտրոն՝ իր աշխատող գործիքներով»։



Ըստ ակադեմիկոս, ֆիզիկոս Էդուարդ Չուբարյանի, մարդիկ արդեն սովոր են աշխատել Ռադիկ Մարտիրոսյանի հետ, նրա հետ աշխատելը դժվար չէ։ «Լսում է մարդկանց, հաշվի է առնում նրանց կարծիքը, եթե պետք է»,-ասում է Չուբարյանն ու նկատում, որ այս անգամ վերընտրվելուց «համարյա դժգոհ մարդ իրենից չկար»։ Այնուհանդերձ, ակադեմիկոսը կարծում է, որ, օրինակ, ֆիզիկոսների մեջ կար մարդ, որ կարող էր դառնալ նախագահ, ավելին՝ համոզված է, որ մյուս գիտություններում էլ կլինեին, բայց կարծում է, որ «փորձած թանն անփորձ մածունից ավելի լավ է»։ Չուբարյանը մոտիկից ճանաչում է Ռադիկ Մարտիրոսյանին եւ վստահեցնում է, որ թեեւ «քոսոտ երկիր» արտահայտությունն իրեն է պատկանում, բայց դա իր կարծիքը չէ, ինքն այդ մարդը չէ՝ վրիպել է։ Իսկ ինքը՝ Չուբարյանը, որպես ակադեմիկոս, բոլորովին չի նեղվել այդ արտահայտությունից։ Նա միջինից մի քիչ բարձր է գնահատում մեր գիտության վիճակը Ռադիկ Մարտիրոսյանի պաշտոնավարման ընթացքում. «Ամեն ինչ փոխվում է ժամանակի ընթացքում, պետք է ընտելանալ դրան, դա ամենաբարդ հարցն է։ Հայաստանում գիտությունը բավականին բարձր է եղել, եւ դա ոչ միայն Վիկտոր Համբարձումյանի շնորհքն էր, այլ գուցե այդ սերունդն ավելի աշխատասեր էր»։



Ակադեմիկոս, գրականագետ Սերգեյ Սարինյանի կարծիքով, ընտրությունների շեմին այն միակողմանի քննադատությունը, որ կար Ռադիկ Մարտիրոսյանի հասցեին, ենթադրում էր, որ պետք է այլ թեկնածուներ առաջադրվեին, բայց ճիշտ եղավ, որ չառաջադրվեցին, որովհետեւ. «Սա պրոֆմիության ժողով չէ, որպեսզի ով շատ ձայներ ստանա, նա անցնի։ Պետք է նախագահը ճանաչված անհատականություն լինի, ես չեմ ասում, թե առանձին անհատներ չեն կարող ղեկավարել, բայց Ռադիկ Մարտիրոսյանի մեջ կա չինովնիկական մի բարձր հատկանիշ, որ անպայման պետք է ունենա որեւէ հիմնարկի ղեկավար, եթե նա պետական ստատուս ունի»։ Սարինյանն ինքը հարց է ուղղում, թե ինչու այդ քննադատողները ոչ մեկի թեկնածությունը չառաջադրեցին։ Նա համաձայն չէ կարծիքին, թե Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածության առաջադրումն արդեն մրցակցությունից դուրս էր թողնում ցանկացած մեկին. «Կարծում եմ՝ տվյալ պարագայում ընտրությունը ճիշտ է կատարվել, Մարտիրոսյանից բացի, որեւէ մեկը պատրաստ չէ լինելու նախագահ»։



Սարինյանը հետաքրքրվում է, թե ուր է այդ երիտասարդ կադրը, որ կարող է փոխարինել Մարտիրոսյանին, ինչո՞ւ ձայն չի հանում։ Նա կարծում է, որ հիմիկվանից պետք է նախապատրաստել ապագա նախագահին. «Պետք է այդ անհատականությունը երեւա, որպեսզի նաեւ անակնկալ չլինի»։ Թե ինչով է բացատրում ամիսներ առաջ վարչապետի կողմից հնչեցված քննադատությունը, թե ինչ եք տալիս երկրին, որ այդքան պահանջում եք, ապա Սարինյանն էլ իր հերթին է բարկացած նկատում. «Վարչապետը ծանո՞թ է, թե ակադեմիայում ինչ է կատարվում, եւ երկրորդ ակադեմիկոսն ինչ է ստանում իր հետ համեմատած, իսկ ի՞նքն ինչ է տվել երկրին»։ Նրա կարծիքով, ակադեմիան գիտական մեծ պոտենցիալ ունի, եւ կառավարությունը պետք է ըստ ամենայնի օգտագործի այդ պոտենցիալը, այդ ժամանակ էլ արդյունքների կհասնի։ Սարինյանին, որն աշխատել է ակադեմիայի բոլոր նախագահների ժամանակ, սկսած Հովսեփ Օրբելուց մինչեւ Ռադիկ Մարտիրոսյան, խնդրում եմ գնահատել գիտության վիճակը թե Հովսեփ Օրբելու, թե Վիկտոր Համբարձումյանի եւ թե Ռադիկ Մարտիրոսյանի օրոք, բայց նա կարծում է, որ որեւէ հիմնարկ չի կարելի կտրել արդի ընդհանուր վիճակից։ Այնուամենայնիվ, որոշ զիջումներ կան գիտության ոլորտում, եւ չես կարող համեմատել Վիկտոր Համբարձումյանի ժամանակի գիտական նվաճումների հետ. «Գիտական կադրերի մեծ մասը, թեկուզ սոցիալական իմաստով, թողեցին հեռացան»։



Ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով նախագահի պաշտոնում ավելի երիտասարդ, նոր սերնդի մարդ տեսնելու խոսակցություններին, դրանք անվանեց քաղքենիական խոսակցություններ, որոնք զարգացնում են գիտության հետ առնչություն չունեցող մարդիկ, որովհետեւ մինչեւ դառնում ես ակադեմիայի թղթակից անդամ, արդեն 70 տարեկան ես. «Այդ սերնդափոխությունը վերաբերում է ֆուտբոլին, կորդեբալետին, թատրոնին, բայց ոչ գիտությանը։ Գիտության մեջ նման հարց չկա՝ նոր սերունդ, հին սերունդ։ Եթե խոսվում է նորի մասին, ապա նորի ճանապարհը ոչ ոք չի փակում»։ Հովհաննիսյանը վստահ է, որ ԳԱԱ-ն պետք է պահել այն տեսքով ու վիճակով, ինչպիսին կա, որովհետեւ դա ակադեմիա է, ոչ թե ռեֆորմացիայի ենթարկվող հաստատություն. «Ակադեմիան եկեղեցու նման է եւ իր մեջ պետք է ունենա պահպանողականություն։ Ակադեմիզմը հենց այդ է, եթե դա կորցրեց, ակադեմիան չի լինի»։ Նա նշեց, որ վիրավորվում է, երբ լսում է ակադեմիայի դեմ տարվող խոսակցություններ, մասնավորապես այն, որ հսկայական միջոցներ են ծախսվում, մինչդեռ ակադեմիան միջոցներ չունի իրենց գրքերը հրատարակելու, եւ շատ հաճախ իրենց հաշվին են դրանք հրատարակում։



Հենրիկ Հովհաննիսյանը չի ուզում, որ գիտության, ակադեմիայի վիճակն ուղղակիորեն կապեն նախագահի հետ, նա խորհուրդ է տալիս դա կապել հասարակության հետ։ «Այս նյութապաշտ, վաճառականական, ռեստորանային, ուտելու-խմելու հասարակության հետ։ Մի երկիր, որը նախապատրաստված է միայն խորովածի, ուտել-խմելու համար, հարմարեցված է երկիրը դրան։ Այսքան ռեստորան չի եղել այս աղքատ երկրում։ Բարոյազրկված է հենց ինքը՝ հասարակությունը, եւ այսքանից հետո կրակն ուղղել ակադեմիայի դեմ, այն հաստատության, որ ամենաբարոյական հաստատությունն է հանրապետությունում, որ չի կորցրել իր նկարագիրը, որ խորհրդային ժամանակներում իրեն տրված էր։ Մենք դեռ որակը չենք գցել, թեպետ ամեն ինչ արվում է եւ ասվում է ակադեմիայի դեմ»,-ասում է Հովհաննիսյանն ու ընդգծում, թե մեկ անզգույշ խոսքից կառչել եւ դրա հիման վրա վարկաբեկել ակադեմիան՝ բարոյական չէ։



«Մենք հոգեւոր մշակույթի ազգ չենք, մենք ունենք մի քանի հանճար, մենք տեխնիկական հանճարի ազգ ենք, ճշգրիտ գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկայի, իսկ սրան պետությունը, իշխանությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի եւ չասի, թե ինչ տվեց, իսկ դու ի՞նչ ես պահանջում, իսկ դու պատկերացնո՞ւմ ես ինչ է պետք»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ