Պապից հետո` թեկուզ հանրաքվե

Պապից հետո` թեկուզ հանրաքվե

Ի՞նչ անել այն ավտոմեքենան, որով Հայաստանում երեք օր շարունակ տեղաշարժվել է ոչ այլ ոք, քան Հռոմի պապ սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսը: Դնել թանգարա՞ն, թե՞ վաճառել եւ գումարը տրամադրել կարոտյալներին, ինչպես կաներ Պապն ինքը, եթե իր դիրքին հարիր լիներ ավտոմեքենա վաճառելը:



Կարծում ենք` ճիշտը համաշխարհային աճուրդի համար լավ հող նախապատրաստելն ու այդ համեստագույն Reault Logan ավտոմեքենան վաճառելն է: Պապը միշտ էլ կողմնակից է եղել, որ հարուստներն իրենց քսակները բացեն հանրության անապահով խավերի առաջ, այնպես որ, չի նեղանա մեզնից, եթե իր պատգամներին հետեւենք նաեւ այս հարցում:
Ինչպես նշեցի, կարելի է նաեւ այդ մեքենան փոխանցել մշակույթի նախարարությանը, որպեսզի թանգարան դնեն եւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին ցույց տան, որ սա այն մեքենան է, որով Հայաստանում շրջել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը` հետեւի նստարանի աջ կողմում նստած, ձեռքը բաց պատուհանից հանած: Չգիտեմ դա ինչ կտա զբոսաշրջիկին, բայց մեր մշակույթի նախարարը հազիվ թե գլխի ընկած լինի, թե ինչու է իր ավտոմեքենան շքեղ, իսկ Հռոմի պապինը` բյուջետային սեդան, որ Երեւանում շահագործվում է հատկապես տաքսու տակ: «Բենթլի» լիներ, «Ռոլս Ռոյս», էլի կնայվեր թանգարանում, իսկ սա ընդամենը մի Reault Logan է, խորհրդահայ եզրույթով` «շիրպոտրեբ», որից կարող էին ձեռք բերել իրենց անբասիր աշխատանքով մեծ նվաճումների հասած բանվորագյուղացիական լայն խավերը:



Իսկ գուցե Ամենայն հայո՞ցը կցանկանա շահագործել Պապի «քշած» ավտոմեքենան: Ինչքան գիտենք, որքան էլ բյուջետային, այդ Reault Logan-ն ունի հիդրավլիկ ղեկ, օդորակիչ, անվտանգության բարձիկներ, բավականին հարմար սրահ եւ շատ քիչ բենզին է գործածում, ինչը պակաս կարեւոր չէ մոմի վաճառքից եւ խաչհամբույրներից ստացվող գումարները տնտեսելու համար: Ինքներդ հաշվեք` կաթողիկոսի «Մերսեդեսի» մեկ տարվա ծախսով կարելի է երկու եկեղեցի կառուցել: Հուսամ` շատ չեմ չափազանցնում: Իսկ եթե այդ ավելորդ ծախսը տրամադրվի առավել նորմալ նպատակի, որովհետեւ եկեղեցի կառուցելը ՀՀ-ում օլիգարխների սուրբ պարտականությունն է, ապա ավելի լուրջ գործերի կբավականացնի:



Reault Logan-ի ճակատագրից զատ, պակաս կարեւոր չէ նաեւ Պապի եռօրյա այցի պատմական նշանակությունն ընդգծելը: Աստված Ֆրանցիսկոս պապին արեւշատություն, առողջություն եւ կորով տա, բայց մենք պետք է որեւէ պուրակ, փողոց կամ նույնիսկ հրապարակ անվանենք սրբազան քահանայապետի անունով: Մտածում եմ` Իտալիայի փողոցին եւ դեսպանատանը հարող պուրակը, որ Շահումյանի հրապարակից հասնում է Մյասնիկյանի արձան, ամենահարմարն է: Ֆրանցիսկոս պապի արձանն այդ վայրում կհալածի բոլոր նեգատիվ երեւույթները, իսկ հարեւան այգին էլ կդառնա մարդկանց սիրելի վայրը, որտեղ կարելի կլինի հանգստանալ Պապի բարի հայացքի ներքո: Ի՞նչ փույթ, թե օլիգարխ-բիզնեսմենները չեն խուսափի այդ վայրերում երեւալուց:



Իսկ կհաջողվի՞, արդյոք, հայ քանդակագործներին ստեղծել այնպիսի «Հռոմի պապ Ֆրանցիսկոս», որ նման չլինի համայն Ռուսիո «Կիրիլին»: Եթե մրցույթի ժյուրիի կազմում լինեն Տարոն Մարգարյանն ու Հասմիկ Պողոսյանը, ապա` դժվար թե: Ուստի պետք է այդ մրցույթը թողնել աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի դատին, որ սիրեց, անկեղծորեն սիրեց այդ մարդուն ու, նրա հետ առնչվելով, իր մեջ վերաիմաստավորեց սեփական հավատը:



ՀԳ. Այն, ինչ ասվեց վերեւում, զուտ մեր անձնական մտորումներն են եւ իրենց մեջ պարտադիր կատարման նորմ չեն պարունակում: Ծայրահեղ դեպքում կարելի է հանրաքվեի դնել: Հիմա դա մոդա է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ