ՄԻՊ-ը փոստարկղեր է տեղադրում ԼՂՀ տարածքով մեկ

ՄԻՊ-ը փոստարկղեր է տեղադրում ԼՂՀ տարածքով մեկ

ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն այդ պաշտոնին ընտրվել է մայիսի 5-ին եւ արդեն երկու ամսից ավելի է՝ պաշտոնավարում է։ Նրա գրասենյակը տեղակայված է Շուշիում։ ԼՂՀ շրջաններում ՄԻՊ ստորաբաժանումներ չկան, եւ սա դիմելիության առումով որոշակի բարդություններ է ստեղծում։ «Իսկապես, կան խնդիրներ ինձ դիմելու հետ կապված, որոնք պայմանավորված են տարածքի հետ։ Հիմա մենք թափանցիկությունը բարձրացնելու նոր ծրագիր ունենք։ Այսօր, օրինակ, այցելել ենք քրեակատարողական հիմնարկ, որտեղ պայմանավորվել ենք փոստարկղ տեղադրել՝ մեր կողմից վերահսկվող, որ դատապարտյալներն ու կալանավորված անձինք կարողանան անմիջականորեն մեզ հասցեագրել իրենց դիմումները՝ առանց գրաքննության։ Պատրաստվում ենք առանձին փոստարկղեր տեղակայել նաեւ որոշ տարածքներում, որ ավելի մոտ կանգնած լինենք բնակչությանը»։ Ի դեպ, ՄԻՊ Մելիքյանը Շուշիի բերդում առանձնազրույցներ է ունեցել 12 դատապարտյալների հետ, որոնցից միայն մեկն է նրան գրավոր դիմում ներկայացրել։



- Ի՞նչ հարցերով են Ղարաբաղում դիմում ՄԻՊ-ին։



- Չեմ կարող ներկայացնել վիճակագրություն, բայց մեզ անգործ չեն թողնում։ Դիմումները վերաբերում են կրթության իրավունքի իրականացմանը, մեծ մասը պայմանավորված է Արցախի քաղաքացիների իրավական կարգավիճակով, այլ երկրներում նրանց իրավական պաշտպանության հնարավորություններով, նաեւ աշխատանքային, ֆինանսական բնույթի հարցեր են։ Եթե ուշադրություն դարձրել եք, դրանց քանակը հաշվի առնելով, նաեւ այն, որ մենք ոչ պրոֆեսիոնալիզմ ունենք, ոչ էլ մեծ հաշվով իրավազորություն այս հարցում, ես անկախ մասնագետներ եմ հրավիրել։ Հայտարարություն ենք տվել, որ հուլիսի 18-ին ու 19-ին երկու օրով մասնագետները պատրաստ են իրականացնել քաղաքացիների ընդունելություն եւ վարկային, բանկային բնույթի հարցերով խորհրդատվություն տան քաղաքացիներին։ Քանի որ սա մարդու իրավունքների ոլորտի հարցեր չեն, մասնավորի հետ հարաբերություններով մենք ֆորմալ մասնակցություն չենք կարող ունենալ, բայց, կարեւորելով խնդիրը, մենք նաեւ այս նախաձեռնությունն ենք ցուցաբերել։ Կարծում եմ, որ սա արդյունավետ կլինի։



- Մեզ ապրիլյան պատերազմից հետո արցախցիները բողոքում են, որ բանակի կարիքների համար աշխատավարձերից հարկադրաբար գումարներ են պահում։ Դուք այս հարցով բողոքներ ստացե՞լ եք։



- Նման դիմում չենք ստացել։



- Պարոն Մելիքյան, երբ Դուք թողեցիք Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը եւ դարձաք ՄԻՊ, խոսակցություն տարածվեց, որ Ձեզ համար սա իջեցում էր, եւ հաճույքով չեք հեռանում Երեւանից, քանի որ Ձեր ընտանիքը, երեխաները Երեւանում են, Ձեր կինը վերջերս դատավոր է նշանակվել, իսկ Դուք պետք է գտնվեք Ղարաբաղում։ Նույնիսկ խոսվեց, որ Ձեզ խոստացել են, որ հիմնականում Երեւանից կաշխատեք։



- Դուք հետեւում եք իմ գործունեությանը։ Ստացե՞լ եք տպավորություն մարդու, որը որ աշխատանքը կատարում է իր կամքին հակառակ կամ ոչ հաճույքով։ Երեւանում լինում եմ աշխատանքային պատճառներով, հաճախ չեմ լինում։ Դա ճիշտ ինֆորմացիա չէ։ 



- Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր երեխաները տեղափոխվեն Արցախ։



- Ժամանակը կգա՝ կտեղափոխվեն։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ