Ինչ պատահեց ՔԿՎ-ում, երբ խարդախ կնոջ հայրը մահացավ

Ինչ պատահեց ՔԿՎ-ում, երբ խարդախ կնոջ հայրը մահացավ

Երեկ քրեակատարողական վարչության դեմ կանգնած դատապարտյալի հարազատ Սուսաննա Պետրոսյանը, որի հայրը նախորդ օրը մահացել էր, թողած իր վիշտը, զանգում էր ՄԻՊ եւ «Հրապարակ» թերթ։ Բանն այն է, որ ՔԿՎ պետ Օսիկյանը, ինչպես Սուսաննան էր ներկայացնում, թույլ չէր տալիս նրա քրոջը՝ Քրիստինե Պետրոսյանին, գոնե երկու օրով ազատել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու հոր հոգեհանգստին եւ հուղարկավորությանը։ Օրենքը թույլ է տալիս ոչ ծանր հանցանքի համար դատապարտված անձանց նման արտակարգ դեպքերում 3 օրով բացակայել կալանավայրից։ Կալանավայրերի վարչության պետի խորհրդականներից մեկը «տղամարդու խոսք» է տվել։ Առավոտյան Սուսաննան եկել է վարչություն եւ պարզել, որ քրոջը չեն թողնում։ «Հիմա նրանք չեն կատարում խոստումը։ Նա ունի երկու անչափահաս երեխա, ամուսինը մահացած է։ Մի քանի ամսից ազատվելու է»։ Միայն «Հրապարակի», ինչպես նաեւ ՄԻՊ գրասենյակի միջամտությունից հետո ՔԿՎ-ն հաղորդում տարածեց․ ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Քրիստինե Պետրոսյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, այն է` չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը` խաբեությամբ ստացել եւ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ) դատապարտվել է 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, ընդհանուր առմամբ ունի շուրջ 525 միլիոն դրամի քաղաքացիական հայցի պարտավորություն, որի դիմաց մինչ օրս մուծումներ չի կատարել) ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի հիմքով, անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ եւ այլն) դեպքում, այն է` վերջինիս հոր հոգեհանգստի եւ թաղման արարողություններին մասնակցելու նպատակով, տրվել է կարճաժամկետ մեկնում»: Վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանն այն պահին, երբ Սուսաննա Պետրոսյանն իր վիշտը թողած, պատերի տակ էր, մեզ պատասխանում էր, թե ինքը տեղյակ չէ ոչնչից եւ դեռ պետք է պարզի, թե ինչ է կատարվել։



Սակայն մեր հրապարակումից հետո, որում գրել էինք, որ ՔԿՎ պետը խախտում է մարդկանց եւ աստծո օրենքները, որ դատապարտյալների հարազատների հետ վարվում է, ինչպես ճորտերի հետ են վարվել, պարզաբանեց, որ վաղօրոք որոշված էր դատապարտյալ կնոջը կարճաժամկետ մեկնում տալը, եւ, «ի գիտություն» մեզ, հայտնեց․ «Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` նույն օրենսգրքի հատուկ մասի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունը համարվում է ծանր հանցագործություն»: Հետեւապես, Քրիստինեին բաց են թողնում ոչ թե երկու օրով, ինչպես նախապես խոստացել էին, այլ երկու ժամով, որպես ծանր հանցագործի։



Մենք էլ ի գիտություն Գոռի, Օսիկյանների եւ այլ ֆունկցիոներների, տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիների հետ պետք է բարեկիրթ վարվել, «նուրբ», հատկապես նրանց, ովքեր նախօրեին հայր են կորցրել, որ նրանց կարելի է ներս կանչել, մի բաժակ ջուր տալ, հետները խոսել, ոչ թե այն վիճակի հասցնել, որ հորը կորցրած կինը, իր մեռելին թողած, ՄԻՊ ու ԶԼՄ զանգի։ Ի դեպ, ստացանք նաեւ ՄԻՊ գրասենյակի խոսնակ Զոհրապ Եգանյանի պատասխանը։ Գրասենյակը եւս արձագանքել էր մեր «կոպիտ» հրապարակմանը։ «Hraparak.am լրատվական կայքից ստացված տեղեկատվության հիման վրա ՄԻՊ աշխատակիցները ԱՆ քրեակատարողական վարչության հետ քննարկել են «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալ Ք. Պ.-ին հոր հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը մասնակցելու հարցը: Քրեակատարողական վարչությունից Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ առկա է դատապարտյալի՝ ՔԿՀ-ից կարճաժամկետ մեկնման որոշումը: ՄԻՊ ներկայացուցիչները բարձրացրել եւ այժմ քննարկում են ժամաքանակի ավելացման հարցը»,- հաղորդեց Զոհրապ Եգանյանը։



ՀԳ․ Կարծում եմ՝ արդարադատության նախարարությունը կամ ՄԻՊ-ը կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ փոխել Քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածը եւ հնարավորություն տալ բոլոր 4 տեսակների հանցագործներին՝ թեթեւ, միջին, ծանր, առանձնակի ծանր, մերձավոր հարազատի մահվան առիթով գոնե երեք օրով ՔԿՀ-ից տուն մեկնելու թույլտվություն ստանալ։ Որովհետեւ մերձավորի մահվան ցավը գործած մեղքերի քանակով չի չափվում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ