Սխալ որակումները դրդում են հաշվեհարդարի և վրեժխնդրության

Սխալ որակումները դրդում են հաշվեհարդարի և վրեժխնդրության

«Մեդիակենտրոնում» փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Արա Զաքարյանը այսօր մեկնաբանեցին իրավական որակումները, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներն ու առանձին գործիչներ այս օրերին հնչեցնում են ԶԼՄ-ներով և համացանցում «Սասնա Ծռեր» ջոկատի տղաների գործողությունների վերաբերյալ։ Որակումները հայտնի են և բոլորիս ականջին՝ ահաբեկիչներ, մարդասպաններ, հայրենիքի դավաճաններ, հանցագործներ։ Ըստ Արա Զաքարյանի, դրանք քննությունը ուղորդելու փորձ են։ « Որևէ քննություն չի կատարվել, մանրամասները պարզ չեն, և որակումներ տալը անմեղության կանխավարկածի խախտում է, քննության վրա ազդելու քայլ։ Պետությունը պարտավոր է զերծ մնալ նման որակումներից։ Դրանցով բարձրաստիճան պաշտոնյաները, ոստիկանները, քաղաքական գործիչները հրահրում են ակնկալել, որ հետագա քննությունը չի կարող լինել բազմակողմանի, օբյեկտիվ և արդարացի»։ «Այդ արտահայտությունները բացի այն, որ իրավական տեսանկյունից ոչ պրոֆեսիոնալ են և «Սասնա ծռեր» ջոկատի տղաների իրավունքի խախտում են, ըստ էության, ոչ մի կերպ չեն նպաստում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, - հայտարարեց Տիգան Եգորյանը, - հանրությանը հայտնի որևէ փաստ չկա, որը կարող է ամբողջականացնել ահաբեկչության հանցակազմը։ Այդ հանցակազմի հիմնական բաղադրիչներն են քաղաքացիական անձանց կյանքի կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքը, ինչպես նաև զինված ընդհարմանը ակտիվորեն չմասնակցող անձանց նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք այս պահի դրությամբ հայտնի փաստերով չեն ապացուցվում։ Ուստի այս արարքները հնարավոր չի որակել ահաբեկչություն, և այդպիսի որակումները ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ են և պետական պաշտոնյաների համար անթուլատրելի»։



Շենք- շինություններ զավթելու հանցակազմում էլ տղաների արածը չի տեղավորվում։ Թեև առերես գրավվել է զորանոց, բայց այն ոչնչացնելու սպառնալիք խմբի տղաներից չի հնչել, հետևապես, նրանց արարքը չի կարող որակվել որպես ահաբեկիչների կողմից շենք-շինությունների զավթում։ «Ինչ վերաբերում է պատանդներին՝ որքան էլ որ դա առաջին հայացքից, կամ ոչ պրոֆեսիոնալ տեսանկյունից անսպասելի է, պետք է փաստել, որ այս պահի դրությամբ առանց բավարար տվյալների, որոնք պետք է հաստատված լինեն արդար քննությամբ, պատանդի կարգավիճակի մասին իրավական դատողություն անել հնարավոր չէ, որովհետև նման դատողությունները կարող են ջարդուփշուր լինել հետագյում ենթադրյալ պատանդի կարավիճակում գտնվող ոստիկանների ցուցմուքներով։ Քրեական պրակտիկայում քիչ չեն նման դեպքերը», - ասաց Եգորյանը։ Նա անթույլատրելի է համարում զոհված գնդապետի շուրջ շահարկումները։ «Հարցը իրավական գնահատականի կարիք ունի և հուզականության հոգեվիճակը հաշվի առնելով, այյն անթուլատրելի է շոշափել։ Կարող են լինել անցանկալի հետևանքներ, որոնք չեն նպաստելու խաղաղ հանգուցալուծմանը, կստեղծեն հաշվեհարդարի և վրեժխնդրության, պատվախնդրության տրամադրություններ»։ «Հրապարակի» հարցին՝ շատերը, մասնավորապես, Դավիթ Շահնազարյանը, մյուսները ասում են՝որ «Սասնա Ծռերը» ապացուցեցին, որ ճիշտ են արել, որ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, Եգորյանը պատասխանեց․ «Այդպիսի հայտարարությունները այնքան հեռու են իրավունքի օրենքի և մասնավորապես քրեադատավարական ընթացակարգերի ընկալումներից, որ դրանք մեկնաբանելը անիմաստ է։ Այդ մարդիկ, երևի, պետք է այլ գործով զբաղվեն, կամ զբաղեցնեն իրենց»։



Սյուզան Սիմոնյան