Եթե չզինաթափվեն, չհանձնվեն, անմեղ զոհ են դառնալու

Եթե չզինաթափվեն, չհանձնվեն, անմեղ զոհ են դառնալու

Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից Էրեբունու ՊՊԾ-ի գրավման հետեւանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը չի երեւում, բարձրաստիճան ղեկավարությունը շարունակում է գերեզմանային լռություն պահպանել։ Անկոտրում է նաեւ ապստամբ խումբը, նրանք չեն հանձնվում, շարունակում են պահել Էրեբունիում գտնվող ոստիկանության ՊՊԾ գունդը։ Ի՞նչ առաջարկություններ ունի իշխանությունը, ո՞րն է լինելու կոմպրոմիսային ելքը. երեկ փորձեցինք պարզել մի քանի հանրապետականներից, որոնք, ի զարմանս մեզ, պատասխանեցին հեռախոսներին։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը մի քանի պահանջ ունի՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում եւ այլն։ Ոչ պաշտոնապես քննարկվում է նաեւ երրորդ տարբերակը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որը կոմպրոմիսային տարբերակ կարող է լինել։



Մինչեւ վերջերս պատգամավոր, ներկայումս Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանն ասում է, որ ամեն ինչ պետք է անել՝ արյունահեղությունից խուսափելու համար, սակայն իշխանությունը քաղաքական որեւէ պահանջ չի կարող կատարել։ Պահանջները, ըստ Բադեյանի, աբսուրդ են ու անիրագործելի. «Օրինակ, ո՞նց ազատեն Ժիրայր Սեֆիլյանին, մարդու, որը պատրաստվում էր զինված հեղաշրջում անել»։ Բադեյանի խոսքով՝ ոչ մի երկրում իշխանությունը տեռորիստների պահանջները չի կատարում։ Միակ քայլը, ըստ Բադեյանի, որ պետք է անի «տեռորիստական» խումբը, հանձնվելն է։ «Իհարկե, իրենք դասական իմաստով տեռորիստ չեն, ջղայնացած մարդիկ են, բայց, բոլոր դեպքերում, պետք է հասկանան, որ խաղադրույքները շատ բարձր են, չի կարելի գնալ մինչեւ վերջ, պետք է խոհեմություն ցուցաբերեն։ Այս պարագայում հանրությունն ու իշխանությունը նրանց պետք է դիտարկեն ոչ որպես հանցագործ»,- ասաց Բադեյանը։ Ճշտող հարցին, թե այդ պարագայում կխուսափե՞ն պատժի կրումից, Բադեյանն ասաց, որ, իր անձնական կարծիքով, իշխանությունը քաղաքական կամք կդրսեւորի ու մեղմ կվարվի։



«Այո, կա մարդկային զոհ, եւ կան վիրավորներ, բայց այդ 25-30 տղաների մեջ բոլորը չեն, կրակոցները եղել են 1-2 հատ, մնացածին չի կարելի դիտարկել որպես հանցագործ, բայց միայն այն պարագայում, եթե ինքնակամ հանձնվեն, զինաթափվեն։ Չպետք է հասնել եղբայրասպանության, ինչն անխուսափելի է լինելու շարունակության դեպքում։ Վստահ եմ՝ չուզենալով են սպանել նաեւ այն մարդուն, որի հետ մի խրամատում են եղել։ Հիմա եթե չեն զինաթափվում, տեռորիստի պիտակ են կպցնում, եթե զինաթափվեն, կարելի է խոսել ինչ-որ կոմպրոմիսի մասին, խոսքը միայն մեղմ պատժի մասին չէ, այնպես չէ, որ այս մարդիկ վաստակ չունեն այս երկրի առաջ»,- ասաց Մանվել Բադեյանը։ Նրա կարծիքով, խումբն առաջնորդվում է ինչ-ինչ ուժերի կողմից, ավելի կոնկրետ՝ «դրսի» ուժերի, ու բոլորովին այլ նպատակ է հետապնդում, թե ինչ նպատակ, հանրապետականը չի գաղտնազերծում՝ զգուշացնելով միայն. «Իրենք եթե չզինաթափվեն, անմեղ զոհ են գնալու»։ Դիտարկմանը, թե խմբին միացել է ժողովրդի մի հատված, որը կարծում է, որ երկրում տիրող վատթարագույն վիճակի ու իշխանության անգործության պայմաններում այլ ճանապարհով հնարավոր չէ հարցեր լուծել, Բադեյանն արձագանքեց. «Ես չեմ վիճարկի, որ երկրում շատ պրոբլեմներ կան, բայց ոչ մի երկրում, ոչ մի ժամանակ խնդիրներն այդպես չեն լուծել»։



Խոսելով Սերժ Սարգսյանի լռության մասին, Բադեյանը հակադարձեց, թե երկրի նախագահն «ինձնից ու քեզնից» լավ գիտի՝ երբ պիտի խոսի ու ինչ ասի. «Վստահ եմ, որ խոսելու է»:



Տարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ է կարծում, որ որեւէ պահանջ չի իրագործվելու․ «Պետությունն ու պետականությունն ավելի բարձր գաղափարներ են, քան որեւէ մեկի գլխում ծնված մտքերը, որոնք ինչ-ինչ պատճառներով կարող են սպրդված լինել։ Չէ՞ որ ամեն ինչ արվել է, որ ԸՕ-ն կոմպրոմիսով ընդունվի, լավ ԸՕ ունենանք, վերջապես՝ պետությունն ու պետականությունը խաղալիք չեն։ Ի՞նչ են տալու մի քանի ամիս առաջ կայանալիք ընտրությունները»։



Իշխանությունը, ըստ Մինասյանի, ամեն ինչ անում է խաղաղ հանգուցալուծման հասնելու համար, թե կոնկրետ ինչ է անում ու քաղաքական ինչ լուծումներ, առաջարկներ ունի, Մինասյանը չի մանրամասնում. «Ես մասնագետ չեմ, մասնագետները կմեկնաբանեն...»։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ