Արմեն Մուրադյանի և վիրաբուժական անձնակազմի ՊՊԾ գնալուց հետո միայն պատանդները ազատ կարձակվեն

Արմեն Մուրադյանի և վիրաբուժական անձնակազմի ՊՊԾ գնալուց հետո միայն պատանդները ազատ կարձակվեն

«Առավոտյան ժամը 10։00-ին է դեպքը տեղի ունեցել։ Ես հետները կապ հաստատել եմ մեր ներքին հեռախոսով և նաև խոսել եմ ապստամբ տղաներից մեկի հետ, նրանք հրաժարվում են մեր բժիշկներին թույլ տալ դուրս գալու»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շտապ օգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ զինյալները պայման են դրել՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և վիրաբույժը իր անձակազմի ՊՊԾ գունդ գնալուց հետո նոր միայն ազատ կարձակվեն պատանդները։



Նրա խոսքերով՝ բժիշկները ներսում 2 հոգու են օգնություն ցուցաբերել, մեկը սկզբի վիրավորներից է եղել , իսկ մյուսը՝ նոր է վնասվածք ստացել։



Ավելի վաղ հայտնել էինք, որ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ: Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին»,-հայտարարել է առողջապահության նախարարությունը: