Ալեք Ենիգոմշյանը` «Սասնա ծռեր»-ի բերած փոփոխությունների և ապագա քայլերի մասին

Ալեք Ենիգոմշյանը` «Սասնա ծռեր»-ի բերած փոփոխությունների և ապագա քայլերի մասին

Այն մոտեցումը, որը կար վարչախմբի մոտ, թե մեր դեմ խաղ չկա Հայաստանում, այսօր այդ իրավիճակը ամբողջովին փոխված է: Այդ ինքնավստահությունը չկա ռեժիմի մոտ, կա ինքնավստահություն ժողովրդի մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմանդիր խոհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:



«Սասնա ծռեր»-ի թողած փոփոխությունների մասին



Այն էներգետիկան, որը ստեղծվեց «Սասնա ծռեր»-ի գործողությունների արդյուքում, բերեց ամբողջ ձևով հետևյալին. վարչախմբի ամբողջ զինանոցը խարխլված է և ներքին հաստատությունների առումով այսօր այս վարչախումբը շարունակում է հենվել ընդամենը մեկ ինստիտուտի վրա, որը ոստիկանական պատժիչ ուժերն են, բացի դրանից, քաղաքական դաշտում վարչախումբը ամբողջությամբ, գրեթե, զերծ է մնացել ռեսուրսներից, և այն միակ ռեսուրսը, որը մնացել է` ոստիկանական պատժից ուժերը, այնտեղ ևս կան ցնցումներ: Բոլորս գիտենք, որ ոստիկանության շարքերից հարյուրավոր դիմումներ են ներկայացվում՝ այդ կազմից դուրս գալու, որովհետև ոստիկանները գիտակցում են՝ ինչի համար են օգտագործվում և նաև չեն ուզում զոհ դառնալ նման նպատակների և վնաս պատճառեն իրենց ժողովրդին: Այդ օրերին քաղաքական դաշտում իսկապես երևաց, թե ով ով է, ժողովրդի համար ամբողջությամբ այդ դաշտը հստակ է: Ռեժիմի կողմից մտավորականություն կոչվածն էլ բացահայտեց իր դիրքորոշումը, և իսկական մտավորականները պարզ են ժողովրդին: Ֆինանսական առումով շատ լուրջ դժվարությունների առաջ է գտնվում այս վարչախումբը և պարզ չէ, թե քանի ամիս այս ռեսուրսներով կկարողանա պահել ոստիկանական պատժիչ ուժերը: Ժողովրդի մոտ կա հոգեբանական փոփոխություն, այս դեպքում մենք տեսանք վճռական ժողովուրդ, և դրանից բացի ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը, եթե անգամ ակտիվ գործունեություն չէր վարում, միանշանակ ցուցաբերում էր իր համերաշխությունը և աջակցությունը «Սասնա ծռեր»-ի գործողություններին: «Մեր դեմ խաղ չկա» ռեժիմը փոխվել է: Եթե այս ռեժիմը օգտվում էր Սփյուռքի մի քիչ թյուր պատկերացումներից, որ ունենք պետականություն, նախագահ և ճիշտ է, կան խնդիրներ, մենք պետք է սատար կանգնենք, ապա այժմ գիտակցում են, որ իրականում չկա պետականություն. այն մարդիկ, ովքեր հավականում են ներկայացնել պետականությունը, այդ պետականության հակառակորդներն են: Բացի սրանից ռեժիմը գտնվում է արևմտյան լուրջ ճնշումների տակ, և դա անդրադառնում է ոչ միայն ընդհանուր հարաբերությունների, այլ նաև կոնկրետ երևույթների, ականատես ենք լինում վիզաների տրամադրմանը, նաև ֆինանսական օժանդակության բացակայությանը: Տեսանք, լսեցինք, որ ոստիկանության բարեփոխմանը ուղղված վարկերն այլևս չեն լինի, և դա ես վստահ եմ, որ այդ ոլորտով չի սահմանափակվի: Այս իրավիճակում ռեժիմի ներսում ցնցումներ կլինեն և նրանց մնում է մեկ ուղղություն, որից կարող է հույսեր տածել, դա, իհարկե, Ռուսաստանն է, բայց մենք գիտենք, որ ՌԴ-ն չի վստահում նրանց: Սա իրավիճակի գնահատականն է «Սասնա ծռեր»-ի գործողություններից մեկ ամիս անց:



Ի՞նչ պետք է անի շարժումը



Ներկա շարժումը միասնականորեն հայտարարում է իր հավատարմությունը և պաշտպանությունը «Սասնա ծռեր»-ի առաջ քաշած նպատակներին, խնդիրներին և առանցքային պահանջներին: Դա հիմնականում նոր Հայաստանի ստեղծումն է` ինքնիշխան, ազատ, անկախ, սոցիալական: Այս նպատակի իրականացման համար առաջին քայլը, բնականաբար, ներկա ռեժիմի, վարչախմբի հեռացումն է, այդ ամենը հեռացնելու գլխավոր ճանապարհը արդեն իսկ զուգահեռ իշխանության ձևավորումն է, հանձին վստահության կառավարության, որը բնականաբար վերևից կամ մի քանի հոգու կողմից նշանակված չի կարող լինել, այլ գործընթացների ընթացքում պետք է ստեղծվի: Այդ վստահության կառավարության գործառույթը պետք է լինի զարգացնել ժողովրդական մոբիլիզացիան, ներգրավել բոլոր կառուցողական ուժերին, որոնք սկզբունքային կեցվածքներ ունեն այս իրավիճակից դուրս գալու. և ներհայաստանյան, և արտահայաստանյան ուժերով մարտահրավեր նետել նեկայիս ռեժիմին և ներկայացնել վերջնագիր: Այդ պայքարի ընթացքը ավելի հստակորեն կներկայացվի մի քանի օրից: Կա «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդ, որն իրեն համարում է «Սասնա ծռեր»-ի գաղափարների պաշտպանը, պահապանը և այդ սկզբունքների հավատարիմ մամինը: Բայց այս մարմինը չի հավակնում լինել վերին ատյան, այս մարմնի խնդիրը գլխավոր, առանցքային խնդիրներից չշեղելն է:



Շարժումը չի մասնակցի ընտրություններին



«Սասնա ծռեր» քաղաքական շարժումը չի մասնակցելու ընտրություններին: Մեր խնդիրը նախ և առաջ մինչև նշանակված ընտրությունները արդեն հաղթանակի հասնելն է, և որևէ ռազմավարություն չի կարող հենված լինել՝ սպասելով «ընտրություններին», կձևակերպվի մեր ռազմավարությունը առաջիկա ամիսների համար, իհարկե, զուտ տեսական առումով, եթե այնպես ստացվի, որ մինչև նշանակված ընտրությունների թվականը ռեժիմը չհեռանա, բնականաբար այդ օրը մեր մարտավարության մեջ էական նշանակություն կունենա: Շարժումը իր ռազմավարությունը չի կարող կառուցել ընտրությունների վրա:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ