Կուսակցություններն Աշտարակում զգուշություն են ցուցաբերում

Կուսակցություններն Աշտարակում զգուշություն են ցուցաբերում

Աշտարակում սեպտեմբերի 18-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված թեկնածուների անուններն արդեն հայտնի են։ Գրանցված է 8 թեկնածու, որից միայն մեկն է առաջադրվել կուսակցության, այս դեպքում՝ ԲՀԿ-ի կողմից։ Մյուս յոթ թեկնածուները, այդ թվում՝ գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը, ինքնառաջադրվել են։ Ինքնառաջադրված թեկնածուներից է նաեւ գործարար Ռազմիկ Տերտերյանը, որի հետ էլ զրուցեցինք այս թեմայով։ Նա իր թեկնածություն առաջադրելու փաստը բացատրեց այսպես. «Ես չորս տարի առաջ էլ էի առաջադրվել, ու այս չորս տարվա մեջ, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել Աշտարակում, նույն ծրագրերն էլի մնում են, ինչ ես ունեի այդ ժամանակ եւ ուզում էի իրականացնել, ոչ մի առաջընթաց չկա։ Դա համար ես նորից ցանկություն ունեմ առաջադրվելու, որպեսզի մեծ փոփոխություններ իրականացնեմ Աշտարակում, որ մեր քաղաքը դարձնենք գեղեցիկ, զարգացած քաղաք»։



- Այսինքն՝ այս չորս տարվա ընթացքում գործող քաղաքապետը որեւէ դրական տեղաշարժ չի՞ ապահովել քաղաքի համար։



- Այդ հարցը պետք է տաք աշտարակցիներին։ Իսկ ես՝ որպես աշտարակցի, եթե համարեի, որ ինքն ամեն ինչ լավ է արել, ես չէի առաջադրվի։



- Ձեզնից բացի, եւս յոթ թեկնածուներ կան, որոնց մեծ մասը բավականին հայտնի, որոշակի հեղինակություն ունեցող դեմքեր են։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը։



- Ես շատ լավ եմ պատկերացնում, ինձ թվում է՝ Աշտարակում պայքարը կանցնի էթիկայի, կուլտուրայի եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որովհետեւ անձամբ ես բոլոր յոթ թեկնածուների հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, անձնապես ճանաչում եմ բոլորին, նույնիսկ որոշների հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ։ Պարզապես ամեն մեկս ունենք մեր ծրագրերը, մեր մոտեցումներն ու գաղափարները, բայց ես կարծում եմ՝ շատ բարձր մակարդակով է անցնելու՝ առանց ինտրիգների, առանց սեւ PR-ի, առանց իրար վրա ցեխ շպրտելու։



- Իսկ ո՞ւմ եք համարում Ձեր գլխավոր մրցակիցը եւ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։



- Ես մրցակից ոչ մեկին չեմ համարում, ես բոլորին էլ համարում եմ որպես Աշտարակի համար մտահոգ անձնավորություններ, հուսով եմ՝ բոլորն էլ բարի նպատակներով են առաջադրվել, եւ ժողովուրդը կորոշի, թե ում ձայնը տա։ Իսկ ես եթե իմ շանսերը բարձր չգնահատեի, հաստատ չէի առաջադրվի։ Բարձր եմ գնահատում, հնարավորություն ունեմ ընտրվելու։



- Ձեզ աջակցողներ կա՞ն՝ որեւէ քաղաքական ուժ, որեւէ պաշտոնյա, պետական մարմին կամ մարդ, որ Ձեր թիկունքին կանգնած է այս հարցում։



- Ուրեմն որեւէ կուսակցություն կամ պետական մարմին չկա, բայց տարբեր կուսակցություններում, տարբեր պետական կառույցներում ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք, որպես ընկեր, ինձ աջակցում են։



- ՀՀ մի շարք ներկա եւ նախկին բարձրաստիճան դեմքեր՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արագածոտնի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը, գործող մարզպետ դաշնակցական Գաբրիել Գյոզալյանն Աշտարակում ունեն հետաքրքրություններ։ Նրանց մեջ կա՞ մեկը, որ Ձեր կողմն է հակված կամ մյուս թեկնածուներից որեւէ մեկին է պաշտպանում։



- Ես դեռ չեմ լսել, որ Ձեր թվարկած մարդկանցից որեւէ մեկը թեկնածուներից մեկին պաշտպանի կամ աջակցի։ Հնարավոր է՝ իրենք իրենց մեջ ներքին կարգով ունեն մարդ, որին կսատարեն, բայց բարձրաձայն դեռ չեն արտահայտվել։ Անձամբ իմ մասով չկա նման բան, որ նրանցից որեւէ մեկն ինձ սատարի։ Այսօր ամեն ինչ կախված է Աշտարակի բնակչությունից։



- Նկատեցինք, որ առաջադրված ութ թեկնածուներից յոթը, այդ թվում՝ Դուք, ինքնառաջադրված անձինք են, միայն մեկն է, որ ԲՀԿ-ից է առաջադրվել։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։



- Աշտարակը, այսօր լինելով մեծ քաղաք եւ մարզկենտրոն, կուսակցությունները, ինձ թվում է, հիմնականում զգուշություն են ցուցաբերում, որովհետեւ, գիտեք՝ 2017-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք վճռորոշ են լինելու կուսակցությունների համար։ Եվ եթե մի կուսակցություն պաշտպանի մի թեկնածուի, ու այդ թեկնածուն պարտվի, ուրեմն այդ կուսակցության վարկանիշը մեր քաղաքում երեւի կընկնի։



- Այս տրամաբանությամբ՝ հնարավո՞ր է, որ քաղաքական այս կամ այն ուժը որեւէ թեկնածուի պաշտոնապես չաջակցի, այդ մասին հրապարակավ չհայտարարի, բայց դա անի քողարկված կերպով, որպեսզի պարտվելու դեպքում վարկանիշի խնդիր չունենան։



- Հնարավոր է, որովհետեւ առայժմ երեւի զգուշանում են որեւէ մեկին սատարելուց։ Չի բացառվում, որ երբ քարոզարշավն սկսվի, մի քանի օր անցնի, եւ տեսնեն, թե որ թեկնածուի շանսերն են ավելի մեծ, հնարավոր է՝ իրենք արդեն մեկնումեկին սատարեն։



- Որքանով տեղյակ ենք՝ Ձեզ աջակցում է պարսկահայ համայնքը։ Կասե՞ք, թե ինչ առնչություն ունեք պարսկահայերի հետ, եւ որքանո՞վ են նրանք Ձեզ աջակցում։



- Այնքանով, որ նրանցից շատերն իմ բարեկամներն են, քանի որ պապերս Պարսկաստանից են ներգաղթել, չնայած ես Աշտարակում եմ ծնվել-մեծացել։ Այսօր Աշտարակում հայրենադարձված պարսկահայերի մեջ իմ բարեկամները շատ են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ