Ընդդիմություն, դու արդեն ինքնին պրոբլեմ ես

Ընդդիմություն, դու արդեն ինքնին պրոբլեմ ես

Օրերս ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀԿ-ն, արդյոք, առաջիկա ՏԻՄ ընտրություններում ուժեղ մրցակցություն չի՞ սպասում ընդդիմադիր ուժերի կողմից, մոտավորապես հասկացրել էր, որ ընդդիմություն չկա՝ ասելով, որ ընդդիմադիրներն առայժմ իրար դեմ են պայքարում:



Շարմազանովի խոսքում, անշուշտ, ճշմարտություն կա: Փաստ է, որ ընդդիմադիր որեւէ դաշինք այդպես էլ չի ձեւավորվել, թեեւ ընտրությունները քթի տակ են: Փոխարենը՝ Գյումրիում, օրինակ, կա «Բալասանյան» իշխանական դաշինք: Իշխանական հիմնական ուժի՝ ՀՀԿ-ի վճռականության մասին է խոսում այն փաստը, որ մի շարք համայնքներում միանգամից մի քանի թեկնածուներ են առաջադրում, որոնց մի մասը, տեսնելով, որ մեջտեղում ընդդիմադիր չկա, հանում է իր թեկնածությունը՝ թողնելով հիմնական թեկնածուին: Մինչդեռ, եթե նման համայնքներում լիներ ընդդիմության միասնական թեկնածու, ՀՀԿ-ին սատարող թեկնածուները կմնային ընտրարշավում, ինչի հետեւանքով կփոշիանային նաեւ իրենց քվեները, եւ, ընդհակառակը, կմեծանար ընդդիմադիր տրամադրություն ունեցող ընտրազանգվածի հաղթելու հնարավորությունը:



Ինչո՞ւ ընդդիմությունը չի միավորվում: Այս հարցը վաղուց կա, իսկ պատասխանները բազմաթիվ են, երբեմն նույնիսկ՝ իրարամերժ: 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, օրինակ, համագործակցություն սկսած քառյակում (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») չկարողացան համաձայնության գալ լիդերի՝ միասնական թեկնածուի հարցում: ՀՅԴ-ն էլ առաջարկում էր համագործակցությունը շարունակել իր 7 կետերի եւ մյուսների առաջարկների շուրջ եւ վերջում գալ միասնական թեկնածուի հարցին: Արդյունքում ամենապինդը Րաֆֆի Հովհաննիսյանի երեսը դուրս եկավ: Մարդն ինքնահռչակվեց ընդդիմության լիդեր, ինչից էլ անմիջապես օգտվեց իշխանությունը եւ խիստ մրցակցային ընտրություններ բեմադրելուց հետո Րաֆֆուն տարավ մոմ վառելու: Իսկ ինչո՞վ էին զբաղված այդ ընտրությունների մյուս ընդդիմադիր թեկնածուները, կարծում ենք՝ լավ եք հիշում. մեկը սոված նստել էր Գիտությունների ակադեմիայի պատի տակ, մյուսը՝ ԿԸՀ-ի պատի տակ դրված նստարանին, երրորդն ուսը դեմ էր տվել բանդիտական գնդակներին, չորրորդն ընդհանրապես էպոսագետ էր: Կարելի է ասել՝ էշի հարսանիք էր եւ ոչ թե նախագահական ընտրություններ: Այլապես անհասկանալի է, թե ինչու մի քանի օր առաջ կես միլիոն ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ Օպերայում 1000 հոգանոց հանրահավաք կազմակերպել: Շատ չխորանանք:



Առջեւում ՏԻՄ ընտրություններ են, իսկ ընդդիմադիր դաշտում ոչ միայն համագործակցության նման բան չի նկատվում, այլեւ կատարյալ գզվռտոց է տիրում: Մեր կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ դաշտում մեծ թվով նոր եւ հավակնոտ ուժեր են հայտնվել, որոնք ոչ միայն չեն հանդուրժվում տարիների փորձ ունեցող ընդդիմադիրների կողմից, այլեւ իրար մեջ չեն կարողանում ինչ-որ բան կիսել: Ասվածի վառ ապացույցը «Սասնա ծռերի» ընդվզումից հետո սկսված հանրահավաքներին տեր կանգնելու դժվարին գործում «Ժառանգության» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեճն էր: Ի՞նչ ունեին կիսելու Արմեն Մարտիրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Վստահաբար՝ հարթակը: Ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ էլ Արմեն Մարտիրոսյանն այդ օրերին մտքներով իսկ չէին անցկացնում, որ գալու է Ալեք Ենիգոմշյանն ու սեփականաշնորհելու է ոչ միայն «Սասնա ծռերի» ամագ-աշխատանքը, այլեւ անունը:



Ինչ վերաբերում է ամբողջությամբ նորելուկ հավակնոտներին, որոնց համար ՏԻՄ ընտրություններն առաջինն են, ապա նրանց հետ ընդհանրապես խոսել չի լինում: Էդմոն Մարուքյանը, օրինակ, որ իբր դեմ է հովանավորչությանն ու կոռուպցիային, օգտագործելով իր կապերն իշխանություններում, հաջողացրել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստանի» ցուցակի առաջին համար կարգել պետաիրավական օղակներում աշխատող հարազատ եղբորն ու դեռ մի բան էլ հայտարարում է, որ եթե դա մեղք է, թող իր ամենամեծ մեղքը լինի: Փաստորեն, «Լուսավոր Հայաստանի» Վանաձորի կառույցում (իսկ այդպիսի կառույց կա՞) ուրիշ մարդ չկար, որ պատգամավոր Մարուքյանն էլ այդպիսի մեղք չառներ իր վրա: Էականը, սակայն, Մարուքյանի քաղաքական կեցվածքն է այս պահին՝ նա ոչ մի պարագայում չցանկացավ համագործակցել մյուս ընդդիմադիրների հետ, մանավանդ, որ Վանաձորում առանձին ցուցակներով են հանդես գալիս իշխանական երկու ուժերը՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, եւ ընդդիմադիր կուսակցություններն ստիպված են լինելու այս երկուսի քարոզչական ճնշումներին դիմակայել: Էլ չենք խոսում ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածնունդի» մասին, որոնք հույս ունեն հաջողության հասնել ընդդիմադիր ընտրազանգվածի հաշվին: Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանի համագործակցությունն Արթուր Բաղդասարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ անհնարին է, ապա ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի համագործակցությանը: Մի՞թե լիդերի հարցը: Ջանըմ, նախ առուն թռեք, հետո լիդերի մասին մտածեք: Հետո չզարմանաք, որ Արթուր Բաղդասարյանը, օրինակ, հաջողություններ արձանագրի եւ մտնի քաղաքապետարան:



Գյումրիում իշխանությունը հետաքրքիր քայլ է արել՝ հանդես է գալիս ոչ իր անունով: Սա Արթուր Բաղդասարյանի «տրյուկն» է՝ մի փոքր ավելի մշակված: ՀՀԿ-ն չի վերանում, բայցեւ չի երեւում՝ մոտավորապես այսպիսի բան են արել: Եթե «Բալասանյան դաշինքը» հաղթի, կասեն՝ ՀՀԿ-ն հաղթեց, եթե պարտվի, կասեն՝ «Բալասանյան դաշինքը» պարտվեց: Փաստորեն, ՀՀԿ բրենդը հարվածի տակ չեն դնում: Եվ այս խաղի մեջ հայրենի ընդդիմադիրները դարձյալ հատ-հատ են ներկայացված, իսկ նրանցից ոմանք էլ, հատկապես «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն ու ԲՀԿ-ածին «Ալյանսը», նույնիսկ չգիտեն ինչպես քննադատեն երբեմնի ՕԵԿաԲՀԿ-ական հակառակորդին: Հրաշալի մասխարա գյումրեցիների համար, սակայն տխուր վիճակ մյուս ընդդիմադիրների, որովհետեւ, եթե թվարկվածներից ամեն մեկն իրենը տանի, տակը բան չի մնալու, եւ ընտրություններից հետո սկսելու են խոսել կեղծիքների, իրենց ձայները գողանալու մասին:



Հայաստանում նաեւ մի հետաքրքիր մտայնություն կա այն մասին, որ եթե ընդդիմադիր ուժը հանրահավաք է անում, մասնակցում է ընտրական պրոցեսի, ուրեմն ունի իշխանության «դաբրոն»: Շուտով կայանալու է «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը: Ընդդիմադիր դաշտում, առայժմ ֆեյսբուքյան մակարդակով, արդեն տարածում են, թե իշխանությունները պետական հիմնարկների աշխատողներին ասել են՝ մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, իսկ կազմակերպչին էլ իրավունք են տվել քննադատել նախագահին: Դյուրահավատ մասսան գուցե կուլ տա այս խայծը, բայց, դիցուք՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում, որի ստեղծած քաղաքական ուժն արդեն իսկ ՏԻՄ ընտրությունների փորձ ունի, կարելի էր նաեւ մտածել այդ հանրահավաքին միանալու մասին: «Ժառանգությունը» եւ ԱԻՄ-ը չեն մասնակցում ընտրություններին եւ իրենց անդամներին ազատ են թողել համայնքապետի պաշտոնի համար առաջադրվելու հարցում: Ի՞նչն է խանգարում ՀԱԿ-ին, «Ժառանգությանն» ու ԱԻՄ-ին՝ սատարել «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքին՝ փոխարենը նրանից աջակցություն ակնկալելով սեփական թեկնածուների համար:



Ընդդիմության ներքին պայքարը չի կարելի բացառել: Ի վերջո, քաղաքական ուժեր են՝ ամեն մեկն իր աշխարհայացքով, ծրագրով, գաղափարներով, ռազմավարությամբ եւ մարտավարությամբ: Սակայն ընդդիմությունը պետք է կարողանա երկրի եւ հասարակության կարեւորագույն խնդիրը զատել մյուս խնդիրներից: Երբ բոլորը խոսում են իշխանափոխության անհրաժեշտությունից, բայց ամեն ինչ անում են, որպեսզի իշխանափոխություն տեղի չունենա, ակամա մտածում ես, որ իրենց համար ամեն ինչ հրաշալի է, եւ ամեն մեկը մի բան գտել է գոյությունը քարշ տալու համար:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ