Կյանք դրեցին, նոր կյանք ստացան. ՔՊ-ում ուրախությանը չափ չկա

Կյանք դրեցին, նոր կյանք ստացան. ՔՊ-ում ուրախությանը չափ չկա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ցնծության մեջ են։ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում նրանց թեկնածու Գարիկ Սարգսյանը հաղթել է 17 տարվա գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մայիս Սարգսյանին։ Իրինդում և Ոսկեվազում, սակայն, ՔՊ-ի առաջադրած թեկնածուները պարտվել են։ Բայց դա նրանց չի տխրեցնում, քանզի երեք համայնքներից մեկում, գոնե, հաղթեցին, այն էլ 17 տարվա ՀՀԿ-ական գյուղապետին։



Այդ երկու համայնքներում իրենց պարտությունն ու այս մեկում հաղթանակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանը Hraparak.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց. «Մենք ընտրույթուններին մասնակցելու տարբեր մոդելներ փորձարկեցինք, և փորձը ցույց տվեց, որ ամենաաշխատողը այդ մեր հայտարարած թվային աշխատանքն է, ինստիտուցիոնալ գործելաոճը, որը Նոր Կյանքում էր»։



Ա. Սիմոնյանի խոսքով՝ իրենք Նոր Կյանքում ընտրությունների գործընթացը վերահսկել են մոտավորապես այնպես, ինչպես Հրազդանում. «Կարելի է ասել՝ Հրազդանի մոդելով էր, ուղղակի էստեղ էն դեպքն էր, որ փողը դեր չխաղաց»։



Մեր հարցին, թե մյուս երկու համայնքներում իրենց պարտությունն, ամեն դեպքում, արդա՞ր էր, թե՞ խախտումներով են հաղթել մրցակից թեկնածուները, ՔՊ խոսնակն ասաց. «Մինչև չծանոթանամ՝ ինչ է կատարվել էնտեղ, չեմ կարող ասել»։



Կարո՞ղ է Նոր Կյանքում իրենց այս հաղթանակը նոր կյանք հաղորդի մեր քաղաքական դաշտի, ընտրությունների ընթացքին. «Բնականաբար, ու շատ խորհրդանշական է, որ Նոր Կյանքում, որտեղ մենք ունեցանք ավագանու երկու անդամ, որոնք, ի դեպ, ամենաբարձր ձայներով են անցել, նաև մեր բոլոր կարգախոսներում նոր կյանք բառը կա։ Եվ, փաստացի այս կարգախոսն այս ՏԻՄ ընտրություններում, համենայնդեպս, կարելի է համարել ստացված։ Ուղղակի մեր ուրախությանը չափ չկա, երբ որ դու աշխատում ես, երբ որ դու դրա մեջ կյանք ես դնում, և ստանում ես արդյունք»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ սա ցույց տվեց, որ հնարավոր է երկրում ընտրություններով փոփոխություններ անել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ