Ստատուսակռիվ և ուլտիմատումներ ընդդիմադիրների միջև

Ստատուսակռիվ և ուլտիմատումներ ընդդիմադիրների միջև

Վանաձորի ընտրությունների ֆոնին լարվել են «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունների հարաբերությունները։ Էդմոն Մարուքյանն ու իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները վստահ են, որ հաղթելու իրենց շանսերն անհամեմատ ավելի մեծ են՝ հաշվի առնելով Մարուքյանի եղբոր՝ ցուցակի առաջին համար Քրիստ Մարուքյանի հեղինակությունը Վանաձորում։ 2 ընդդիմադիր ուժերի միջեւ լարվածություն ստեղծվեց, երբ սկսեցին միմյանց մեղադրել կեղծ ընդդիմություն լինելու մեջ։ Թե ով որքանով է անկեղծ կամ կեղծ ընդդիմություն, ժողովուրդը կգնահատի։ Փաստն այն է, որ ընդդիմադիր դաշտում զբաղված են միմյանց սեւացնելով, մեկը մյուսի հաշվին ավելի ընդդիմադիր երեւալով։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու «ՔՊ»-ն Էդմոն Մարուքյանին մեղադրում են իշխանական նախագծերին կողմ քվեարկելու մեջ, ապա Մարուքյանի կողմնակիցներն էլ Նիկոլին մեղադրում են ընդդիմադիր դաշտը պառակտելու, ընդդիմության դեմ աշխատելու հարցում։ Հակամարտությունը դրսեւորվում է նաեւ ստատուսակռիվների միջոցով, որոնք տեղ-տեղ ուղեկցվում են ուլտիմատումներով։



2 օր առաջ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանն իր ՖԲ էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ «Միավորման բացառիկ հնարավորություն»։ «Սեպտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ինքնաբացարկի վերջնաժամկետը: Քարոզարշավի այս օրերը ցույց տվեցին, որ Վանաձորում իրական հնարավորություն է ստեղծվել՝ հաղթելու Հանրապետական կուսակցությանը: Այս պահին բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաղթելու ամենամեծ շանսերն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, եւ մենք վստահորեն գնում ենք դեպի այդ հաղթանակը: Սակայն հիշեցնելով, որ մեր գլխավոր թիրախը եղել եւ մնում է Հանրապետական կուսակցությունը, ես դիմում եմ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ միավորել մեր ջանքերը եւ համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել առավել աներկբա եւ վերջնական: Կոչ եմ անում օգտվել առաջին անգամ ընձեռված այս բացառիկ հնարավորությունից եւ Վանաձորում ձեւավորել բազմակուսակցական տեղական իշխանություն` բերելով համագործակցային կառավարման նոր մշակույթ: Մենք պատրաստ ենք մի կողմ դնել բոլոր ներկա եւ նախկին տարաձայնությունները եւ միավորվել՝ հանուն ավելի բարձր արժեքի եւ զարգացող Վանաձորի: Ժամանակը սուղ է, հուսով ենք՝ մեր առաջարկը կստանա դրական արձագանքներ, եւ մենք միավորված կհաղթենք Հանրապետական կուսակցությանը»։



Այս հայտարարությանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից առաջինն արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիրը»։ «ՔՊ» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքում այս առաջարկն «աննախադեպ» էր համարել եւ ներկայացրել իրենց պաշտոնական դիրքորոշումը, որտեղ պայման էր դրել Մարուքյանի առաջ.



1. Հայտարարել, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։



2. Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով եւ չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։



3. Սեպտեմբերի 22-ին ողջամիտ ժամկետում Ազգային ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։



Վերոնշյալ պայմանների կատարման դեպքում «ՔՊ»-ն կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ եւ Վանաձորում ինքնաբացարկ կհայտնի հօգուտ «ԼՀ»-ի՝ ակնկալելով բանակցությունների սկիզբ «ԼՀ»-ի հետ մեկ կուսակցության մեջ միաձուլվելու շուրջ՝ հանուն մեկ, ուժեղ, իսկական ընդդիմության ձեւավորման։ Վերջում էլ հետգրություն է ավելացրել. «Եթե իմպիչմենտի նախագիծ գրելու ժամանակ չունեք, կարող ենք ձեզ փոխանցել 2014 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից գրված եւ ձեր կողմից չստորագրված իմպիչմենտի նախագիծը»։



Երեկ, օրվա երկրորդ կեսին, Էդմոն Մարուքյանը եւ «Լուսավոր Հայաստանը» հանդես եկան պատասխանով։ Մարուքյանը նախ հիշեցրել էր, որ «վերջին շրջանում այդ ուժի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու եւ կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները»: Ապա. ««ՔՊ» կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը եւս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր, ինչն առհասարակ դեմ է մեր մշակույթին եւ արժեքներին, այնուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանն իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց, եւ այդ գործընթացի առաջամարտիկը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է: Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար «ՔՊ»-ին խանգարող միակ հանգամանքն իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է, ապա, առանց վարանելու, պաշտոնապես հայտարարում եմ․ եթե մինչեւ այսօր՝ ժամը 18:00-ն, «ՔՊ»-ն ի պաշտպանություն «Լուսավոր Հայաստանի» ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծի տակ (ինչպես առաջարկվել է «ՔՊ»-ի կողմից): Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, եւ մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին: Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր նպատակների եւ թիմերի միջեւ»։



Ուղիղ ժամը 18։00-ին պատասխանեց նաեւ «ՔՊ»-ն՝ արձանագրելով, որ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը» մերժել են իրենց 3 կետերը. «Ինչը նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր ընտրապայքարը Վանաձորում եւ շարունակում ենք պնդել «Լուսավոր Հայաստանի» եւ Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ մեր կուսակցության վարչության ներկայացուցիչների նախկինում արած հայտարարությունները: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծին, ԱԺ պատգամավորը պարտավոր էր իմանալ, որ ԱԺ-ի կողմից այն մերժվելուց հետո դուրս է եկել շրջանառությունից եւ հիմա ԱԺ-ում շրջանառվող փաստաթուղթ չի համարվում, ուստի այլ պատգամավորների միանալը դրան հնարավոր չէ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ