Կառավարությունն իր Kia-ներն ուղարկել է նորոգելու

Կառավարությունն իր Kia-ներն ուղարկել է նորոգելու

Կառավարությունը սեպտեմբերի 9-ին 612 հազար 160 դրամ արժողության պայմանագիր է կնքել հարավկորեական Kia մակնիշի ավտոմեքենաներ ներմուծող «Կիա մոթորս Արմենիա» ընկերության հետ։ Դրանով տվյալ ընկերությունը պարտավորվել է տեխնիկական սպասարկում իրականացնել կառավարության աշխատակազմին պատկանող Kia Cerato եւ Kia Optima մակնիշի մեքենաների համար։ Այս գումարի դիմաց պետք է փոխվեն տվյալ մեքենաների շարժիչների յուղը, օդի եւ յուղի ֆիլտրերը, պատուհանը մաքրող խոզանակները, կոնտակտային լամպերը եւ ոչ միայն։ Պետք է իրականացվեն նաեւ անիվների հավասարակշռում, սկավառակների ուղղում, արգելակային կոճղակների, սրահի զտիչի փոխում եւ այսպես շարունակ։ Նկատենք, որ կառավարության մեքենաների մեծ մասը ճապոնական Toyota մակնիշի է, իսկ մյուսները՝ հարավկորեական արտադրության Kia կամ Hyundai մակնիշի։ Կառավարության կայքում այս պայմանագրին կից եւս երեք պայմանագիր կար, որոնցից երեւում է, թե որ մեքենաներն են ուղարկվել տեխսպասարկման, ինչ մեքենաներ են դրանք, որ թվականի արտադրության, երբ են գնվել եւ ինչ արժեքով։



Այստեղ ուշագրավ է, սակայն, այն, որ «Կիա Մոթորս Արմենիա» ընկերությունը, մեր տեղեկություններով, փակվել է։ Դեռ ամիսներ առաջ մենք այս թեմային անդրադարձել էինք ու գրել, որ ընկերությունը մեքենաների իրացման հետ կապված խնդիր ունի, ԵՏՄ-ին անդամակցումից հետո իրենց մեքենաներն այլեւս չեն գնում, քանզի ՌԴ-ից կարողանում են առանց մաքսազերծման ավելի էժան գնով նույն մեքենան ներմուծել։ Այս մասին մեզ հետ զրույցում փաստել էր նաեւ ընկերության գործադիր տնօրենը՝ նշելով, որ իսկապես ունեն ֆինանսական եւ վաճառքի հետ կապված խնդիրներ ու արդեն մոտ կես տարի է՝ մեքենա չեն ներմուծում։ Ուստի հետաքրքիր է, թե ինչպես է հայրենի կառավարությունը չգործող սրահի հետ պայմանագիր կնքել, եթե իսկապես այն փակվել է։ Չի բացառվում, որ տեխսպասարկման բաժինը, ամեն դեպքում, իրականացվում է՝ անկախ սրահի փակվելուց։



«Կիա Մոթորս Արմենիա» ընկերության գրասենյակից մեզ ասացին, որ սրահն այս պահին չի գործում, բայց մեքենաների տեխսպասարկումը պատշաճ իրականացվում է, եւ մեկը մյուսի հետ կապ չունի։ Թե որքան ժամանակ է, որ սրահը չի գործում, ընկերությունից ասացին՝ մոտ մեկ տարի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ