Ընդդիմությունը կվիճարկի Բալասանյանի ճակատագիրը

Ընդդիմությունը կվիճարկի Բալասանյանի ճակատագիրը

Գյումրին դրամատիկ քաղաք է՝ բոլոր առումներով, եւ այդ դրամատիզմն առավել ցայտուն երեւում է հատկապես ընտրությունների ընթացքում։ Հոկտեմբերի 2-ի ընտրությունները եւս բացառություն չէին, ցավոք, այս անգամ, ավելի շուտ՝ ողբերգական. ընտրություններից մի քանի օր առաջ թեկնածուներից մեկի որդու մահը միակը չէր այս գործընթացում։ Բուն ընտրությունների օրը եւս երկու մահ գրանցվեց. մեկը՝ «Գյումրեցու ոգի» կուսակցության չորրորդ համարի թեկնածուի աներն էր, որ մահացավ իրեն պատկանող մասնավոր մի տարածքում՝ բեռնատար վերելակի պոկվելու հետեւանքով, մյուսը 34/54 տեղամասում գտնվող «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» ընկերության դիտորդն էր, որ սրտի կաթվածից մահացավ։ Ի դեպ, «Թրանսփերենսիի» հիմնադիր նախագահ Ամալյա Կոստանյանը եւս մահացավ սրտի կաթվածից՝ 50 տարեկանում։



Ընդդիմությունը ե՛վ հաղթեց, ե՛վ պարտվեց



Գյումրու քաղաքապետի աթոռի համար պայքարում էր 11 քաղաքական ուժ՝ 10 կուսակցություն եւ մեկ դաշինք։ «Բալասանյան դաշինքն» իր հետ պայքարի էր հանել նաեւ իր «դուստր ձեռնարկությանը»՝ որդու ընկերոջ հիմնած «Գյումրեցու ոգի» կուսակցությանը, որն իր առաքելությունը փայլուն իրականացրեց. ընդդիմությունից զգալի թվով ձայներ խլեց՝ 11-ի մեջ զբաղեցնելով 5-րդ տեղը։ Երեկ առավոտյան արդեն պարզ էր, որ Գյումրու ավագանի են անցել «Բալասանյան դաշինքը», ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդն» ու «ԳԱԼԱ»-ն։ Այնպիսի հնչեղ կուսակցություններ, ինչպիսիք են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» ու Վարդան Օսկանյանի «Համախմբումը», չհաղթահարեցին նվազագույն անցողիկ շեմը։ Եվ որքան էլ ասեն, թե ընտրակաշառք է բաժանվել, որի վերաբերյալ այդպես էլ որեւէ փաստ չներկայացրին, կամ ընտրախախտումներ են եղել, փաստն այն է, որ գյումրեցին իր ձայնը չտվեց։



ՀՀԿ-ն խլեց Բալասանյանի ձայները



Գյումրեցին, իրականում, առանձնապես դժգոհ չէր գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանից։ Ոմանք դրական գործեր էլ են մատնանշում նրա աշխատանքում՝ նկատելով. «Վարդանիկից՝ որ լավ է»։ Եվ շատերը նրան ձայն չտվեցին ոչ թե վատ աշխատանքի, այլ նրա քաղաքական անցյալի ու ներկայի համար։ Բալասանյանի ճակատին «վազող տողով» գրվող կուսակցությունների անուններն էապես ազդեցին նրա վարկանիշի վրա՝ ՕԵԿ, ԲՀԿ, հիմա էլ՝ «անկուսակցական ՀՀԿ», որի հովանու ներքո էլ նա կրկին դարձավ քաղաքապետ։ Անգամ ինքը՝ Լեւոն Բարսեղյանը երեկ խոստովանեց, որ եթե Բալասանյանը չհամագործակցեր «Հայաստանը խոշտանգած ու հարստահարած» ՀՀԿ-ի հետ, նրա հանդեպ վերաբերմունքը բոլորովին այլ կլիներ։ Ստացվում է՝ ՀՀԿ-ն իր «հեղինակությամբ» ազդեց քաղաքականապես հեղինակազրկված, բայց որպես քաղաքապետ իր դիրքերը քիչ թե շատ պահպանող Բալասանյանի քվեների վրա։



Օրենքում կազո՞ւս, թե՞ իշխանական լավ մտածված պլան



Ընտրական օրենսգրքի 123 հոդվածի 2-րդ կետն ու 141-րդի 5-րդ կետն իսկական խառնաշփոթ են ստեղծել ավագանի ընտրված երեք ընդդիմադիր ուժերի մոտ։ Առաջինով սահմանվում է, որ Գյումրու ավագանին պետք է բաղկացած լինի 33 անդամից, երկրորդով՝ «մանդատաշինության» մի բարդ մեխանիզմ։ Ըստ այդմ՝ եթե 141-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից մեկն ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Այս դեպքում «Բալասանյան դաշինքն» ստանում է մանդատների շուրջ 45 տոկոսը։ Բայց ընդդիմությունից Հովհաննես Մարգարյանն ու Լեւոն Բարսեղյանը երեկ մեզ ասացին, որ «Բալասանյան դաշինքն» իր 34.64% ձայներով ստացել է 15, ԲՀԿ-ն՝ 21.7%-ով՝ 9 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 14.15%-ով՝ 5 եւ «ԳԱԼԱ»-ն՝ 10.49 %-ով՝ 4 մանդատ։ Եվ հիմա ՀՀԿ-ից արդեն շտապում են տոնել իրենց հաղթանակը՝ հղում անելով վերը նշված 141-րդ հոդվածի 5-րդ կետին, որն իր մեջ բոնուսային մեխանիզմ է պարունակում։ Այսինքն՝ մանդատների 40 տոկոսից ավելին հավաքած ուժին եւս 10 տոկոս բոնուս է տրվում, ինչն էլ երկուսով ավելացնում է տվյալ ուժի մանդատների թիվը՝ այս դեպքում «Բալասանյան դաշինքի» 15 մանդատները դարձնելով 17։ Բայց օրենքում հստակ նշված է՝ 33 մանդատ։ Այդ դեպքում ումի՞ց են պակասեցնելու այդ երկու մանդատը, ո՞ր ուժից են դրանք վերցնելու, որպեսզի «33» թիվը պահպանվի։ Այս տարակուսանքը երեկ բարձրաձայնեց «ԳԱԼԱ»-ի երկրորդ համար Լեւոն Բարսեղյանը։ «Ստացվում է՝ օրենքում կազուս է առաջացել»,- նշեց նա։



«Եթերում» Մուկուչյանն է



Այս «կազուսը» խնդրեցինք մեկնաբանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Նա ասաց, որ օրենքի 4-րդ, ապա 5-րդ կետերով հստակ սահմանվում է, որ ոչ թե որեւէ մեկին լրացուցիչ մանդատ են տալիս, այլ կատարվում է հաշվարկ, որի արդյունքում, եթե որեւէ մեկն ստանում է ընդհանուր մանդատների 40 տոկոսը, դրան ավելանում է եւս երկու մանդատ, իսկ մնացած մանդատները բաշխվում են մյուս ուժերի միջեւ։ Արդյունքում, ըստ Մուկուչյանի, «Բալասանյան դաշինքն» ստանում է 17 մանդատ, 8 մանդատ՝ ԲՀԿ-ն, 4՝ ՀՎԿ-ն, 4 մանդատ էլ՝ «ԳԱԼԱ»-ն։ Իսկ ինչո՞ւ է հենց ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից պակասում այդ մեկական մանդատը։ Մուկուչյանն ասաց. «Մնացորդների բաշխման կանոն գոյություն ունի, այդ եղանակով, որ բաժանում ես, մնացորդներ են առաջանում, մնացորդով մնում է երկու մանդատ, որը տրվում է առավել մեծ մնացորդ ունեցողին»։ Արդյունքում՝ ավտոմատ քաղաքապետ է դառնում Սամվել Բալասանյանը։ Ամեն դեպքում՝ ընդդիմությունից նախնական ասում են, որ կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու օրենքը։ Մուկուչյանն ասաց, որ այսպիսի իրավիճակ առաջացել է նաեւ 2009 թվականի Երեւանի ավագանու ընտրություններից հետո, եւ այդ ժամանակ եւս նույն սկզբունքով են բաշխվել մանդատները, ինչի արդյունքում էլ ՀՀԿ-ից Գագիկ Բեգլարյանը դարձել է քաղաքապետ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ