ՀՀԿ-ն արդեն սկսել է դիվիդենտներ քաղել ՀՎԿ-ԼՀԿ վեճից

ՀՀԿ-ն արդեն սկսել է դիվիդենտներ քաղել ՀՎԿ-ԼՀԿ վեճից

Վանաձորում ՀՀԿ-ն խնդիր ունի՝ չի հավաքել բավարար ձայներ, որպեսզի իր թեկնածուին դարձնի քաղաքապետ։ Մամիկոն Ասլանյանի գլխավորած ցուցակն ընդամենը 13 մանդատ ունի։ Երկրորդ տեղում Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է․ եղբոր՝ Քրիստ Մարուքյանի ցուցակը 10 մանդատ ստացավ։ Երրորդ տեղում «Հայկական վերածնունդն» է, որն ունի 5 մանդատ, չորրորդում ԲՀԿ-ն է՝ 3 մանդատ, հինգերորդում ՀՅԴ-ն է, որին բաժին հասավ 2 մանդատ։ Եվ հիմա, եթե անգամ ՀՅԴ-ն միանա ՀՀԿ-ին, մեկ է՝ Մամիկոն Ասլանյանը չի կարողանա դառնալ քաղաքապետ։ Ընդդիմադիր երեք ուժերի մանդատները միասին ավելի շատ են։ Ուստի «Լուսավոր Հայաստանը» կոչ է անում ՀՎԿ-ին եւ ԲՀԿ-ին՝ միանալ իրենց եւ ավագանու նիստի փակ քվեարկության ժամանակ սատարել իրենց թեկնածուին։ Մարուքյանն ասաց, որ ԲՀԿ-ն համաձայնել է իրենց աջակցել՝ առանց նախապայմանների։ Իսկ «Հայկական վերածնունդը» հայտարարել է, որ պատրաստ է միանալ «Լուսավորին», բայց՝ պայմանով․ կամ «Լուսավորը» թող խոստանա, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում էլ է իր հետ համագործակցելու, կամ Վանաձորում միանան իրենց եւ իրենց թեկնածուին դարձնեն քաղաքապետ։ Այսինքն՝ «Հայկական վերածնունդն» իր 5 մանդատով առաջարկում է 10 մանդատ վաստակած «Լուսավոր Հայաստանին» կենտրոնանալ իրենց թեկնածուի՝ Արկադի Փելեշյանի վրա։ Վերջինս, հիշեցնենք, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի սանիկն է։ 



Էդմոն Մարուքյանը ՀՎԿ-ի երկրորդ առաջարկն իրատեսական չհամարեց․ «Որովհետեւ 10 մանդատ ունեցող ուժը չի կարող միանալ 5 մանդատ ունեցող ուժին, տրամաբանական չէ դա։ Դրա համար ես ասում եմ, որ մեր առաջարկն ուժի մեջ է, մինչեւ ավագանու առաջին նիստը ժամանակ ունենք»։ Մարուքյանը, սակայն, չի շտապում «Հայկական վերածնունդի» նախապայմաններին քաղաքական գնահատական տալ։ Երեւի տեղ է թողնում՝ հույսով, որ կվերանայեն իրենց դիրքորոշումը, քանի որ ընդդիմությունը բացառիկ շանս ունի Վանաձորում քաղաքապետ կարգելու։ «Ես ասում եմ, որ մենք ռեալ շանս ունենք՝ Հանրապետականին դարձնելու ընդդիմադիր խմբակցություն։ Էս շանսը կամ օգտագործում ենք, կամ նախապայմաններ ենք առաջ քաշում։ Հիմա կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ Վանաձորի ժողովուրդը թող դատի»,-ասաց նա։ Կամ էլ կարող է նշանակվել նոր ընտրություն, ինչը, թերեւս, ոչ մեկին ձեռնտու չէ։



«Հայկական վերածնունդ» կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը «եթե»-ներով ձեւակերպված իրենց այս «առաջարկը» նախապայման չհամարեց։ «Չէ, դա նախապայման չէ, առաջարկ է, որովհետեւ սա քաղաքական գործընթաց է, եւ ինչպես Էդմոն Մարուքյանն է առաջարկ արել, նույն հաջողությամբ մենք կարող ենք դա նախապայման դիտարկել»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք ավելի գլոբալ համագործակցության առաջարկ են արել։ Իսկ եթե այդ տարբերակին դեմ են, ապա ՀՎԿ-ն երկրորդ տարբերակ էլ է առաջարկել՝ Ակային քաղաքապետ դարձնել։ «Եթե իրենք ցանկանում են, որ ՀՀԿ-ի թեկնածուն չանցնի, թող միանան մեզ՝ մեր թեկնածուն անցնի»,-ասաց ՀՎԿ խոսնակը։



Առաքելյանի խոսքով, եթե Մարուքյանի կուսակցությունը դեմ լինի իրենց երկու առաջարկներին էլ, ապա իրենք պատրաստ են երկրորդ փուլի կամ նոր ընտրությունների։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի համաձայնելուն․ «ԲՀԿ-ն, եթե չեմ սխալվում, չի ասել, թե ինքը պաշտպանում է «Լուսավոր Հայաստանի» թեկնածությունը։ Ինքն ասել է՝ ես պաշտպանում եմ միացյալ թեկնածուին։ Ինչ վերաբերում է այս բանակցությունների ընթացքին, ապա ասեմ, որ երեկ Էդմոն Մարուքյանն այցելել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, կառուցողական քննարկումներ են եղել նրանց միջեւ, եւ այս պահի դրությամբ, կարծես թե, պրոցեսն ընթացքի մեջ է»։



ՀԳ․ Նկատենք, որ «Վերածնունդի» այս նախապայմաններով հայտարարությունից շտապեց օգտվել Հանրապետականը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում «փաստեց» հետեւյալը․ «Եթե «Լուսավոր Հայաստանի» համար իրոք գերնպատակ էր, որ քաղաքի հաջորդ ղեկավարը չլինի հանրապետական, ապա նրանք պետք է համաձայնեին «Հայկական վերածննդի» առաջարկությանը եւ գային ընդհանուր հայտարարի: Իսկ հիմա պարզապես ականատեսն ենք հերթական աթոռակռվի: Ցավալի է, որ անգամ նոր կուսակցությունների պարագայում մտածելակերպի մեջ ոչինչ չի փոխվում...»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ