Մի ամբողջ քաղաքական բևեռ է ստեղծվելու, մեր կուսակցությունը մի մասն է կազմելու այդ խճանկարի

Մի ամբողջ քաղաքական բևեռ է ստեղծվելու, մեր կուսակցությունը մի մասն է կազմելու այդ խճանկարի

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Եվրոպական ընտրություն» անվանումով եվրոպամետ կուսակցություն կստեղծի:



-Պարոն Խզմալյան, նմանատիպ կուսակցություն ստեղծելու գաղափարը վաղո՞ւց ունեիք և ինչո՞ւ այժմ որոշեցիք իրագործել:



Ես համարում եմ, որ դա այն գաղափարներից է, որը, ինչպես ասվում է, կախված է օդում, և Հայաստանին շատ վաղուց պետք էր եվրոպական ուղղվածությամբ, արևմտամետ քաղաքական բևեռ, որպեսզի մի փոքր հավասարակշռի այն հիվանդագին և անառողջ ռուսամոլությունը, որը տարիներով, դարերով սերմանում էին մեզ մոտ: Հատկապես հիմա, երբ Ռուսաստանը դարձել է տնտեսապես, գաղափարապես հետամնաց երկիր և մենք ճահիճ ենք ընթանում Ռուսաստանի հետ, որը մեզ վրա ծանր է նստելու: Մենք չունենք այդքան մարդկային, բնական, տնտեսական ռեսուրսներ, որպեսզի խաղ խաղանք: Օր առաջ, որքան հնարավոր է շուտ, պետք է ձերբազատվել այդ կախվածությունից, գաղութային իրավիճակից, որը մեզանում ստեղծված է: Ահա ինչո՞ւ սպասել, թե դա երբ է արվելու ուրիշների կողմից, որոշեցի այլևս չսպասել, և իմ երեխաների, իմ թոռների, ամբողջ ապագա սերնդի համար փորձել անել այն աշխատանքը, որը պետք է ինչ որ մեկը անի: Դա ես, բնականաբար, միայնակ չեմ անի, անհնար բան է, անում եմ համակիրների, համախոհների հետ, հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով ենք փնտրում և գտնում: Դա պետք է արվի, եթե չանենք մենք, կարվի մեր փոխարեն և կանեն այնպես, որ մենք չենք ճանաչի մեր երազանքը, մեր ցանկությունը:



-Նշում եք՝ Ռուսաստանի տիրապետության տակ ենք գտնվում, կհաջողվի՞ Ձեզ դուրս գալ այդ լծի տակից այն դեպքում, երբ մեր հայրենակիցներից շատերը ապրուստի միջոց գտնում են ՌԴ-ում:



Միայնակ Հայաստանը չի կարողանա ազատվել ռուսական գաղութային տիրույթից, բարեբախտաբար մենք ապրում ենք հիմա աննախադեպ բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակ, մեր երկրի երկու գլխավոր ախոյանները՝ Թուրքիան և Ռուսաստանը, գտնվում են նույն անկման մեջ և դրանից չօգտվել կլինի ուղղակի հիմարություն մեր կողմից: Սա բառացիորեն 100 տարին մեկ անգամ է պատահում, զուգադիպում, և հիմա մենք մոտավորապես առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ենք: 100 տարի առաջ Ռուսաստանում տեղի ունեցավ «Հոկտեմբերյան» հեղաշրջումը, կայսրությունը քանդվեց, դրա հետ մեկտեղ քանդվեց Օսմանյան կայսրությունը, հիմա այդ երկու բյուզանդական ժառանգություն ունեցող երկրները էլի կանգնած են տրոհման շեմին և մեզ համար ստեղծված են շատ բարենպաստ պայմաններ: Մյուս կողմից մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական առանցքում, որը պետք է կապի Արևմտյան Եվրոպան Մերձավոր Արևելքի հետ, դա պետք է արվի Ուկրանիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով, սա պատմական անհրաժեշտություն է և եթե մենք դա չհասկանանք, կգործի հին լատինական օրենքը՝ խելացուն ճակատագիրը տանում է, անխելքին քարշ է տալիս: Որպեսզի մենք ոտնատակ չլինենք և մեզ քարշ չտան, մենք դա պետք է անենք ինքնուրույն: Վերջին ամիսներին ես նկատում եմ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որ հայկական իշխանական բուրգում ճաքեր են առաջացել, որովհետև մի մասը գիտակցում է ստեղծված իրավիճակը և փորձում է դուրս գալ ռուսական կախվածությունից: Այն, ինչ կատարվում է հիմա ՝ «օլիգարխների ջարդը» հիմնականում բացատրվում է նրանով, որ տեղի է ունենում քաղաքական և տնտեսական ոլորտների նոր բաշխում, տեղի է ունենում սեփականության վերանայում: Ահա ինչու «Եվրոպական ընտրություն» կուսակցությունը այդքան արդիական է, օրակարգային, և ես կարծում եմ, որ մենք ուշ թե շուտ կստեղծենք այն երկիրը, որի մասին երազում ենք: Հայաստանը եվրոպական երկիր էր, Հայաստանը գտնվում էր եվրոպական քաղաքակրթության ակունքում, մեր բոլոր պատմական, մշակութային զարգացումները՝ Տիգրան Մեծի ժամանակից սկսած՝ շարունակելով Տրդատով, Տրդատ երրորդով, անգամ ամենամռայլ դարերում Մխիթար Սեբաստացին փրկում էր հայոց մշակույթը Վենետիկում և այսպես շարունակ, մենք փրկվում ենք, երբ որ մերձենում ենք Եվրոպային՝ մեր հոգևոր հայրենիքին: Մյուս կողմից՝ Եվրոպան է գնալով ավելի ու ավելի ճանաչում Հայաստանը իբրև իր ակունքը: Մենք մոտակա ամիսներին կտեսնենք, այսպես կոչված «խոպանչիների» վերադարձը հսկայական ծավալներով, այսօր հրապարակվեց ռուս տնտեսագետ Կուդրինի հետազոտությունն այն մասին, որ ՌԴ-ից վերջին տասնամյակում 14-ից 18 մլն մարդ է արտագաղթել, ընդ որում՝ գիտական վերնախավը: Մենք չպետք է լրացնենք այն բացերը, որն առկա է հիմա Ռուսաստանում, այնտեղից փախչում են, և շուտով հայերն էլ դա կհասկանան, որովհետև աճող տնտեսական խնդիրները, որին առնչվում է Ռուսաստանը, ռուբլու անկումը կստիպի մարդկանց վերանայել իրենց ավանդական փախուստի ուղիները: Մեր երեխաները չպետք է գոմեր կառուցեն Ալթայում, որտեղ Ստալինը հայերին էր աքսորում, հայերը չպետք է ապրեն չինական սահմանին: Հայաստանը Աստվածաշնչում նշված է որպես դրախտ:



-Կուսակցությունը դեռ գրանցված չէ, բայց, այնուամենայնիվ, քանի՞սն են այժմ աջակցում ստեղծվող կուսակցությանը:



Թվի մասին այժմ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև մենք չենք անդամագրում որևէ մարդկանց, այժմ հրավիրում ենք, հայտարարում ենք: Մեզ համար ոչ թե կուսակցության ստեղծումն է գերխնդիր, այլ եվրոպական գաղափարի ներմուծումը և կառուցումը Հայաստանում: Կան այլ կուսակցություններ, որոնք կայացած են և հայտնել են իրենց աջակցությունը մեզ, դա ԱԻՄ-ն է, Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ «Ազատ դեմոկրատների» կուսակցությունն է, «Հանրապետություն»-ը, նոր «ՀՀՇ» կուսակցությունը, ես թվում եմ այն կուսակցությունների անունները, որոնց ղեկավարները անձամբ հայտնել են մեզ իրենց աջակցությունը: Իրականում մի ամբողջ քաղաքական բևեռ է ստեղծվելու, մեր կուսակցությունը մի մասն է կազմելու այդ խճանկարի:



-Քաղաքական հայտնի անհատ գործիչներից ովքե՞ր են Ձեզ աջակցելու:



Գրեթե ոչ մի հայտնի քաղաքական հայտնի գործիչ նախկին կամ ներկայիս դուք չեք տեսնի, սկզբունքային մոտեցում է դա: Հիմնականում միջին խավն է. մտավորականներն են ու ուսանողները, որոնք գրեթե քաղաքական գործունեությամբ չեն զբաղվել, լավագույն դեպքում նրանք մասնակցել են քաղաքական շարժումների, բայց հայտնի դեմքեր չկան, նոր քաղաքական մշակույթ է պետք ստեղծել: Մենք պետք է ստեղծենք իրավիճակ, երբ հասարակության այդ իրական խավը ունենա ներկայացուցչություն, եթե մենք նայենք մեր օրենսդիր մարմնին հիմա, ամոթ է, որ այդպիսի կենսագրությամբ, մականուններով մարդիկ ունենք: Դա խայտառակություն է, դա պետք է փոխել, վերնախավը գալիս է նոր սերնդի հետ, դա այն սերունդն է, որը մենք չգիտենք, նոր ենք իրենց հայտնաբերում, իրենց ներգրավում հասարակական-քաղաքական կյանքի մեջ:



-Դուք «Սասնա ծռեր»-ի օրերին խմբի անդամներին աջակցողներից էիք, հարթակից ելույթ էիք ունենում: Այդտեղից միացողներ եղե՞լ են ձեզ:



Գրեթե ոչ, բայց այնտեղ կար փայլուն երիտասարդություն, որի շարքերից ներհոսք կլինի, որովհետև երիտասարդությունը տեսնելով ազնվություն, անկեղծություն, և դրան պետք է գումարել ճիշտ քաղաքական հաշվարկ՝ օր առաջ Ռուսաստանի ծուղակից հեռանալն է, դա մի բան է, որը չկատարվեց «Սասնա ծռեր»-ին, նախավերջին օրը, Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ պետք է պայքարենք ռուսական իմպերիալիզմի և գաղութացման դեմ, սակայն այդ խոսքը մնաց կախված օդում: Իսկ մենք պետք է իրագործենք այն խոսքը, որի մասին ասեց Վարուժան Ավետիսյանը: Այդ մասին ասել է Նժդեհը, Շանթ Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, վերջերս էլ Վարուժան Ավետիսյանը: Այսինքն՝ սա ամենակարևոր գաղափարն է, որը Նժդեհի ժամանակից սպասում էին իրագործման: Միակ ուղին է, որով կվերադառնան Հայաստան, մեր նպատակները մեկ նախադասությամբ կարելի է ձևակերպել՝ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ և անդամակցի ՆԱՏՕ-ին:



-Կուսակցությունը դեռ գրանցված չէ, բայց եթե հասցնեք գրանցվել, կմասնակցե՞ք Խորհրդարանական ընտրություններին:



Եթե հասցնենք, մենք հայտ կներկայացնենք, թեև այս պահին դա գերխնդիր չէ, ընտրությունները, ինչպես ցույց տվեց վերջին օրինակը՝ ՏԻՄ ընտրությունները, դրանք խեղկատակություն են, կատակերգություն, դրանք իմիտացիա են և այս պայմաններում կարելի է ուղղակի հայց ներկայացնել կամ ինչպես ասում են՝ դրոշ ցույց տալ, մենք երկու դրոշ ցույց կտանք՝ ՀՀ եռագույնը և Եվրամիության դրոշը: Ընտրությունները իրական կդառնան չեկիստական համակարգի փլուզումից հետո, դրան մնացել է շատ քիչ ժամանակ, ամիսներ:



-Ի՞նչ-որ չափորոշիչներ կան, որոնց առկայության դեպքում կարող են դառնալ կուսակցության անդամ:



Հիմա գնում է խմբագրական աշխատանք, զուգահեռ մենք շարունակում ենք անդամներին հրավիրել, նրանց հետ հանդիպել, ոչ բոլորն են ընդունվելու, կան պարզ նախապայմաններ՝ ժողովրդավարության, մարդու իրացունքների հետ կապված և քաղաքական կողմնորոշման: Եվրամիություն, ՆԱՏՕ անդամակցություն, դրանք պահանջներ են, որոնք չեն քննարկվում և այս հարցում որևէ նահանջ չկա, շատերի համար դա դեռևս թարմ, անսովոր գաղափար է, բայց պետք է համբերատար բացատրել, որպեսզի մենք ունենանք ոչ թե թվաքանակ, այլ գիտակից անդամներ: