Եթե մեկ օրում բան փոխված չլինի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանից

Եթե մեկ օրում բան փոխված չլինի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանից

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի վերջին մեկ տարում ՀԱՊԿ նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում կքննարկվեն շուրջ երկու տասնյակ հարցեր, նախատեսվում է նաեւ մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում։ Նկատենք, որ որպես նախագահող երկիր՝ 2016-2017 թթ. Հայաստանին կփոխարինի Բելառուսի Հանրապետությունը։ 



Բայց մի կարեւոր փոփոխություն եւս նախատեսվում է այսօրվա նիստում. դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունն է։ Նշենք, որ մինչ այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան էր, եւ քարտուղարության փոփոխության պրակտիկա չկար ՀԱՊԿ-ում, միայն նախագահող երկիրն էր ամեն տարի փոխվում։ Եվ միայն անցած տարի Բելառուսի առաջարկով որոշվեց, որ պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւս փոխվի՝ ընտրվելով անդամ երկրներից։ Ըստ այդմ՝ անցած տարի, ըստ այբբենական ցանկի, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց Ռուսաստանի առաջարկով ներքին որոշում կայացվեց, որ մեկ տարով երկարաձգվի Բորդյուժայի պաշտոնավարումը։



Այս տարի, սակայն, Բորդյուժան ինքն էլ է հայտարարել, որ հոկտեմբերի 14-ի նիստում իր իրավահաջորդը կդառնա Հայաստանի ներկայացուցիչը։ Բայց թե ով, չի նշել։ Հայկական կողմից եւս չեն նշում հաջորդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուի անունը։ Մամուլում այս ընթացքում մի քանի անուն է շրջանառվել՝ պաշտպանության նախկին նախարարներ Վաղարշակ Հարությունյանի եւ Սեյրան Օհանյանի, ապա, երբ Օհանյանն ասաց, որ հրաժարվելու է այդ առաջարկից, նոր անուն հայտնվեց՝ Յուրի Խաչատուրով, ով մինչեւ վերջերս զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Իսկ վերջին փոփոխություններից հետո, երբ պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից ազատվեց եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին տեղափոխվեց Արմեն Գեւորգյանը, Խաչատուրովն ստանձնեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնը։ Հիմա էլ, փաստորեն, հնարավոր է տեղափոխվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, եթե, իհարկե, Ռուսաստանը համաձայնի։



ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում նախ նշեց, որ եթե լինի համաձայնություն, որ պետք է Հայաստանից գլխավորեն ՀԱՊԿ քարտուղարությունը, Հայաստանը շատ արագ կներկայացնի իր թեկնածուին։ Իսկ մենք ունե՞նք արդեն որոշված թեկնածու, որ ներկայացնենք։ «Մենք դեռ չենք քննարկել թեկնածուի հարցը, բայց ինձ թվում է՝ դա բարդ բան չէ։ Հիմա անուններ չտանք, էլի»,-ասաց Բաղդասարյանը՝ չհերքելով, որ անուններ կան. «Դե, մամուլի շրջանառվող անուններ են»։ Իսկ դրանք հավանակա՞ն անուններ են։ Բաղդասարյանն ասաց. «Դե, եթե անուններ են շրջանառվում, ուրեմն կոմպետենտ մարդիկ են»։



Զրուցեցինք նաեւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ։ Նա ասաց, որ եթե մեկ օրվա մեջ բան չփոխվի, ապա այսօր պետք է որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը։ Թե ինչ կտա մեզ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելը, Մինասյանն ասաց. «Առանձնապես շատ բան չի փոխվի, բայց գուցե որոշ տակտիկական հարցերի շուրջ հնարավորություն կտա ավելի լավ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»։ Քաղաքագետը նաեւ կասկած հայտնեց, որ Բորդյուժայի պաշտոնավարման երկարաձգումը մեր հաշվին ոչ թե Ռուսաստանի կամ անձամբ Բորդյուժայի ցանկությունն էր, այլ անդամ մեկ այլ երկրի խոչընդոտելու հետեւանքը. «Այն կողմը, որը խոչընդոտներ էր ստեղծել, դա չեմ կարծում, որ անձամբ Բորդյուժան էր»։ Իսկ այդ կողմը, ըստ նրա, անդամ երկրներից մեկն էր, մասնավորապես՝ Ղազախստանը։ Ի դեպ, Ղազախստանը ոչ միայն որպես ՀԱՊԿ անդամ երկիր, այլեւ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, վերջին տարիներին աչքի է ընկնում հակահայկական կեցվածքով։ Նազարբաեւն այս տարի ապրիլյան պատերազմից հետո հասավ նրան, որ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքը՝ նախատեսված ապրիլի 8-ին, չկայանա Երեւանում։ Այսօր էլ Երեւանում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պետք է մասնակցեր նաեւ ինքը՝ որպես անդամ երկրի նախագահ, բայց հրաժարվել է Երեւան գալ՝ պատճառաբանելով, թե, իբրեւ, հիվանդ է։ Նրա փոխարեն Հայաստան կժամանի Ղազախստանի վարչապետը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ