Մուծեմ, Արփինե ջան, հարց չկա
Արդարադատության նախարար ունենալը լավ բան է, իսկ եթե նա նաև կին է, այն էլ գեղեցկուհի, դա վերջն է.
Ծով են աչքերը մեր արդար դստեր,
Ու կորչում է մարդ նրա հայացքում,
Ճակատը` ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ Արագածի գագաթն է ծածկում...
Ինչու եմ առավոտ գիշերով հիշել Արփինե Հովհաննիսյանի՞ն` պատճառը շուտով կիմանաք, իսկ առայժմ նկատեմ միայն, որ ամեն մարդ առավոտյան մի բան հիշում է կամ մի ուղղությամբ մտածում, ծրագրում օրն ու անելիքները: Ամեն ինչ նորմալ է: Այսօր հիշել եմ մեր արդարադատության նախարարին, որովհետև այս հոդվածը վերջացնելուց հետո գնալու եմ բանկ և ունեցած-չունեցածս գրավի տակից հանեմ: ԴԱՀԿ-ն իր ոողջ արսենալով գրոհել է: Կալանք են դրել բանկային հաշիվներիս, գույքիս ու ամեն ինչիս վրա, և ես, որպես բանկային հաշիվ չունեցող քաղաքացի (երբեք չեմ ունեցել) գնում եմ բանկ, որպեսզի հոգիս ազատեմ ԴԱՀԿ-ի ու արդարադատության նախարարությունից:
Սա առաջին դեպքը չէ իմ կյանքում, որ հայրենի արագաչափի նշանակած տուգանքը ուշացրել եմ: Բայց սա առաջին դեպքն է, որ արագաչափի աշխատակիցները, այսինքն` ոստիկանությունը, չի բարեհաճել ինձ տեղեկացնել խախտման մասին և ուղիղ դիմել է արդարադատությանը, որպեսզի ինձնից ստանա Վլադիմիր Գասպարյանի հալալ քրտինքով վաստակած 9 հազար դրամ տուգանքը: Իսկ արդարադատության գեղեցկուհի նախարարն էլ, հո գիտեք, ձրի գործ չի անում: Ինքն էլ իր հերթին է «վենա» մտել 4.5 հազարի չափով, և, որպեսզի Հայաստանից չթռնեմ,ԴԱՀԿ-ով կալանք է դրել ամեն ինչիս վրա:
Այսքանը լավ մտապահեք:
Իսկ հիմա` իմ կարգազանցության մասին: ՀՀ իշխանությունների քառակուսի մտածելու կարողությանը ոչ ոք չի կասկածում, չէ՞: Նրանք ոչ մի շեղում չունեն: Որոշել են, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի հալածված և վերջ: Երկիրը ծածկել են տեսախցիկներով, մեզ հետևում են սոցցանցերով, հեռախոսներով, անգամ արդուկով, եթե այն միացված է: Վերջերս էլ ոստիկանների վրա են տեսախցիկ դրել և, երբ ոստիկանը փորը դեմ է տալիս մեքենայիդ բաց ապակուն, նկարվում է անգամ մեքենայի ներսը` իր ողջ պարունակությամբ: Ի՞նչ երկարացնեմ` գերի ենք մեր երկրում:
Եվ ուրեմն ապրիլի առաջին օրերին (հիշեք այդ օրերը) հերոս գյուղ Երասխավանի արագաչափը ինձ նկարել է այն պահին, երբ արագությունս գերազանցել է թույլատրելի նորման 9 կմ ժամով: Իսկ թե ինչ էի կորցրել այդ կողմերում ապրիլի առաջին օրերին, թողնում եմ մեր իշխանությունների քառակուսի մտածողությանը: Ասեմ միայն, որ այդ կողմերում ես լինում եմ բացառապես Արցախ գնալիս կամ այնտեղից վերադառնալիս: Ինչևէ:
Երասխում կատարած քաջագործությանս մասին ես չեմ տեղեկացվել: Դա եղել է ապրիլի 10 -ին, իսկ ես ԴԱՀԿ-ից կալանքի մասին նամակ եմ ստացել հոկտեմբերի 31-ին: Այդ ընթացքում ԴԱՀԿ-ը հասցրեց խայտառակ լինել, պետ փոխեցին, կառավարություն փոխվեց, ոստիկանապետն ու արդարադատության նախարարը, որ հայ-հայ էր պիտի թռնեին, անլուր մաքառումների գնով մնացին իրենց պաշտոններում: Կարճ աած` ոչ ոք ժամանակ չուներ ՀՀ քաղաքացի Էդիկ Անդրեասյանին տեղեկացնելու, որ խախտում է կատարել Երասխավանում: Ահավասիկ նոր կառավարությունը ձևավորվեց, սիրտները տեղն ընկավ ու դարձյալ թև թևի տված ոստիկանությունն ու արդարադատությունը (մի պահ պատկերացրեք Վովային ու Արփինեին միասին) կրկին հայտնվեցին` ձեռնաշղթաներով, կալանքի որոշումով, սպառնալիքներով, որ եթե 3 օրում իրենց նշանակած գումարը չվճարեմ` եղած-չեղածս կտանեն:
Ահա և գնում եմ վճարելու: Բողոքելու տեղ չկա, արդարության մասին չեմ էլ մտածում, որովհետև գործ ունեմ արդարադատության միջնաբերդի տիրուհու հետ:
Էդիկ Անդրեասյան
Կարծիքներ