50 միլիոն համերգի համա՞ր

50 միլիոն համերգի համա՞ր

Armtimes.com-ին հայտնի է դարձել ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 50 միլիոն դրամ հատկացնել «ԳԵՎՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համերգ կազմակերպելու համար: 



Հոկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն պարտավոր է թվով 1200 մասնակիցների համար տոնական միջոցառում կազամակերպել 2017 թվականի հունվարի 28-ին՝ ՀՀ բանակի կազմավորման օրը:



Համերգը նախատեսված է անցկացնել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դահլիճը կվարձակալվի 3 օրով, սակայն համերգը կլինի միայն հունվարի 28-ին: Նախատեսված է վարձակալել ձայնային եւ լուսային հավելյալ սարքավորումներ: 3 օրով կվարձակալվի 70-ից 80 քմ մեծության Լեդ էկրան: Ընդհանուր գումարից կվճարվի նաեւ բեմի ձեւավորման համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների վարձակալության եւ մոնտաժման, համերգային բեմի դեկորացիաների, շքամուտքի ձեւավորման համար թվով 8 թեմատիկ պաստառների համար: Կվճարվի նույնիսկ այդ Լեդ էկրանի համար անիմացիոն պատկերների պատրաստման համար:



Համերգին կմասնակցի10 մենակատար, 2 հաղորդավար, 6 պարային եւ երգի համույթ. 2 նվագախումբ: Այս հաճույքը կտևի 1.5 ժամ, որի ընթացքում կրծքանշաններ, օրացույցներ կբաժանվեն եւ տեսանկարահանում կիրականացվի:



Վերը նշված բոլոր ծառայությունները վճարովի են եւ ներառված են մեկ պայմանագրում: Պաշտպանության նախարարությունը պարտավորվել է, որ այդ 50 միլիոնը վճարի ամենաուշը այս տարվա դեկտեմբերի 10-ին:



Գաղտնիք չէ, որ նշված կազմակերպության և ծառայությունների հետևում մասնավոր անձինք են կանգնած և այդ 50 միլիոնը ոչ ավել ոչ պակաս հոսելու է մասնավոր գրպաններ: Մինչդեռ այդ 50 միլիոնով կարելի է գնել 2500 զույգ լավորակ զինվորական կոշիկ:



Նման հետույքաբացություն անել այն դեպքում, երբ բանակը ընկած հասարակությունից մարդա՝ 1000 դրամ է մուրում իր կարիքների համար, մեղմ ասած՝ խելամիտ չէ և չի կարող հասկացվել այն հաստատումների ֆոնին, թե մեր հասարակության մեջ կան տականքներ, որոնք նույնիսկ 1000 դրամ են զլանում տալ բանակին: Տականքները հենց նրանք են, ովքեր ԶԼՄ-ներին տասնյակ հարցազրույցներ են տալիս այս օրերին՝ փորձելոբվ արդարացնել մի կլոունադա, որի անունը հայրենասիրություն են դրել:



Անկեղծորեն՝ դժվարանում եմ ասել, թե որ օրգանով է մտածել ՊՆ-ն՝ այս պայմանագրի մասին տեղեկատվական հոսք նետելով դաշտ: Ի՞նչ են ակնկալում լսել հասարակությունից այս նոր աչքալուսանքից հետո:



Մեր բանակն, իհարկե, արժանի է որ նրա ամեն տարեդարձ նշվի ավելի ու ավելի մեծ շուքով ու հանդիսավորությամբ: Բայց շուքն ու հանդիսավորությունը միշտ չէ, որ ծախսված փողի մեծությամբ են չափվում: Ամեն ինչ կախված է տոնը տոն դարձնելու ցանկությունից:



Առաջարկում եմ՝ գտնել այլ դահլիճ, որը կտրամադրեն անվճար, մրցույթով հայտնաբերել այն կազմակերպություններին, որոնք համերգի հետ կապված հավաքովի բեմը և տեխնիկան կտրամադրեն անվճար, մրցույթ հայտարարել և ընտրել այն լավագույն երգիչներին ու կատարողներին, որոնք այդ օրը բանակի համար կերգեն, կնվագեն ու կպարեն անվճար, և վերջապես՝ ցանկալի է, որ երկրի մեծամեծներն այդ միջոցառմանը մասնակցեն որպես մեզնից մեկը և ոչ թե որպես իրենց ներկայությամբ տոնը պատվողներ:



Իսկ ինչ վերաբերվում է 1000-ական դրամ հավաքելու այս նախաձեռնությանը, ապա կարող ենք ասել, որ պետք էր նախապես մտածել և նոր միայն հայտարարել այդ մասին: Համաժողովրդական դրամահավաքն այսպես չի արվում: Պետք էր նախապես մեջտեղում դնել մի թափանցիկ արկղ, որի մեջ յուրաքանչյուր հայկական 1000- անոց թղթադրամ նույն արժեքը կունենար, ինչ 100 դոլարը, 100 եվրոն կամ մեկ միլիոն ռուսական ռուբլին: