Կմիավորվի՞ ՀՀԿ-ն «Եդինայա Ռոսիա»-ի հետ

Կմիավորվի՞ ՀՀԿ-ն «Եդինայա Ռոսիա»-ի հետ

Որոշ ընտրական տեխնոլոգներ Հայաստանի քաղաքական դաշտն ԱԺ ընտրություններից առաջ պատկերացնում են եռագույն` արեւմտամետներ, ռուսամետներ եւ խառնամբոխ: Նրանք նաեւ վստահ են, որ ԱԺ-ում երկու երրորդ են ունենալու ռուսամետները, մի սիմվոլիկ բաժին՝ արեւմտամետները, եւ խիստ կասկածելի են համարում խառնամբոխի ճակատագիրն ԱԺ մտնել-չմտնելու տեսանկյունից: Իսկ ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ, մեր տեխնոլոգների կարծիքով, ՀՀ քաղաքական դաշտի նշված ստրուկտուրայի ձեւավորման վրա ազդել է երկու հանգամանք` Թրամփի ընտրությունն ԱՄՆ-ում եւ Պուտինի նկրտումները Հայաստանում: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ Հայաստանում, ի վերջո, ընտրող կա, այսինքն` քաղաքացի, որ Հայաստանը, որքան էլ խոցելի դրսի ուժերի կողմից, այնուամենայնիվ, անկախ երկիր է:



Ըստ մեր քաղտեխնոլոգ-ընտրատեխնոլոգների, Հայաստանում Սահմանադրությունը փոխել է Պուտինը, որ հետո, ինչպես դա արվեց Հարավային Օսիայում, նախագահին հեռացնի եւ նրա տեղը վարչապետ-մենեջեր նշանակի: Կարեն Կարապետյանի` վարչապետի աթոռին հայտնվելը կարծես այդ թեզի օգտին է խոսում: Կարեն Կարապետյանը հաստատ հայաստանյան քաղաքական ֆիգուր չէ, բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանը Հարավային Օսիա չէ, ինչպես կարծում են մեր տեխնիկները: Մի հասարակ հարց տամ նրանց` իսկ ինչո՞ւ Պուտինը վարչապետ-մենեջեր չի նշանակում Ղարաբաղում, այլ հույսը դնում է Հայաստանի մենեջերի վրա, որ վերջինս համատեղի Հայաստանի եւ Ղարաբաղի մենեջերի պաշտոնները:



Մենք ամենեւին հակված չենք ժխտելու Ռուսաստանի ազդեցությունը մեզանում ընթացող քաղաքական գործընթացների վրա։ Բայցեւ չենք կարող ընդունել, որ Հայաստանում թիվ մեկ տոկոս խփողը Պուտինն է: Նաեւ անտրամաբանական է, որ նա իր նպատակին հասնելու համար Սահմանադրություն կփոխեր Հայաստանում, որպեսզի ավելի մեծ դժվարությունների հանդիպեր: Ինչպե՞ս կարելի է ավելի հեշտ իշխել մեկ այլ երկրի վրա` իրեն հավատարիմ նախագահո՞վ, թե՞ մենեջերով, որ ենթակա է օրենսդիր մարմնի որոշումներին: Եվ, որպեսզի չստացվի, որ Պուտինն այդքան բանը չի հասկանում, հայ քաղտեխնոլոգներն ասում են, որ Պուտինը կվերցնի նաեւ ՀՀ ԱԺ երկու երրորդը, որպեսզի փոխի Սահմանադրության նորմը եւ իջեցնի Կարեն Կարապետյանի` Հայաստանում բնակվելու 4 տարվա ցենզը` նրան դարձնելով Հայաստանի մշտական մենեջեր:



Ի՞նչ է նշանակում` վերցնել ԱԺ երկու երրորդը եւ, ընդ որում, դա անել այնպես, որ Արեւմուտքի աչքին բնական երեւա: Դրա համար Պուտինը պետք է ԱԺ երկու երրորդը բաժանի առնվազն 2 կուսակցության, բնականաբար՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ինչպես տեսնում եք, Պուտինի գործն էլ մի գործ չէ` հիմա էլ պետք է նստի` ցուցակ գրի, երեւի Մուկուչյանին էլ կանչի` համապատասխան հանձնարարություններ տա, թե ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից քանի մարդ անցկացնի խորհրդարան: Հուսանք, որ Պուտինը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն չի մտցնի եդինոռոսների շարքերը եւ մեզ չի զրկի նժդեհականներից ու նրանց ատրիբուտ հանդիսացող նժդեհիկներից` ԲՀԿ-ից:



Այսքանը՝ Պուտինի մասով: Իսկ ի՞նչ են ասում մեր տեխնոլոգները Թրամփի մասին: Թրամփը Հայաստանի պատճառով Պուտինի հետ գժտվողը չէ եւ կբավարարվի նաեւ ՀՀ ԱԺ-ում արեւմտամետների համար սիմվոլիկ, մի 20 տեղ ստանալով: Թրամփին, ի դեպ, այդքանն էլ պետք չէ, պարզապես Արեւմուտքի համար հաճելի կլինի: Սա է մերոնց մեկնաբանությունը: Իսկ թե ինչպես են այդ 20 տեղերը բաշխվելու մեր արեւմտամետների միջեւ, նրանք դժվարանում են ասել: Պետք է դաշինքներ կազմեն, միաձուլվեն, հաղթահարեն անձնական ամբիցիաները, այլապես ոչինչ անել չեն կարող: Այսինքն՝ մեր արեւմտամետները պետք է այնքան դուռակ լինեն, որ իրենց եղած-չեղածը տան` ԱԺ-ում սիմվոլիկ ներկայություն ունենալու համար: Հուսամ` Արեւմուտքը գոնե սրան չի համաձայնի, որովհետեւ լավ է ճանաչում հայ արեւմտամետներին, որոնք խորհրդարան մտնելու շատ այլ կարճ ու հեշտ ճանապարհներ գիտեն: Շատ չխորանալով` ասենք միայն, որ այդպիսի ճանապարհներով են խորհրդարանում հայտնվել կարկառուն արեւմտամետներ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, չի բացառվում` Նիկոլ Փաշինյանը, որը գոնե այնքանով է արեւմտամետ, որ չի սիրում ռուսամետ Լիսկային: Եթե Թրամփին ՀՀ ԱԺ-ում այսպիսի գանձ է պետք, ուրեմն թող Պուտինի հետ պայմանավորվի կամ էլ թողնի ինքնահոսի, որովհետեւ թե 20 եւ թե 7-8 տեղն է ԱԺ-ում սիմվոլիկ:
Հետաքրքիր է, թե ինչու, մեր տեխնոլոգների կարծիքով, ընդգծված ռուսամետ ՀԱԿ-ը համարյա չի կարող տեղ ունենալ ԱԺ-ում: Ստացվում է, որ Պուտինի համար բոլոր ռուսամետները հավասար են, իսկ ՀԱԿ-ը ոչ այնքան հավասա՞ր: Հայ տեխնոլոգներն այս հարցի պատասխանը չունեն:



Ամփոփեմ: Լսելով մեր քաղտեխնոլոգներին` կարելի է ասել, որ Պուտինն ու Թրամփն սկսել են ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավը. Պուտինը` որպես մեր քաղաքական դաշտի հնաբնակ, Թրամփը` որպես նորեկ: Հայ ժողովրդին ոչինչ չի մնում անելու, քան կողմնորոշվել նրանց արանքում: Բա որ հանկարծ Թրամփն այս անգամ էլ հաղթի՞… Չէ-հա, նրանք` Պուտինի հետ, արդեն բաժանել են մեր խորհրդարանի տեղերը…



ՀԳ. Եվ ովքե՞ր են այս դուրսպրծուկ քաղտեխնոլոգները: Ռուսաստանում կուտակված հայկական կապիտալն է գրոհում Հայաստանի վրա, եւ իշխանությունը վերցնելն է այդ կապիտալի հետագա գոյության միակ պայմանը, որ Մոսկվան դրել է հայ մեծահարուստների առաջ: Այլ խոսքով` Հայաստանի անկախության հարցը փորձում են լուծել հայկական կապիտալով, որն այդպես էլ չծառայեց (չթողեցին, որ ծառայի) Հայաստանին: Հարց` խեղճ ՀՀԿ, դու ունե՞ս այդ կապիտալին համահունչ ռեսուրս, որ դիմադրես քո կամքից անկախ այս իշխանափոխությանը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ