Մի ձեռքով կրճատում է կառույցները, մյուս ձեռքով՝ նոր կառույց է ստեղծում

Մի ձեռքով կրճատում է կառույցները, մյուս ձեռքով՝ նոր կառույց է ստեղծում

Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականները տվեց կառավարության անդամներին: Նա գլխավոր դատախազին հանձնարարեց ընդունել սեւազգեստ մայրերին՝ նշելով, որ իր աշխատակազմ են դիմել զոհված զինծառայողների բազմաթիվ հարազատների:



Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պետք է ներկայացնի արտաբյուջետային միջոցներին վերաբերող նախագիծ, որը ավելի թափանցիկ է դարձնելու դրանց ծախսումն ու բարձրացնելու է մարմինների հաշվետվողականությունը:



Վարչապետը հայտնեց, որ ստեղծվում է նոր կառույց՝ ռազմավարական նախաձեռնումների կենտրոն: Այն երկարաժամկետ և կարճաժամկետ հայեցակարգեր է մշակելու կառավարության համար, և այժմ բոլոր նախարարությունները պետք է հայեցակարգեր ներկայացնեն այս կենտրոնի մշակմանը: Մի կողմից՝ փաստորեն նոր կենտրոն է ստեղծվում, մյուս կողմից՝ ԾԻԳ-երի կրճատումներն են շարունակվում: Կարեն Կարապետյանը նշեց, որ ավելորդ կառույցների կրճատման նոր փուլ է սկսվում, որի շրջանակներում կրճատվելու են վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների մեծ մասը: Վրչապետը նշեց, որ ներկայումս կա 11 ԾԻԳ:



Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարվեց բանակցություններ վարել վարկային կազմակերպությունների հետ՝ բարձրացնել նրանց վստահությունը վարկային ծրագրերով աշխատող պետական մարմինների նկատմամբ: Պարզ չէ, թե այս կրճատումից տնտեսումը ինչքան է լինելու, քանի որ այդ կառույցները գործում էին վարկատու կազմակերպությունների միջոցներով, ոչ պետբյուջեի: