ԳԱԼԱ-ում տարաձայնություններ կան ընտրությունների մասով

ԳԱԼԱ-ում տարաձայնություններ կան ընտրությունների մասով

Գյումրու «ԳԱԼԱ» կուսակցությունում դեռ չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Կուսակցության վարչության կազմում երկու մտքի են, եւ անգամ տարաձայնություններ կան այս հարցում։



«Այս ընթացքում ԳԱԼԱ-ի վարչության կազմն ակտիվ քննարկումներ է իրականացնում, նաեւ մենք մեր ներսում ենք քննարկումներ իրականացնում, վարչության անդամների կարծիքն ենք ճշգրտում, որովհետեւ իսկապես կան տարաձայնություններ՝ փորձում ենք հասկանալ՝ արժե՞ ունենալ մասնակցություն, թե՞ ոչ։ Այս շրջանում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, եւ վերջնական որոշում դեռեւս չկա կայացված»,-մեզ հետ զրույցում երեկ հայտարարեց ԳԱԼԱ-ի մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանը։ Ի դեպ, կուսակցության ղեկավար Վահան Խաչատրյանը խոստացավ անձամբ հարցազրույց տալ ավելի ուշ, երբ հստակ որոշում կայացված կլինի։ Թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը, Ա․ Վարդանյանն ասաց, որ կան կուսակցության անդամներ, որոնք կարծում են, որ պետք չէ մասնակցել, ոմանք էլ կարծում են, որ պետք է։



- Կուսակցության հիմնական կազմը կամ առանցքային դեմքերը, այդ թվում՝ Վահան Խաչատրյանը, ո՞ր տարբերակին են ավելի շատ հակված՝ մասնակցությա՞ն, թե՞ հակառակը։



- Ես չեմ կարող ասել, որովհետեւ պարոն Խաչատրյանը կուսակցության ներկայացուցիչներից մեկն է, սակայն կա վարչության կազմ, եւ մեծամասնության կազմով է որոշում կայացվելու, այնպես որ, թե ինչ կարծիք ունի պարոն Խաչատրյանը, դա իր անձնական տեսակետն է։ Յուրաքանչյուրս ունենք մեր անձնական տեսակետը, բայց պետք է գանք ընդհանուր հայտարարի այս հարցում։



- Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ պետք չէ մասնակցել, ինչո՞վ են դա հիմնավորում։



- ՏԻՄ ընտրությունների արդյունքներով․․․ բայց շատ տարբեր են։ Իհարկե, հիմնական գործոնը ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են։



- Այսինքն, եթե Գյումրու ՏԻՄ ընտրություններում բարձր արդյունքներ գրանցած լինեիք, դա հիմք կհանդիսանա՞ր, որ ավելի վստահ առաջ շարժվեիք առաջիկա ընտրություններին։



- Դե, իհարկե, կարծում եմ՝ ինչ-որ բան այլ կլիներ։ Անկախ ամեն ինչից՝ մենք ավելի քան 4 հազար 500 ձայն ենք ստացել, եւ դա եւս էական նշանակություն ունեցող փաստ է։



- Իսկ մասնակցության պարագայում կա՞ պատկերացում՝ դաշինքո՞վ, թե՞ միանձնյա մասնակցել։



- Չէ, նախ որոշում ենք կայացնելու, թե ԳԱԼԱ-ն՝ որպես կուսակցություն, մասնակցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ այս ընտրություններին։ Եթե մեր կուսակցության վարչությունը որոշում կկայացնի մասնակցել ընտրություններին, կորոշվեն նաեւ մասնակցության ձեւաչափը եւ մնացյալ հարցերը։ Կարծում եմ՝ դեռեւս ժամանակ կա, եւ, ամեն դեպքում, այդ որոշումը երկար չի ձգվի։



- Իսկ այս ընթացքում այլ ուժերի հետ քննարկումներ կամ նրանց կողմից ինչ-որ առաջարկներ եղե՞լ են, օրինակ՝ միանաք իրենց, դաշինքով գնաք եւ այլն։



- Քննարկումներ, իհարկե, լինում են, բայց թերեւս չբացեմ փակագծերը։ Քննարկումներ եւ առաջարկներ կան, միայն կարող եմ դա ասել, մնացյալը երեւի կարճ ժամանակ հետո ԳԱԼԱ-ն հանդես կգա իր դիրքորոշմամբ եւ կհայտարարի՝ ինչ է որոշել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ