Սեյրան Օհանյանի բնակարանը պետք է ամենալավերից մեկը լինի

Սեյրան Օհանյանի բնակարանը պետք է ամենալավերից մեկը լինի

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով երկար դեգերումներից հետո հայտնվեց «Միասնական Արմենիա» շարժման մեջ եւ հայտարարել է Սեյրան Օհանյանին աջակցելու մասին, դեռ չգիտի, թե ով կգլխավորի Սեյրան Օհանյանի ձեւավորած դաշինքի ցուցակը, նախընտրական շտաբը եւ այլն։ Բայց կարծում է, որ Սեյրան Օհանյանը պետք է գլխավորի ցուցակը, որովհետեւ, ըստ նրա, իրենց մյուս դաշնակիցների մեջ Օհանյանն ամենահարմարն է՝ որպես լիդեր։ Նույնիսկ, եթե ինքը չի ցանկանում դառնալ պատգամավոր։ Ազատ Արշակյանի հետ մեր զրույցի առաջին մասը «նվիրված» էր Սեյրան Օհանյանի կերպարին, նրա անցած ուղուն, անցյալին եւ նրա հասցեին հնչող քննադատություններին։ Իսկ դրանք քիչ չեն․ նա իշխանության մաս է կազմել, 2008-ի մարտի 1-ին ակտիվ դերակատարում է ունեցել, եղել է պաշտպանության նախարար, եւ նրա օրոք բանակում բազմաթիվ անօրինականություններ են տեղի ունեցել՝ զինվորներ են զոհվել՝ ոչ միայն թշնամու գնդակից, բազմաթիվ չարաշահումներ են եղել՝ բանակի մատակարարման հետ կապված խնդիրներ, զինվորին վատորակ սնունդ է մատակարարվել, գոմեշի միս եւ այլն։ Եվ վերջապես․ ապրիլյան պատերազմում, որի ժամանակ մենք 100 զոհ եւ 800 հա տարածքի կորուստ ունեցանք, բացահայտվեց, որ սահմանը պատշաճ կահավորված չէ, որ մենք անգամ տարրական զենքի ու փամփուշտի խնդիր ունենք։ Սեյրան Օհանյանի անվան հետ է կապվում նաեւ թանկարժեք անշարք գույքը, այդ թվում՝ Վահագնի թաղամասում կառուցվող շքեղ ու բազմահարկ առանձնատունը եւ այսպես շարունակ։ Վերը թվարկվածը ներկայացնելով՝ հարցրինք պարոն Արշակյանին՝ այս ամենն իրենք ինչպե՞ս են մաքրելու, որ հնարավորինս անբիծ ներկայացնեն Սեյրան Օհանյանին եւ նրա հետ դաշնակցողներին։



«Մեղադրանքների զգալի մասը, ընդհանրապես, անհիմն են եւ չարամիտ զրպարտություններ են։ Օրինակ՝ իր մեղքի բաժինն ունեցվածքի հարցում կամ իր մեղքի բաժինը բանակում տեղի ունեցած դժբախտ պատահարների, զոհերի, կոռուպցիայի հարցում։ Ես կարծում եմ, որ այդտեղ իր բաժինը գերչափազանցված է։ Անշուշտ, որպես պաշտպանության նախարար, ինքը պատասխանատու է։ Եվ երբեւէ նա չի էլ հրաժարվել այդ պատասխանատվությունից»,-նշեց Արշակյանը։



- Իսկ ե՞րբ է կրել այդ պատասխանատվությունը։



- Չէ, այդ պատասխանատվությունը քրեական չէ, բարոյական չէ։ Բայց նա պատասխանատու է նաեւ, որպես Հայաստանի քաղաքացի, Հայաստանի տնտեսության, սոցիալական այս վիճակի համար։ Որպես պաշտոնյա, որպես պաշտպանության նախարարության գերատեսչության պատասխանատու՝ իհարկե, ինքը դրա համար պատասխանատու է։ Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ դա հատուկ պայմաններում գործող գերատեսչություն է։ Այսինքն՝ ադրենալինով լի բազմահազար արական սեռի զինված մարդիկ ամեն օր շփվում են իրար հետ, եւ առաջանում են լուրջ պրոբլեմներ։ Ուզում եմ ասել, որ եթե պաշտպանության նախարարը լիներ ամենապատասխանատու, ամենամարդասեր մարդը, միեւնույն է, որոշ դժբախտություններ, չեպեներ անպայման լինում են ամեն տեղ, բոլոր բանակներում։



- Խոսքը միայն դժբախտ պատահարների մասին չէ, այլ հանցագործությունների մի ամբողջ շարք կարելի է թվարկել, որոնցից ինքը տեղյակ է եղել։



- Այո, Դուք թվարկեցիք դրանք։ Ես ասում եմ, որ հայկական բանակը ձեւավորման մեջ է դեռ։ Այսինքն՝ յուրաքանչյուր նախարար մի քիչ լավացնում է։ Մենք պետք է սկսենք նրանից, որ մեր բանակը նորաստեղծ է, պատանի է, նորաթուխ է։ Դեռեւս Հայաստանի Հանրապետության առաջին կուրսանտը չի դարձել գեներալ։ Մեր բանակը դեռ չկայացած է, այսինքն՝ կան բազմաթիվ խնդիրներ, որ ամեն անգամ նորն են առաջանում։ Բայց անձնական պատասխանատվության, անձնական անփութության, անգործության կամ չարագործության որեւէ դրվագ կամ որեւէ էպիզոդ՝ կոնկրետ Սեյրան Օհանյանի վերաբերյալ, մենք չունենք։ Ձեր հարցի տակ ես կարող եմ ստորագրել, որովհետեւ դա օբյեկտիվ հարց է, մեր բանակի մասին է։ Բայց կա նաեւ մի բան՝ դա մեր պետությունը մերժողների արգումենտներն են նաեւ։ Օրինակ՝ ասում են, որ ձեզ մոտ այսքան զոհ է եղել, ու չեն համեմատում այլ բանակների հետ, նման կարգավիճակն ունեցող բանակների հետ։ Այստեղ ե՛ւ զինվորների, ե՛ւ հրամանատար կազմի վերաբերյալ մենք գերազանցիկի գնահատական ստացել ենք աշխարհի կողմից։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ն եւ չարաբաստիկ ՀԱՊԿ-ն մեզ արդեն գերազանցիկի դիպլոմը տվել են։ Ինձ համար ելակետը դա է։



- Ձեր թիմակից Արթուր Ալեքսանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը տուն չունի, բնակվում է վարձով Վահագնի թաղամասում։ Մի կողմ թողնենք Վահագնի թաղամասում անգամ վարձով բնակվելու հնարավորությունների հարցը։ Բայց այդ հոդվածից հետո բոլորը քննադատեցին թե՛ մեզ, թե՛ Ալեքսանյանին, թե բացահայտ ստեր եք հրապարակում, բոլորը գիտեն, որ Օհանյանը շքեղ առանձնատուն է կառուցում Վահագնի թաղամասում, իսկ դուք հիմարի տեղ եք դրել մեզ։



- Ես գիտե՞ք ինչ մոտեցում ունեմ եւ դա բազմիցս եմ ասել նաեւ մամուլով եւ հեռուստատեսությամբ, որ չափազանց վատ է հայկական բանակի զինվորականի նկատմամբ մեր հասարակության սոցիալ-տնտեսական ընկալումը։ Զինվորականը մարդ է, որն անձնազոհության է գնում, եւ ես կարծում եմ, որ շատ լավը պետք է լինի նրա հագուստը, հանդերձանքը, սնունդը, սոցիալական ծառայությունը, նպաստները։ Հիմա Սեյրան Օհանյանը, եթե չունի բնակարան, դա խայտառակություն է, նրա բնակարանը պետք է ամենալավերից մեկը լինի, նա պետք է ապահովված լինի։



- Իսկ քանի՞-քանի ազատամարտիկներ, հերոսներ ունենք, որոնք ծայրահեղ ծանր ու անապահով պայմաններում են գոյատեւում։



- Նրանք անտեսված են, նրանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն լինի, նրանք պետք է ապահովված լինեն։



- Հասարակության բողոքը հենց այդտեղ է, որ Սեյրան Օհանյանը եւ այլ գեներալներ գուցե հենց այդ ազատամարտիկների հաշվին ձեռք են բերել շքեղ դղյակներ, ապրում են ոչ աշխատավարձի հաշվին ու հաշվարկով։



- Նախ Սեյրան Օհանյանն ասում է՝ չունեմ ձեր նշած բնակարանը, մարդն ասում է՝ իմը չէ։ Էն, ինչ նկարում ցույց են տալիս, դրա սեփականատերն էլ է ասել, որ «դա իմն է, սեփականատերը ես եմ, Սեյրան Օհանյանը չէ»։ Ես դրանից տեղյակ եմ։ Եվ հիմա ինքն իսկապես վարձով է ապրում։ Բայց ես կարծում եմ, որ սխալ է նրան քննադատել լավ ապրելու համար։ Այ, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հայկական բանակի շարքայինները պետք է սոցիալապես նպաստառու չլինեն։ Նրանք պետք է ամենալավ վարձատրվողն ու ապահովվածը լինեն։ Ես Ձեզ հետ համաձայն եմ՝ մեր բիզնեսմենների վիլլաները հարկավոր է աճուրդի հանել։



- Գեներա՞լ բիզնեսմենների։



- Ոչ միայն գեներալ։ Կարող է գեներալ լինել, կարող է եֆրեյտոր էլ լինել, կարող է բժիշկ լինի, կարող է եւ արհեստավոր լինի։ Ով ուզում է՝ լինի։ Եթե հայկական բանակի վետերաններն անապահով են, ուրեմն վաճառել ապահովների ունեցվածքը եւ նրանց ապահովել։



- Իսկ այն գեներալները, որոնք հայկական բանակի հաշվին, զինվորի հացը գողանալով են հարստացել։



- Ուրեմն նրանք, ովքեր գողություն են արել, չարաշահել են իրենց պաշտոնը, պատժել օրենքով սահմանված կարգով։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ