ԱՄՆ դեսպանն ուզում է ընտրությունների ժամանակ Հայաստանում լինել

ԱՄՆ դեսպանն ուզում է ընտրությունների ժամանակ Հայաստանում լինել

Երեկ ՆՓԱԿ-ում կայացած «BridgingStories» (Կամրջող պատմություններ) հայ եւ թուրք լուսանկարիչների համատեղ ցուցահանդեսին ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, նշեց, որ հենց այս ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչքան ընդհանրություններ կան 2 ժողովուրդների միջեւ. «Այդ ընկալումը կարող է հանգեցնել հաշտեցման, որը մենք ցանկանում ենք տեսնել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ։ Եվ մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար նաեւ անհրաժեշտ է, որ լինի ամբողջական, լիարժեք ճանաչում 100 տարի առաջ՝ 1915թ․-ին տեղի ունեցած իրադարձությունների մասով։ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցում լինի, դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից, դա այն է, ինչ կբերի խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում»։ 



ԱՄՆ դեսպանը նաեւ նկատեց, որ նորընտիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայ-թուրքական հարաբերություններին որեւէ անդրադարձ չի կատարել, եւ առայժմ վաղ է ասել, թե ինչպիսին կլինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հայ-թուրքական հարցի։



Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Թրամփը դեսպաններին հետ է կանչում, Ռիչարդ Միլսը նշեց, որ, որպես դեսպանի, ցանկացած պահի իրեն կարող են ասել, որ լիազորությունները պետք է վայր դնի, բայց այս անգամ նման պահանջ չի եղել։ «Իմ պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որեւէ հրահանգ չկա, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետեւ լինել այստեղ ԱՄՆ դեսպան լինելը, լավագույն գործն է աշխարհում, բայց խնդրում եմ այդ մասին այստեղ-այնտեղ չասեք,-կատակեց նա՝ իր խոսքը եզրափակելով այսպես։- Միաժամանակ ուզում եմ նաեւ այստեղ լինել Հայաստանի ընտրությունների ժամանակ, որը կկայանա ապրիլին»։