Շուն բռնող էլ դարձանք. մեր հրապարակումից հետո (լուսանկարներ)

Շուն բռնող էլ դարձանք. մեր հրապարակումից հետո (լուսանկարներ)

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարծքների բնակիչների արդարացի բողոքին, որ այգում թափառող շների ոհմակներն իսկական սպառնալիքի են վերածվել: Քաղաքացիները նշում էին, որ մանավանդ ձմռան օրերին քաղցած կենդանիները առավել ագրեսիվ են դարձել և հարձակվում են ամեն ինչի վրա, որ շարժվում է: Այգի մտնել չի լինում, պատահում է` ոհմակով հարձակվում են նաև այգին եզրափակող մայթերով քայլող միայնակ անցորդների ու երեխաների վրա:



Այդ կապակցությամբ մենք զանգահարել էինք թափառող շների հավաքման հարցերով զբաղվող «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ, որտեղից տնօրեն Գագիկ Գևորգյանը մեզ հավատացրել էր, որ իրենց աշխատակիցները պարբերաբար այցելում են այգի և փորձում կարգավորել խնդիրը: Մեր պնդմանը, թե հարցը չի լուծվում, և պակասելու փոխարեն շներն ավել են շատանում, պարոն Գևորգյանը առաջարկեց անձամբ գալ այգի և համոզվել, որ այնքան էլ հեշտ չէ շներին բռնելը: Չհրաժարվեցինք:



Մեր զրույցի հաջորդ օրն իսկ «Յունիգրաֆ Իքս»-ի աշխատակիցները զանգահարեցին և հրավիրեցին «որսատեղ»` շներին բռնելու: Տեղում էր նաև ոչ որսորդական հագուկապով մի երիտասարդ, ով շատ լուրջ ներկայացավ` «ես քաղաքապետարանից եմ»: Լավ է, մտածեցի, քաղաքապետարանում էլ են անհանգստացել մեր հրապարակումից:



«Որսատեղում» (լճի շրջակայք) ամայություն էր: Բարեկամս, որ նաև այդ տարածքի բնակիչ է, կատակեց` շներն էլ են կարդացել հոդվածդ: Որսորդները գործի անցան: Նրանցից մեկը մի քիչ հեռացավ մեր խմբից և, իբր պատրաստվում է կերակրել, ձեռքի տոպրակից մի քանի ոսկոր շաղ տվեց ձյան վրա և սուլոցներով սկսեց հրավիրել շներին: Քիչ անց երևաց ոհմակի սևուկ առաջնորդը, ապա մյուսները` տարբեր գույնի ու չափի մի 10-15 շուն: Ասես հրահանգով` նրանք պտտվում էին մեր շուրջը` պահպանելով պատշաճ հեռավորություն:



Որսորդների արսենալը հարուստ չէր: Նրանք ձեռքներին 1.5-2 մետրանոց ալյումինե խողովակներ ունեին` ծայրին օղապարան, որ պետք է գցեին շան վզին ու այդպես բռնեին: Բայց դրա համար դեռ պետք էր շանը մոտենալ 1.5-2 մետր, ինչն անհնար էր ձյան և Սևուկի առաջնորդության պայմաններում:



- Լրիվ վայրի են,- ասաց որսորդներից մեկը,- մոտ չեն գալիս խայծին:



- Գուցե ձողերից են վախենում,- հարցրեցի նրան:



- Առաջին անգամը չէ, միշտ էլ այդպես ենք բռնում,- ասաց նա,- սրանք շատ լավ կազմավորված կենդանիներ են, քաղցած էլ չեն երևում և զգույշ են: Նայիր այն մեկին, տես` ինչպես է ձյունը ճեղքում: Դա սոված շուն չէ:



Հետապնդելու մի քանի անհաջող փորձից հետո ծառերի մեջ ցրված որսորդները հավաքվեցին «խորհրդի»:



-Միակ ելքը` քնեցնելն է: Գիշերը կգանք,- եղավ որոշումը:



Մոտ մեկ ժամ տևած «որսն» այդքանով ավարտվեց: Հաղթանակած ոհմակը մեր ավտոմեքենաները ուղեկցեց մինչև այգու ելքը: Հենց այգու ելքին, սակայն, առջևից ընթացող ֆուրգոնը կտրուկ արգելակեց: Մեքենայից հապճեպ դուրս թռած երեք որսորդի հաջողվեց շուրջկալել և բռնել շներից մեկին: Այդ հաջողությունը սակայն, չոգևորեց մյուս որսորդներին: Որոշումը մնաց անփոփոխ` գիշերը կգանք, կքնեցնենք:



Հաջորդ օրը կրկին զանգ բնակչից` օգնեք, թե կարող եք: Պատասխանում ենք` խնդրին տեղյակ են նաև քաղաքապետարանում: Եկել, տեսել ենք մեր աչքով: Մեզ խոստացան գիշերը գալ և քնեցնել շներին:  Երևի այս գիշեր կգան: Համբերեք, զգույշ եղեք, երեխաներին փողոց մի թողեք:



Այս ողջ պատմության մեջ մեզ զարմանալի է թվում շների և կատուների բարեկամ կազմակերպությունների քար լռությունը: Նրանք, որ լավ եղանակներին ցույց ու միտինգ են անում քաղաքապետարանի առջև, պահանջում չնեղացնել իրենց բարեկամներին, դժվար թե տեղյակ չլինեն, թե ինչ է կատարվում «Հաղթանակի» զբոսայգում: Հիմա, երբ խնդիրն առկա է, իսկ դրսում ձմեռ, անուշ քուն են մտել: Կենդանիների հարգելի բարեկամներ, գուցե դո՞ւք օգնեք:



Էդիկ Անդրեասյան